Ենթադրելի է, որ մինչեւ Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադարձը ՀՀՇ-ն պիտի փորձած լիներ երաշխիքներ ստանալ, որ արդեն եռակի անձեռնմխելիություն ունեցող իրենց նախագահը չի բանտարկվի։
Համազգային խորոված այս անգամ չստացվեց
ՀՀՇ-ում անգամ տոնական խնջույքի էին պատրաստվել։ Ինչ-որ պահի հայտնվելով վարչության շենքում տեսանք՝ այնքան լավաշ էին բերել, որ մի հարսանիքի կհերիքեր։ Դեպի «Զվարթնոց» օդանավակայան ուղեւորվող շարասյունն իրոք այդպիսի տոնակատարության տպավորություն էր թողնում։ Շարասյունը գլխավորում էր Վանոյի «Grand Cherokee»-ն, լրագրողների միկրոավտոբուսից օպերատորներից մեկը ճանապարհն էր նկարում՝ ինչպես հարսանիք նկարողներն են սովորաբար անում։ ՀՀՇ գործիչները մի տեսակ տոնական տեսք ունեին։ Ռուզան Տոնոյանի համար մի մե՜ծ ծաղկեփունջ էր պատրաստված, Խաչատուր Սիրադեղյանին Արարատ Զուրաբյանի փոքրիկ դուստրը մի մե՜ծ «Լեգո» էր պատրաստվում նվիրել։
Անհանգստության առաջին նշանները
Կարդացեք նաև
Մեկ էլ ասացին, թե ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել օդանավակայանի պատգամավորական սրահ։ Աշխատակցուհիներից մեկը բացատրում էր, որ անգամ իրենց թույլ չեն տվել օդանավին մոտենալ։ Նախապես տեղյակ են եղել, թե ում գալուստն է սպասվում եւ արտոնել են, որ լրագրողները հասնեն մինչեւ ինքնաթիռ։ Մեկ ժամ անց հրահանգը փոխվել է։ Ասվում էր, թե հրահանգը տվել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Իսահակ Սեյրանյանը։
Հետո հայտնի դարձավ, որ Սոֆիա-Երեւան 15.30-ին վայրէջք կատարած ինքնաթիռը չգիտես ինչու հայտնվել էր բեռնատար հատվածում եւ այնտեղ մնացել շուրջ 20 րոպե։
Մկանունքի ցուցադրություն
Վանո Սիրադեղյանի եւ նրա ընտանիքի հետ էին եղել այդ նույն ինքնաթիռով առավոտյան Սոֆիա մեկնած ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը եւ Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սեւդա Սեւանը։ Վերջինս արցունքակալած աչքերով, խիստ հուզված էր եւ հրաժարվեց հարցազրույցից։ Իսկ պրն Հայոցյանն ավելի ուշ պատմեց. «Մոտ կես ժամ շարժասանդուղքը չէին մոտեցնում։ Երբ մոտեցրին՝ նախ ես իջա երեխայի հետ։ Տարօրինակ էր, եւ անգամ ուղեկցորդուհին զարմացավ, թե այդ ինչ լռություն է օդանավակայանում։ Հետո Վանո Սիրադեղյանը դուրս եկավ եւ այ այս մեքենայից (պրն Հայոցյանը ցույց տվեց դատախազության դիմաց կանգնած AM 069SS02 համարանիշով մուգ կապույտ գույնի «Ժիգուլին»- Ա. Ի.) դուրս եկան երկու զինվորներ եւ քաղաքացիական հագուստով մի անձնավորություն։ Մոտեցան նրան եւ ասացին, թե մի երկու թուղթ կա ստորագրելու։ Ես ուզեցի հետը գնալ՝ Վանոն ասաց, թե «Կարիք չկա, երեխու հետ գնացեք՝ ես հիմա գալիս եմ»։
Վահագն Հայոցյանը նաեւ վկայեց, որ Վանո Սիրադեղյանի առողջական վիճակը հիմա բարվոք է. «Իրոք հանգստացել էր, շատ լավ տրամադրություն ուներ։ Տեսքը տեղն էր»։ Ասաց, թե ինքնաթիռի մեջ առավել քաղաքականությունից էին խոսում, քանզի այս երեք ամսվա ընթացքում բավական կտրվել էր այստեղի կյանքից։ Իսկ մեր այն հարցին, թե ասում էին, որ Սիրադեղյանը Դուբայում է կամ Փարիզում, ինչպե՞ս եղավ, որ Սոֆիայից վերադարձավ, պատասխանեց. «Ազնիվ խոսք, չգիտեմ»։
… Վանո Սիրադեղյանի որդին ու կինը հրմշտոցի միջով լուռ անցան՝ իրե՞նք չցանկացան մեկնաբանություններ անել, թե՞ հավաքված բազմաթիվ լրագրողներն իրենց չդիմեցին… Վերջիններիս վիճակված էր մամուլի ազատության համաշխարհային օրը դատախազության դիմաց, ոստիկանության հատուկ գումարտակի՝ մորեգույն բերետավորների դեմ՝ հանդիման անցկացնել։ Նրանցից բացի, դատախազության դիմացի ավտոմեքենաների եւ մի միկրոավտոբուսի մեջ բազմաթիվ կամուֆլյաժավորներ էին։
Դուբայինկաներով մարդիկ
