Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԻ ՔԻՉ ՀԱՐԳԵՑԻՆ

Մայիս 01,1999 00:00
Nato

Երբ Ռուսաստանի թերթերն ու հեռուստատեսությունը պնդում են, որ ՆԱՏՕ-ի շարքերը պառակտված են, դա կարելի է մեկնաբանել իբրեւ թշնամական ճամբարի դեմ ուղղված քարոզչական ձեւակերպում: Երբ դաշինքի անդամ երկրների իշխանամետ մամուլում տպագրվող հակա-ՆԱՏՕ-ական հրապարակումները պարբերական են դառնում, դա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս: Մասնավորապես ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարություններից թուրքական պատվիրակությունը վերադարձավ երկակի տրամադրությամբ: ՆԱՏՕ-ի ձեւավորման երկրորդ ալիքով 1951 թ. դաշինքի անդամ դառնալով, Թուրքիան միշտ եղել է կազմակերպության ամենահավատարիմ ու վստահելի անդամներից մեկը:

Քողարկված զինվորական թելադրանքի տակ գտնվող այս պետությունը, որն ալյանսում մեծությամբ երկրորդ բանակն ունի, ազատ լինելով ներսում պացիֆիստական շարժումներից եւ նման այլ ինտելիգենտաժողովրդավարական բարդույթներից, տարիներ շարունակ եղել է ՆԱՏՕ-ի որոշումների կարգապահ կատարողը, բոլոր համատեղ ծրագրերի ակտիվ մասնակիցը եւ ռազմական համագործակցության պատրաստակամ գործընկերը: Նույն ոգեւորությամբ Թուրքիայի ղեկավարությունը արձագանքեց մեկ ամիս առաջ Հարավսլավիայի ռմբակոծումները սկսելու Բրյուսելի որոշմանը, նույն զինվորական զգաստությամբ բոլորովին վերջերս հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ծրագրած ցանկացած ակցիայի: Սակայն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքական պատվիրակությունն այնքան էլ երանելի օրեր չապրեց: Այն ժամանակ, երբ դաշինքի մնացած 18 անդամները միասնականություն էին ցուցադրում, ողջույնի ճառեր արտասանում, գագաթնաժողովի թուրք մասնակիցները դիվանագիտական թեժ մարտեր էին տանում, ձգտելով փոխել ֆորումի հիմնական փաստաթղթի՝ ՆԱՏՕ-ի զարգացման հայեցակարգի սկզբունքային ձեւակերպումներից մեկը: Խոսքը գնում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյըրի անցյալ տարի Սան Մալոյի գագաթնաժողովում արված առաջարկության մասին, համաձայն որի՝ Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացի զարգացմանը զուգահեռ ՆԱՏՕ-ն պետք է դառնա Եվրամիության անվտանգության միասնական մի կառույց: Այդ առաջարկության ընդունման դեպքում, Թուրքիան, որի դեմ միասնական Եվրոպայի դռները, չնայած բազմաթիվ փորձերի, փակ են մնացել, ՆԱՏՕ-ում նույնպես մնալու է դռների հետեւում, զրկվելով քաղաքական որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորությունից:

Ակնհայտ է, որ Թուրքիան չէր կարող համաձայնել նման ձեւակերպման հետ: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հայեցակարգի խնդրին, թուրքական քաղաքական գործիչները միշտ պնդում էին, որ Թուրքիան նման մոտեցումը վիրավորական է համարում եւ ամեն ինչ կանի, թույլ չտալու նման գաղափարի իրականացումը: Թուրքական պատվիրակության անդամները Վաշինգթոն մեկնելուց առաջ, նույնիսկ ասում էին, որ կոնսենսուսի չհասնելու դեպքում, նրանք պատրաստ են իրագործել վետոյի իրավունքը: Ինչ խոսք, հոբելյանական սեղանի շուրջ նման վեճերը կազմակերպիչների ծրագրերի մեջ ամենեւին էլ չէին մտնում: Ի վերջո, երկու օրվա ընթացքում գտնվեց այն տարբերակը, որը թույլ տվեց մի կողմից Եվրոպայի տերություններին փաստացի իրականացնել իրենց մտահղացումները, մյուս կողմից Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմին, հայրենիք վերադառնալով, հաղթանակ տոնել, հայտարարելով, որ իր քաղաքականության շնորհիվ Թուրքիան «իր քաշը զգացնել տվեց աշխարհին»: Հայեցակարգի վիճահարույց 30-րդ հոդվածում, ուր հաստատվում է մասնակից երկրների կամքը կառուցելու Եվրոպական անվտանգության եւ պաշտպանության համակարգ, թուրք դիվանագետների ջանքերով ավելացվեցին Եվրամիության անդամ չհանդիսացող դաշնակիցների հնարավոր լայն մասնակցությունը հավաստող բառերը: Կարծես թե բոլորն իրարից գոհ բաժանվեցին, սակայն Թուրքիայի քաղաքական գործիչները թեւեւ օգտագործում են «հաղթանակ» բառը, սակայն բավականին զգույշ ու սառն են գնահատում վաշինգթոնյան ճանապարհորդությունը:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31