Լրահոս
Օրվա լրահոսը

70-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՉԵՌՆԵՐԻ» ԿՈՆՖԵՏ՝ ԴԵՄԻՍ ՌՈՒՍՈՍ

Մայիս 01,1999 00:00
Demis Rusos

Դեմիս Ռուսոսն արդեն հայ ժողովրդին ճաշակած է եկել Հայաստան։ Ու մեր համը տեսել է սփյուռքահայերի միջոցով։ Թաթուլ Մանասերյանը՝ ՀՅԴ ԳՄ տնտեսական բաժնի պետը (նաեւ՝ Տուրիզմի զարգացման հայկական միության նախագահը), որ ներկայացնում էր պարոն Ռուսոսին, ասաց, որ վերջինս Հայաստանն ու հայերին ճանաչում է սփյուռքահայերի հետ շփումներից։ Դ. Ռուսոսը շնորհավորեց մեզ լավ ազգ լինելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ հայերն ու հույները եղբայր ազգեր են։ Դեմիս Ռուսոսին, ըստ պրն Մանասերյանի, «Ներարտ» ակումբն է հրավիրել։ Ասուլիսը չափազանց տխուր էր ոչ միայն հարցադրումների շնորհիվ, այլեւ ասուլիսի կազմակերպիչների։ Պրն Մանասերյանն ասուլիսից առաջ անգլերեն լեզվին տիրապետող լրագրող էր փնտրում՝ Ռուսոսին թարգմանելու համար։ Արդյունքում՝ մեծ երգիչը մատուցվեց վատ թարգմանությամբ։

Լրագրողներին հետաքրքրում էր մանավանդ Ռուսոսի նիհարելու «ռեցեպտը»։ Ռուսոսը խմբակային չհայտարարեց իր հայտնագործության մասին՝ «կարող եմ անձնապես սովորեցնել»։ Մեր «Արմենիկումի» մասին երգիչն առանձնապես տեղեկացված չէր, բայց գնահատեց մեր գյուտը. «Մարդկության համար շատ լավ բան է»։ Հակառակի մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող, բայց պարոն Ռուսոսը մի բացթողում արեց, որը հետաքրքրեց հայ լրագրողներին։ «Ընտրության առաջ են կանգնած՝ վաճառել ֆրանսիացիների՞ն, թե՞ ամերիկացիներին»,- ասաց նա։ Պարոն Ռուսոսը սիրում է մարդկանց եւ այդ պատճառով մտահոգ է մարդկության ապագայի համար, ու իր համար կյանքն ամենալավ դպրոցն է։ Ընտրարշավով, արժանապատիվ ապագայով ու մեր օրերին սրտահունչ կոչերով մտազբաղ հայ լրագրողները Դեմիս Ռուսոսի այցը ու Թաթուլ Մանասերյանի բուռն մասնակցությունն այդ արարողությանը կապեցին ընտրարշավի ու հատկապես՝ դաշնակցության հետ։

Արարողության սկզբի մասից՝ ասուլիսից, ենթադրվում էր, որ օրվա գլխավոր հերոսը Դեմիս Ռուսոսն է։ Բայց երկրորդ ու երրորդ մասերից՝ հյուրասիրությունից ու ելույթներից, վերոնշյալ ենթադրությունները պարզաջրվեցին։ Պարզվեց, որ ըստ էության նշվում էր ոչ թե երգչի այցը, այլեւ Տուրիզմի զարգացման հայկական միության շնորհանդեսը, որը ծաղկացնում էր Դեմիս Ռուսոսը։ Թաթուլ Մանասերյանը ելույթ ունեցավ նորաստեղծ միության գործունեության ու նպատակների թեմայով, մեկ առ մեկ ընթերցվեցին միության անդամ կազմակերպությունների ու ազգանվեր այդ գործի ծաղկմանն աջակցող անհատ անձանց անունները։ Հայկական հիմներգը հնչեց, աղով ու կես «բուխանկա» (ժողովրդական խոսքով ասած) հացով օրհնվեց միության բացման «սհաթը»։

Իսկ Դեմիս Ռուսոսը մի կողմ քաշված, թեեւ չէր հասկանում, բայց ուշադիր լսում էր։ Ասուլիսի ու հյուրասիրության միջեւ ընկած ժամանակահատվածում հասցրեցի Դեմիս Ռուսոսի անձնական կյանքին էլ ծանոթանալ։ Նա երեք անգամ ամուսնացել է։ Վերջին անգամ ամուսնացել է 10 տարի առաջ եւ 5 տարի առաջ բաժանվել է։ Թեեւ 53 տարեկան է, բայց իր հոգին մի քանի հազար տարվա կյանք ունի։ Ու իր ասելով շատ սեքսուալ անձնավորություն է, սեքս անում է շաբաթվա գրեթե բոլոր օրերին (ասաց՝ «շա՜տ»)։ Նա գիտի, որ 70-ականների Հայաստանի «ոսկե երիտասարդության» զգացմունքներին ուղեկցող երգիչներից է եւ իր համերգային այս ծրագրում հիմնականում հին երգերն է ընդգրկել։ Այն հին երգերը, որոնց հունական լիրիկական ելեւէջները արցունքներով էին լցնում հազարավոր ջահելների աչքեր, երիտասարդ զույգերը սիրահարվում էին, ամուսնանում…

Քանի որ մենք զգացմունքների արթնացումի կողմնակիցն ենք, երեկվա եռամաս (ասուլիս-ելույթ-հյուրասիրություն) միջոցառումից նշանավորում ենք ոչ թե կազմակերպիչների պրոպագանդած Տուրիզմի զարգացման հայկական միությունը, այլ մեծ երգչին՝ Դեմիս Ռուսոսին։

Հույս ունենք, որ Դեմիս Ռուսոսի համերգները Հայաստանի՝ ընտրարշավով ու քարոզարշավով պղտորված գարնանը մաքուր տրամադրություններ կհաղորդեն… Թեկուզ՝ երկու օրով։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ-ՌՈՒՍՈՍ

Հ. Գ. Ամուսնության մասին խոսելիս՝ շեշտեց իր բաժանված լինելն ու թե՝ «Եթե կընդունեք իմ առաջարկը, ուզում եմ ձեզ հետ ամուսնանալ»: Հետո ասաց. «Համերգի երգերը ձեզ համար եմ կատարելու»: (Սա՝ ի գիտություն հանդիսատեսի):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31