Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԿՈՒՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻՆ

Մայիս 04,1999 00:00
komkus

Բոլոր երկրների աշխատավորների տոնը Ազատության հրապարակում հոտնկայս նշեցին Հայաստան երկրի գրեթե բոլոր չաշխատողները։ Կոմունիստական հրով բորբոքված, մայիսյան երբեմնի կոչերով խռպոտած Հայկոմկուսի ներկայացուցիչները մայիսի 1-ի արդեն չեղած տոնն օգտագործեցին նախընտրական քարոզարշավի համար։

Ելույթ ունեցողները բացառապես կոմունիստ պատգամավորության թեկնածուներն էին։ Բոլորն էլ՝ պատրաստի հռետորներ, մեկը մեկից՝ կոմունիստ, մեկը մեկից՝ հակադեմիրճյանական։ Թալինի շրջանից մի անկուսակցական թեկնածու, որը «հարում է Կոմկուսին», պատկերավոր նկարագրեց, թե ինչպես «անուղեղ արեւածաղիկը գլխի է ընկնում, որ պետք է թեքվի դեպի արեւը», իսկ իբրեւ թե ուղեղ ունեցող մի շարք ՀՀ քաղաքացիները շարունակում են «Դեմիրճյանին կոմունիստ համարել»։ Նախընտրական այս փուլում կոմունիստները բան ու գործ թողած ստիպված են ամեն առիթով թմբկահարել, որ կոմունիստն իրենք են, որ Դեմիրճյանը Կոմկուսի հետ կապ չունի, որ «էն վաղ էր»։ Կոմունիստները մայիսյան արեւի ներքո կրկին շեշտեցին, որ իրենք ավելի փայլուն են, իրենք չժանգոտվող են, իրենք ոսկի են, իսկ մյուսները ժանգոտ, էժանագին մետաղ են։ «Ամեն փայլուն բան ոսկի չէ», ժողովրդական ասացվածքը զարմանալիորեն մոռացվեց։

Մի մարտունեցի ելույթի թունդ պահին վրդովվեց. «Առաջներում ամեն մի մարտունեցու ընտանիքում 10 երեխա կար, հիմա՝ 10 ընտանիքում մեկ երեխա չկա, ինչո՞ւ չեն հղիանում մեր կանայք ու հարսները»։ Իսկապես՝ ինչո՞ւ։

Իսկ «նախկին ընկեր, այժմ՝ պրն Մովսիսյանը, գյուղացու մասին չի մտածում»։ Մյուս կողմից էլ՝ «էս ինչ ժամանակներ են, Երեւանում էնքան մարդ չկա, որքան կուսակցություն», Կոմկուսի երբեմնի մենաշնորհային հիշողություններով տարված դժգոհում էին գրեթե բոլոր ելույթ ունեցողները։

Լեոնիդ Հակոբյանը, որը կրկին պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 5 ընտրատարածքում, չթաքցրեց իր երազանքը. «Ես կուզենայի, որ վերականգնվեր կոմունիստական կուսակցության փառքը»։ Իսկ թե այդ օրը ե՞րբ կգա, ընկեր Հակոբյանը գիտի։ Գիտի, թե «երբ կծածանվի Սովետական Հայաստանի դրոշը», բայց՝ չասաց։

28-րդ ընտրատարածքում առաջադրված կոմունիստ թեկնածու Հրաչիկ Մանուկյանի նոստրադամուսյան գուշակությունը 11 տարվա վաղեմություն ունի։ Ընկերը օպերայի հարթակից հայտարարեց, որ ինքը 11 տարի առաջ է զգուշացրել, թե «էս կեղծ հայրենասերներին չհավատաք», բայց, քանի որ ընկերոջը չեք լսել առաջին անգամ, գոնե այս անգամ լսեք ու սխալ ընտրություն չանեք. «այսինքն գնացեք ու ընտրեք կոմունիստներին»։ Այսքանը՝ իբրեւ անվճար գովազդ։

… Մինչ պատգամավորության թեկնածուները ոգեւորված էին, Խորեն պապիկն ու Խորեն թոռնիկը մեկմեկու կորցրին ու Սերգեյ Բադալյանի խոսքից մի րոպե առաջ պապն ու թոռն իրար գտան. «Մնաց, որ ժողովուրդը գտնի իր կուսակցությունը»,- եզրափակեց Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանը։

Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը մայիսի 1-ի առթիվ իր կոկորդն ու ոգեւորությունը չխնայեց, բոլորին սխալ հանեց ու միակ ճիշտը համարեց Կոմկուսին։ Իբրեւ թե կոմունիստները միակ բարոյականն են, եւ պետք է գնալ այն ուղիով, «որը միակ ճիշտն է»։ Կոմունիստների կարոտաբաղձ խոսքը մերթընդմերթ ընդհատվում էր «Փա՜ռք, կեցցե՜, ուռա՜» մոռացված բառերի աղմուկով։

Բազմությունը բավականին մեծ էր, տարեցներն ու կոմունիստական անցյալ ունեցողները իրենց ժամանակների փողկապ-պիջակներով հավաքվել էին հրապարակում։ Հարյուր տարվա մենության հեռվից ջանք ու եռանդ չէին խնայում՝ Կարեն Դեմիրճյանին իրենց վրայից գցելու համար։

Հետաքրքիր մարդիկ են այս կոմունիստները։ Առաջին դեմքերի հետ երբ խոսում ես, նորմալ մարդու տպավորություն են թողնում, բայց բարձրախոսի մոտ կանգնած, բոլորովին իրենց չափը կորցնում են։ Եթե նրանք հանկարծ իշխանության գան, մենք մեր հացը կուտենք հին օրերի երգով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31