Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Մայիս 01,1999 00:00
Araxs vordi

Հումորի, «խոխմայի», թեթեւ նյութի սիրահարներին նախօրոք զգուշացնում ենք, որ այս հրապարակումը կհիասթափեցնի։ Բայց նրանց, ովքեր ուժ կգտնեն սկսել եւ մինչեւ վերջ կարդալ այս պատմությունը, պարզապես խնդրում ենք, որ նաեւ օգնելու ցանկություն դրսեւորեն։

Օգնելու ցանկությունը եւ բուն օգնությունը խիստ ենք կարեւորում, քանի որ պատմությունն արդեն տարիներ շարունակ հայտնի է, թերթերը մանրամասները նկարագրել են բազմիցս, սակայն՝ ոչ մի օգուտ։ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 50 շենք 38 բնակարանի բնակչուհի, ՀՀ շարքային քաղաքացի Արաքս Ավետիսյանի 15-ամյա որդուն 1994 թվականի փետրվարի 1-ին, առավոտյան 8.30-ին երկու անհայտ անձինք դուրս են կանչել եւ տարել անհայտ ուղղությամբ։ Դեպքի մասին միայնակ մայրն անմիջապես հայտնել է միլիցիայի բաժանմունք եւ քաղաքապետին։ Փետրվարի 8-ին տիկին Արաքսին զանգահարում են Մառնեուլ քաղաքից։ Զանգահարողը Բաքվի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի միլիցիայի կապիտան Ռամիզ Հուսեյնովն էր, որը հայտնեց մորը, թե նրա որդին իր տանն է։ Հեռախոսազանգից հետո, հաջորդ օրը Արաքս Ավետիսյանը՝ որդուն գտնելու հույսով, ուղեւորվել է Բագրատաշենի ոստիկանություն։ Սակայն դա այն օրն էր, երբ պայթեցվեց Բագրատաշենի կամուրջը։ Ռ. Հուսեյնովի հետ պայմանավորվել էին կամրջի վրա հանդիպել։ Դուռը որ փակվում է, փակվում է մինչեւ վերջ, քանի որ վերադառնալով տուն, տիկին Արաքսը, տունը թալանված է տեսնում։ Այս թալանի մասին բողոքները Վանաձորի ոստիկանությունն անպատասխան թողեց։

1996 թ. սեպտեմբերի 1-ին թուրք կապիտանը զանգեց եւ պահանջեց, որ հանդիպեն Մառնեուլ քաղաքի փոստատան մոտ։ Նույն օրը տիկին Արաքսը զանգահարում է Պատանդների պաշտպանության ֆոնդ։ Լարիսա Ալավերդյանը նրան զգուշացրեց, որ առանց իր կողմից ուղարկված մարդկանց ոչ մի տեղ չգնա։ Լ. Ալավերդյանը միլիցիայի 6-րդ բաժանմունքից ուղարկեց Արթուր անունով մի աշխատակցի (տիկին Արաքսն ազգանունը չգիտի), նրա հետ էր նաեւ Վանաձորի միլիցիայի 6-րդ բաժանմունքի աշխատակից Կարո Բադալյանը եւ մի քանի այլ աշխատակիցներ։ Նրանց հետ տիկին Արաքսը հասնում է Նոյեմբերյան, այստեղ նրանց է միանում Ալիկ Սարոյանը, եւ բոլորը միասին մեկնում են Թբիլիսի, այստեղ էլ նրանց միանում է Գիվի Գուբլանորին՝ երեք աշխատակիցներով։ Փոստատան մոտ Ռամիզ Հուսեյնովը եկել էր ընտանյոք հանդերձ՝ տիկինը, եղբայրը, դուստրը եւ թարգմանողը։

Հուսեյնովը խոստացել էր երեխային հանձնել՝ Ղարաբաղի պատերազմում անհետ կորած իր եղբորը ստանալուց հետո։ Մինչ հանդիպումը Արաքս Ավետիսյանը մեծ դժվարությամբ պարզել էր, որ Հուսեյնովի եղբայրը ոչ թե անհետ կորած է, այլ՝ զոհված։ Այս բանը նա Հուսեյնովին հայտնեց փոստատան մոտ հանդիպման ժամանակ։ Ու մինչ Հուսեյնովը գրպանից ուզում էր գրիչ հանել, ինչ-որ տեղեկություն գրի առնելու նպատակով, անսպասելի կրակոցներ լսվեցին, ամենքն իրար անցան։ Բոլորին տեղում ձերբակալեցին ու տեղափոխեցին Թբիլիսի։ Այստեղ տիկին Արաքսին խոստացան, թե երկու օրից նրա որդին իր մոտ կլինի։ Սակայն ադրբեջանցիներին ազատեցին, իսկ մայրը տուն վերադարձավ առանց որդու։

Արաքս Ավետիսյանը դրանից հետո եւս շարունակում է դռներ ծեծել։ «Կարմիր խաչ»-ում (դիմել է 10 անգամ) նրան պատասխանել են, թե ոչնչով օգնել չեն կարող, քանի որ նրա որդին Բաքվի «Կարմիր խաչ»-ում գրանցում չունի։ Դիմել է ՊՆ, ՆԳ եւ ԱԱ, «Երկրապահ» կամավորականների միություն, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ անձամբ են տրվել այս պատմության մասին գրառումները։ Ոչ մի տեղից ոչ մի պատասխան որդուն կորցրած մայրը չի ստացել։

Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարություններից մորը պատասխանել են՝ քանի որ որդին զինվոր չի, ուրեմն իրենք չեն կարող նրա ճակատագրով զբաղվել։ Այսպես, կամ՝ մոտավորապես այսպես։

Արաքս Ավետիսյանը դիմել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, դիմել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ոչ մի պատասխան։ Տիկին Արաքսը միամտաբար խնդրում էր, որ անպայման գրենք իր այս խոսքերը. «Հարգելի նախագահ, դուք էլ մայր ունեք եւ կհասկանաք, թե ինչ բան է մոր սիրտը, ինչ է նշանակում մայրական զգացմունքը»։

Երբ Ռամիզ Հուսեյնովն իմացել է, որ եղբայրը մահացած է, տղայի փոխարեն պահանջել է 25 միլիոն ռուսական ռուբլի։ Գումարը հավաքելու համար մորը որոշ անձինք եւ կազմակերպություններ օգնել են, սակայն բավարար քանակությամբ չի հավաքվել։ Տիկին Արաքսը դիմել է նաեւ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանին, որը երեք հազար դրամ է տվել «իր գրպանից»։ Ինչպիսի՜ առատաձեռնություն, եւ սուրբ հոգու ինչպիսի՜ դրսեւորում։ Պատմությունը դեռ ավարտված չէ։

«Առավոտը» հուսով է, որ հրապարակմամբ եւ դրանից զատ կարող է ինչ-որ ձեւով օգնել մորը։ Որդին ողջ է, եւ ադրբեջանցին այդ մասին հաճախակի տեղեկություններ է հաղորդում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ.Գ. Նախընտրական այս շրջանում, եթե որեւէ թեկնածու ընտրակաշառք բաժանելու իր բուռն մղումը մի փոքր զսպի եւ, թեկնածուի հատկանիշները մի կողմ դնելով, զուտ մարդկայնորեն օգնի Արաքս Ավետիսյանին՝ տուն վերադարձնել որդուն, ապա դրանից ավելի կշահի։ Այդ բանը կարող են անել ինչպես «կռված տղերքը», որոնք երազում են պատգամավորական աթոռին բազմել, այնպես էլ մնացած բոլորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31