Այս տարվա փետրվարի վերջից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մշտական ներկայություն ունի նաեւ Հայաստանի ազգային ժողովը, ի դեմս խորհրդարանի արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանի։
Նրա խոսքերով. «Հայաստանի խորհրդարանի համագործակցությունը Եվրախորհրդի եւ նրա խորհրդարանական վեհաժողովի հետ իրականացվում է մեր երկրի՝ Եվրախորհրդին անդամագրվելու կոնտեքստում», որի քաղաքական եւ իրավական հարցերի հանձնաժողովներում նախապատրաստվում են Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու զեկույցները։
Իր ներկայությունը Եվրախորհրդում Շմավոն Շահբազյանը բացատրում է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության ձգտմամբ՝ Ստրասբուրգում ունենալ լուրջ ներկայություն, որի միջոցով եւ իրականացնել սեփական քաղաքական նախաձեռնությունները։ Այդ շրջանակում են տեղավորվում Հարավկովկասյան երեք հանրապետությունների (Եվրախորհրդում այդպես են անվանում մեր տարածաշրջանը) խորհրդարանների սպիկերների հանդիպումը, կազմակերպված սեմինարները, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման պատշաճ նախապատրաստումը, որպեսզի ճիշտ տեղեկատվության հիմքի վրա օբյեկտիվ եզրակացություններ կատարվեն մեզանում տեղի ունենալիք ընտրությունների մասին։
-Շատ կարեւոր է,- շեշտադրեց Շմավոն Շահբազյանը,- որ Եվրախորհրդում, իբրեւ 40 երկրների քաղաքական ակումբի, Հայաստանը նորմալ իմիջ ունենա։
Կարդացեք նաև
Այս շրջանակում, նաեւ Երեւանում, կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված Եվրախորհրդի հիմնադրման 50-ամյակին։
Շմավոն Շահբազյանի հետ մի փոքր ավելի մանրամասնեցինք Եվրախորհրդի որոշակի գործընթացների եւ հայաստանյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների համակապակցվածության հարցը։ Հայաստանցի պաշտոնյան նշեց, որ Եվրախորհրդի բոլոր առաջին դեմքերն էլ իր հետ զրույցներում շեշտադրում են ընտրությունների կարեւորությունը Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամ դառնալու ճանապարհին։ «Եվրախորհուրդն ունի 41 անդամ երկիր, որոնցից ընդամենը 2-3-ն են խնդիրներ ունենում ընտրությունների հողի վրա։ Էթիկան պահանջում է, չտալ նրանց անունները, բայց ընտրություններից հետո նրանց մյուսները սկսում են հարցնել», թե արդյո՞ք ընտրությունները նորմալ ընթացք ունեցան, արդյո՞ք, իրապես արտացոլում են ժողովրդի կամքը եւ այլն։ Եվրախորհրդի անդամ 37-38 երկրներում ընտրական հողի վրա պրոբլեմներ չեն առաջանում, ուստի Հայաստանը պետք է ձգտի լինել նրանց շարքում եւ ոչ թե մյուս 2-3-ի մեջ։
Շմավոն Շահբազյանը մեկ շեշտադրում էլ կատարեց՝ Եվրախորհրդի անդամ դառնալը, ինքնանպատակ չպիտի լինի։ Իհարկե, «դա կարող է նաեւ իբրեւ գնահատանք, գնահատություն ընկալվել՝ եվրոպական գործընթացներում ինտեգրվելու, եվրոպական ընտանիքին անդամակցելու, եւ ինչ-որ տեղ էլ ինքնաբավարարվածության առումով», սակայն, դա նախեւառաջ միջոց է երկրում ժողովրդավարական համակարգը զարգացնելու եւ ամրապնդելու համար։ «Թող բարձրագոչ չհնչի, բայց Եվրախորհուրդն այն կազմակերպությունն է, որը կարող է ծառայել իբրեւ միջանցք, որպեսզի հետագայում Հայաստանը դառնա Եվրամիության անդամ»։
Չէ որ 20-30 տարի առաջ Եվրախորհրդում էլի կային երկրներ, որոնց մտքով անգամ չէր անցնի, թե 2 տասնամյակ անց իրենք կդառնան Եվրամիության անդամ։
Շմավոն Շահբազյանը մեր զրույցի ընթացքում հարկ համարեց կատարել եւս մեկ կարեւոր ընդգծում «Եվրախորհրդին անդամ դառնալը դեռ ոչինչ չի նշանակում։ Այն կարող է ինչպես դրական գործընթացների հող գոյացնել, այնպես էլ բացասական վեկտորների միջավայր ստեղծել»։ Ամեն ինչ կախված է նրանից, թե լինելով Եվրախորհրդի անդամ, Հայաստանն ինչպես կաշխատի այդ կազմակերպությունում, ինչպիսին կլինի համագործակցության աստիճանը նրա հետ, ուստիեւ արդյունքներն էլ կհատկանշվեն հենց դրանցով։
Իբրեւ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ արդեն, Շմավոն Շահբազյանն անդրադարձավ եւս մեկ կարեւոր հարցի. արտաքին քաղաքականության հարցում գոնե, շատ կարեւոր է, որ ապահովվի խորհրդարանական աշխատանքի շարունակականությունը։ Ամեն ինչ նորից զրոյից սկսելու պրակտիկայից հարկավոր է խուսափել։ Կարեւոր է, թե ովքեր կընտրվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում, քանի որ, հայտնի բան է, պառլամենտական դիվանագիտությունը շատ մեծ հնարավորություններ է ընձեռում երկրի շահերը արտաքին բեմերում ներկայացնելու առումով։ Կարող են շրջանառության մեջ դրվել գաղափարներ, որոնք արտգործնախարարության անունից ներկայացնելը ձեռնտու չէ։
Այս առումով շատ կարեւոր է, որ խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների ղեկավարները նախապես իմանան, թե իրենց ցուցակի, որ համարը ԱԺ-ում ինչով պիտի զբաղվի։
Իսկ ընդհանրապես, Շմավոն Շահբազյանի տպավորությամբ, Ստրասբուրգում նկատի առնելով մեզանում ձեւավորվող նախընտրական դաշինքների գոյացման հանգամանքը, մտայնություն է առարկայանում, թե Հայաստանը կանգնած է իրական բազմակուսակցական համակարգի կազմավորման գործընթացի առջեւ։
Դա շատ կարեւոր է, որովհետեւ կարող է օժանդակ ազդեցություն ունենալ եվրոպական կառույցների մեջ ինտեգրվելու առումով, մանավանդ, որ մեր տարածաշրջանում արդեն միսուարյուն է առնում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ինտեգրացիոն շրջանակը։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