Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահ Հերոյանի «խալյավան»

Մայիս 04,1999 00:00
Albert Heroyan

Կոնյակի գործարանը կորցնելուց հետո երկրապահ Ալբերտ Հերոյանը ձեռք բերեց Արմավիրի մարզը։ Եթե կոնյակի գործարանում տարիներով խնամքով հավաքված կոնյակ կար, ապա մարզում՝ ընդամենը խղճուկ բյուջե։ Խնդիրը Ալբերտ Հերոյանը շատ բարդ դրեց։

Ի տարբերություն այլ իշխանավորների, որոնց նպատակը այդ բյուջեն առավելագույնս անձնականացնելն է, Ալբերտ Հերոյանը որոշեց նաեւ ժողովրդականություն (պոպուլիզմ) խաղալ։ Ինչ-որ պահի դա նրան հաջողվեց։ Նա ընդունում էր բոլոր քաղաքացիներին, խոստանում լուծել նրանց խնդիրները։ Սակայն որքան մեծ է լինում հույսը, նույնչափ մեծ է լինում նաեւ հուսախաբությունը։ Այսօր Արմավիրում չկա մեկը, որն առնչված չլինի մարզպետի հետ եւ անեծքով չհիշի իրենց հանդիպման օրը։ Բազմաթիվ պաշտոնյաներ ուղղակի դուրս են եկել աշխատանքից նրա հետ աշխատելու տհաճությունը չունենալու համար։ Մարզպետարանի բյուջեն սեփականացնելով, նա մյուսներին ստիպում է սեփական գրպանից գումարներ ծախսել պաշտոնը պահելու համար։ Այսպես. անհրաժեշտ է, որ ժողովուրդը մեկնի Սարդարապատ՝ պետք են ավտոբուսներ, պետք է բենզին։ Մարզպետն ապահովում է ժողովրդի անվճար տեղափոխությունը, սակայն պարտադրում է, որ այդ գումարը վճարի մարզպետարանի տրանսպորտի վարչության պետը՝ սեփական գրպանից։ Այլապես կզրկվի աշխատանքից։ «Որպեսզի հերթը տանս չհասնի, դուրս եմ գալու»,- մի օր ասել է այս բաժնի պետը եւ դիմում գրել։

Ապրիլի 30-ին Արմավիրում տեղի է ունեցել եւս մեկ զավեշտալի պատմություն։ Երկրապահ մարզպետ Ալբերտ Հերոյանը դեռեւս չորս ամիս առաջ պայմանագիր է կնքում քաղաքապետարանի մշակույթի բաժնի ավագ մասնագետ Սուրեն Ալավերդյանի հետ՝ մարզպետարանի ցուցակները պատրաստելու համար։ Սուրեն Ալավերդյանը բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը՝ գեղեցկացնելով մարզպետարանի միջանցքներն ու սպասում, թե երբ պետք է իրեն վճարվի հասանելիք 180 հազար դրամը։ Ինչպես հասկանում եք՝ շատ իզուր։ Երկրապահ Ալբերտ Հերոյանն անընդհատ առաջարկում է սպասել, իսկ ապրիլի 30-ին ասում է, որ Սուրեն Ալավերդյանը իզուր է դիմում իրեն, ինքը մտադիր էլ չէ այդ գումարը վճարել։ Դե, խեղճ աշխատակից, համարձակվում է զայրանալ եւ, մարզպետի սենյակից դուրս գալուց հետո, պոկել իր իսկ պատրաստած ցուցանակներից մեկը։ Երկրապահ Ալբերտ Հերոյանը Արմավիր է եկել կարգ ու կանոն հաստատելու համար եւ չէր կարող հանդուրժել նման խուլիգանությունը։ Հաջորդ պահին Սուրեն Ալավերդյանը ձերբակալվում եւ տեղափոխվում է քաղաքային ոստիկանություն։ Սուրենի կիսատ գործը շարունակում է կինը՝ Նելլին, պոկելով մնացած ցուցանակները։ Սակայն նրան չեն ձերբակալում։ Մայիսի 1-ին տեղի է ունենում դատավարություն, եւ դատավորը որոշում է կայացնում. Սուրեն Ալավերդյանին տալ «15 սուտկա»։ Կիրակի օրը Սուրենի առողջությունը վատանում է, եւ նրան տեղափոխում են քաղաքային հիվանդանոց։

Արմավիրում երկրապահ մարզպետ Ալբերտ Հերոյանից «քցվածներ» շատ կան։ Եվ Սուրենը իր օրինակով ցույց տվեց, որ ապստամբելու ճանապարհը տանում է դեպի ոստիկանություն։ Երկրապահ մարզպետից քցվածներից մեկը, որին պատվիրել է կազմել Արմավիրի մարզի 3 տարվա բյուջեի մուտքերն ու ծախսերը, այժմ որոշել է դիմել դատարան։ Երեւի նա պայմանագրով նշված 100 հազար դրամը չէր մտցրել այդ ծախսերի մեջ։

Շատ տարօրինակ մարդիկ են այս շարքային քաղաքացիները, ուրեմն ինքը՝ երկրապահ Ալբերտ Հերոյանը, թողել է Երեւանը, կոնյակի գործարանը, եկել է Արմավիր, ուզում է երկիր կառուցի, մարզ շենացնի, գյուղացու հոգսը թեթեւացնի, գործազուրկին աշխատանքով ապահովի, եւ այդ ամենը՝ իր նյարդերի եւ առողջության հաշվին, չեն հասկանում։ Մանր են, էլի, մարդիկ, շատ մանր, ամեն մեկն իր կողմն է քաշում, իր անձի մասին մտածում։ Մինչեւ ե՞րբ բոլորի փոխարեն Ալբերտ Հերոյանը մտածի, աշխատի, աշխատավարձն էլ երեւի «Հայաստան» համահայկական հիմնադրամին տա։ Նրանք էլ են իր նման կառուցող…

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31