Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխանցիկ ծաղկեփունջ

Մայիս 04,1999 00:00
mankavarjakan

Երեկ Երեւանի մանկավարժական ինստիտուտի շենքում Հյուսիսային համալսարանի ուսանողների հետ հանդիպեցին ԱԺ պատգամավորության թեկնածուներ, ԱԺՄ վարչության անդամներ Արշակ Սադոյանը եւ Սեյրան Ավագյանը։

Նրանց հետ միասին իր բուհի ուսանողներին հանդիպեց Հյուսիսային համալսարանի ռեկտոր, դարձյալ ԱԺ պատգամավորության թեկնածու Բորիս Մակիչյանը։

Դահլիճում բավականաչափ ուսանողներ էին հավաքվել (հիմնականում՝ աղջիկներ)։ Ամբիոնում բոլորը տեղավորվել էին, իսկ պրն Սադոյանն ուշանում էր։ Հետո, երբ նա եկավ, աղջիկներն ուրախացած ծափահարում էին «ո՜ւխ, եկավ» բացականչություններով։ Առաջինը խոսեց ռեկտոր Մակիչյանը։ «Այս տարիքում, այս մակարդակին հասնելուց հետո փորձել դառնալ պատգամավոր, մրցակցել 13 հոգու հետ», ըստ պրն ռեկտորի, կարելի է միայն այն նպատակով, որ ժողովուրդը չընտրի իշխանական ու ֆինանսական լծակներին տիրապետող թեկնածուներ։ Ելույթից հետո ռեկտորին ծաղկեփունջ տվեցին, որը նա անմիջապես «փոխանցեց» Արշակ Սադոյանին։ Այնուհետեւ խոսեց Ս. Ավագյանը։ «Ես ձեզ բոլորիդ ճանաչում եմ, մեր տանն էլ ձեր պես մեկը կա»,- հայտարարեց նա։ Դիմացի շարքում նստած մի աղջկա անմիջապես հետաքրքրեց. «Եթե տղա է, քանի՞ տարեկան է» հարցը։

Պրն Ավագյանն ամբիոնից հավաստիացրեց, որ «մեր երկիրն առնվազն 10 հազար քաղաքական գործչի կարիք ունի»։ Դատելով այս մտքից ԱԺՄ-ն հանրապետության տնտեսությունը վերականգնելու լուրջ մտադրություն ունի։ Չաշխատող տնտեսության պարագայում հասարակությունն իրեն չի կարող թույլ տալ 10 հազար պոլիտիկոս պահելու շռայլությունը։ (Անխիղճները կարգին էլ աշխատավարձ են ստանում)։ Ելույթը ստացվեց՝ մասամբ լսում էին։

Հետո խոսեց Արշակ Սադոյանը։ Սկսեց ցածրաձայն։ Կամաց-կամաց սկսեցին լսել։ Նա խոսեց տաք, խոսեց իր նման։ Ասեց այն, ինչ միշտ ասում է։ Ասեց այն, ինչ ժողովուրդը սպասում է, որ իր փոխարեն կասի մեր Արշակը։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31