Եթե բոլորովին չզարմացրեց, որ հոժարակամ ժամանած, քննությունից այլեւս չխուսափող եւ նաեւ՝ անձեռնմխելի թեկնածուին ձերբակալեցին (վերջինի մասին հայտնի դարձավ մոտ 17.30-ին), առավել եւս չէր զարմացնի, որ ԱԺ պատգամավորներ Շողեր Մաթեւոսյանին ու Նանա Թոգոշվիլուն դատախազություն թույլ չտվեցին մտնել: Վերջինս ասաց. «Իրավական պետություն ենք»:
«Ես չէի ենթադրում նման վայրագություն, չէ որ մարդն անձամբ ներկայացավ»,- այսպես էր պատասխանել Վահագն Հայոցյանն այն հարցին, թե արդյոք կանխատեսում էին դեպքերի նման զարգացում։ ՀՀՇ այլ գործիչները խուսափում էին մեկնաբանություններից մինչեւ ժ. 20-ը։
Առաջին արձագանքը
«Վանո Սիրադեղյանը ձերբակալված է եւ դա օրենքի կոպիտ խախտում է. չի կարելի խոչընդոտել, որ պատգամավորության թեկնածուն իրականացնի իր քարոզարշավը,- ժ. 20-ին լրագրողներին հայտարարեց Հովհաննես Իգիթյանը։- Վանո Սիրադեղյանը հատուկ եկել է դատարանի առջեւ կանգնելու համար, եւ այժմ խոչընդոտում են նաեւ Վանո Սիրադեղյանի արդարանալու գործընթացը»։ Պրն Իգիթյանը հայտնեց, որ գլխավոր դատախազի առաջարկով 6 պատգամավորներ միջնորդել են, որ նախնական կալանքը փոխարինվի բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ եւ երաշխավորել, որ Սիրադեղյանը չի խոչընդոտի դատաքննությանը։ Ավելի ուշ հայտնեց, որ միջնորդությունն «առայժմ չի հարգվել»։
«Առավոտի» հարցին, թե ի՞նչ էին խոսել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Արարատ Զուրաբյանն ու Հովհաննես Իգիթյանը, վերջինս պատասխանեց. «Մի հարցում համաձայնել ենք գլխավոր դատախազի հետ, որ ոչ ՀՀՇ-ին, ոչ դատախազությանը, ոչ էլ այս երկրին ձեռնտու չէ, որ մենք վտանգենք առաջիկա ընտրությունների գնահատականը։ Ողջ հանրությունը հետեւում է դրանց, դիտորդներն արդեն այստեղ են, եւ շատ ավելի մեծ բան է վտանգված, քան Վանո Սիրադեղյանի կալանավորվելն է։ Վտանգ կա, որ այս ընտրություններն արդեն այսօր ոչ արդար գնահատվեն։ Գիտեք, որ անցած անգամ այդ գնահատականը տրվեց, երբ կասեցված դաշնակցության թեկնածուներին թույլ չտրվեց մասնակցել ընտրարշավին։ Մոտավորապես նույնը կարող է կատարվել այս անգամ էլ»։
Վահագն Հայոցյանը վկայել էր, որ Վանո Սիրադեղյանը չէր սպասում իրադարձությունների նման զարգացման։ Պրն Իգիթյանն էլ նույնի մասին վկայեց. «Բազմաթիվ պաշտոնյաներ, իրավաբաններ մեզ վստահեցնում էին, որ օրենքը թույլ չի տալիս այդ ձերբակալումը, քանի որ թեկնածուն քարոզարշավ վարելու հնարավորություն պիտի ունենա»։
Ուշ երեկոյան դատախազության դիմաց ցույց տեղի ունեցավ՝ ավտոմեքենաների ազդանշանները միացրել, գոռում էին. «Քոչարյան հեռացիր», «Ազատություն», «Վանո»։ Ըստ որոշ տեղեկությունների, նրան արդեն փոխադրել էին ԱԱՆ մեկուսարան։ Շանթ Հարությունյանը կոչ էր անում հրապարակը փակել։ Ոստիկանների շարքերը եռապատկվեցին։
Շարունակվող պատմություն
ԿԸՀ-ում ՀՀՇ-ի ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը «Առավոտին» հայտնեց, որ դատախազությունը ԿԸՀ-ին որեւէ տեղեկատվություն չի փոխանցել։ Սա երեկ ժամը 18-ի տվյալներն են։
Հովհաննես Իգիթյանը հայտնեց, թե պատրաստվում են բողոքով դիմել ԿԸՀ-ին եւ Տաուշի մարզային ընտրական հանձնաժողովին։ Այսօր Վանո Սիրադեղյանը ընտրատարածքում հանդիպում էր ծրագրել։
Սիրադեղյանի պաշտպանը հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին է։ Ժամը 20-ին գլխավոր դատախազը փաստաբանին թույլատրել էր Սիրադեղյանի հետ հանդիպել, բայց մինչեւ 21-ը Ռուբեն Ռշտունուն չէր հաջողվել քննչական գործողություններին ներկա լինել, հանդիպել իր պաշտպանյալի հետ։
Գիշերը պիտի ՀՀՇ վարչության նիստ անցկացվեր։ Արարատ Զուրաբյանը չբացառեց, որ ընտրությունները բոյկոտելու որոշում կայացվի։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Այնուամենայնիվ, մեղմ ասած, արտառոց է, որ Վանո Սիրադեղյանին չձերբակալեցին, երբ հեռանում էր Հայաստանից։ Այլ ձերբակալեցին այնժամ, երբ եկավ պատասխաններ տալու։