Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր ժողովն անցկացվեց ապրիլի 30-ին։ Հրավիրված էին ԱԺ նախագահը, վարչապետը, Պաշտպանության նախարարը, հյուրեր Մոսկվայից եւ Երեւանից։
Ժողովին մասնակցում էին ինչպես նախաձեռնող խմբի անդամները, այնպես էլ հանրապետության 4 շրջանների՝ Մարտունու, Շուշիի, Ասկերանի եւ Շահումյանի սկզբնական կուսկազմակերպությունների ներկայացուցիչները։
Լսվեց նախաձեռնող խմբի ղեկավար, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արկադի Սողոմոնյանի զեկույցը։ Ներկայացնելով ԱրՍԴԿ ծրագիրը, նա նշեց, որ գաղափարախոսական հիմք է ընդունվել դեմոկրատական սոցիալիզմի տեսությունը։ Կուսակցությունը կպայքարի պատմական Արցախի հողում հզոր պետության ձեւավորման համար, վերջինիս պատմական առաքելությունը պետք է լինի 1988-94 թթ. ազգային-ազատագրական պայքարում ձեռք բերած նվաճումների պաշտպանությունը, արտաքին թշնամիների ոտնձգություններից՝ երկիրը պաշտպանելու նպատակով, բանակի մարտունակության ամրապնդումը։ Ծրագրային հիմնադրույթներից առավել ուշագրավը, թերեւս, այն է, որ սոցիալ-դեմոկրատները պատրաստակամություն հայտնեցին իշխանություններին ներկայացնել ԼՂՀ հիմնական օրենքի իրենց տարբերակը։ Կուսակցությունը գերակա նպատակներ է հայտարարում սոցիալական արդարությունը, ԼՂՀ բանակի ժամանակակից տեխնիկայով հագեցումը։ Կարեւոր նշանակություն է տալիս կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի եւ երիտասարդության հիմնահարցերին։
Ընտրությունների արդյունքում ԱրՍԴԿ նախագահ ընտրվեց Արկադի Սողոմոնյանը։ Ժողովում հաստատվեցին կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը։
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ
Ստեփանակերտ