Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՄՈՏԻԿ

Մայիս 01,1999 00:00
Armen Martirosyan

Ստրասբուրգում աշխատանքն ավարտեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որը, հերթականը լինելով հանդերձ, առանձնահատուկ շեշտադրումներ ունեցավ։ Այս առումով այդ կառույցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությունների կողքին, անշուշտ նշանակալի իրադարձության վերածվեց Վրաստանի ընդունումը Եվրախորհուրդ։

Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում այդ փաստին, որքանո՞վ է այդ իրողությունը շահեկան մեզ համար։ Այս հարցերին պատասխանում է Հայաստանի փոխարտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կարեւորագույն իրադարձություններից էր Վրաստանի անդամագրությունը այդ կառույցին։ Մենք շատ կարեւորում ենք այդ փաստը։ Այդպիսով, ոչ միայն Եվրոպան մոտեցավ Հայաստանին, այլեւ տեղի ունեցավ ավելին։ Պետք է հիշենք, որ Եվրախորհուրդն այլեւս ներկայացված է մեր տարածաշրջանում։ Չմոռանանք նաեւ, որ շուրջ 500 հազար հայ է ապրում Վրաստանում։ Եվրախորհրդի յուրաքանչյուր անդամ երկիր ստիպված է ենթարկվել Եվրախորհրդի ազգային փոքրամասնություններին վերաբերող պահանջներին եւ այս առումով բավականին աչալուրջ է Եվրախորհրդի մոնիտորինգը»։ Հայաստանյան պատվիրակությունն ակտիվ էր նաեւ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, այնքանով, որքանով դա թույլ է տալիս այս կառույցում հատուկ հրավիրյալի կարգավիճակը։ Արմեն Մարտիրոսյանը մասնավորապես ելույթ ունեցավ «Տրանսպորտային ընդհանուր քաղաքականություն» օրակարգային հարցի քննարկումների ժամանակ։ Նա ասաց, որ տրանսպորտային քաղաքականությունը ինտեգրացման իրականացման կարեւորագույն ոլորտներից է։ Այս տեսակետից բացառիկ է Եվրոպա կոնտինենտի հաջողությունը, ուր տրանսպորտային համագործակցության արդյունքում գրեթե վերացել են սահմանները։

-Հայաստանը,- ասաց Արմեն Մարտիրոսյանը,- տարբեր առիթներով արտահայտել է իր դիրքորոշումը տրանսպորտային քաղաքականության ոլորտում ինտեգրվելու վերաբերյալ եւ դրա վկայությունն է նաեւ Բաքվում կայացած Սամիթին Հայաստանի մասնակցությունը սեփական առաջարկություններով։ Հայաստանը համարում է, որ տրանսպորտի նախարարների Եվրոպական կոնֆերանսը կամուրջ կդառնա Եվրոպայի տարբեր մասերի միջեւ։ Ցավոք,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը,- այդ կառույցում Հայաստանը սոսկ դիտորդի կարգավիճակ ունի։ Դա այդպես է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ պես ընդդիմանում են խնդրի լուծմանը, հակառակ այն բանի, որ պաշտոնական Անկարան միշտ էլ միջազգային բեմերում տրանսպորտային համագործակցության հարցում պատրաստակամ դիրքորոշում է ցուցադրում։

Տրանսպորտի նախարարների կոնֆերանսում այս փուլում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչը նիստի ժամանակ անդրադարձավ Արմեն Մարտիրոսյանի խոսքին, ասելով, թե պետք է գտնել խնդրի լուծման ճանապարհը։ Մեր պատվիրակությունը ելույթ էր պատրաստել նաեւ Կոսովոյի հարցի վերաբերյալ։ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներից զատ, հայկական պատվիրակությունը ակտիվորեն աշխատում էր նաեւ Եվրախորհրդում ընդհանրապես։ Հանդիպումներ եղան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի, այդ կառույցի գլխավոր քարտուղար Բրունո Հալեի եւ այլոց հետ եւս։ Գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մեր պատվիրակությունն ընդգծում էր, որ օրենսդրական բարեփոխումների, արդարադատության համակարգի կատարելագործման առումով Հայաստանում գործընթացներն ավարտին են հասցվել, ինչը Ադրբեջանի դեպքում շատ ավելի դանդաղ ընթացքներ ունի, եւ այս առումով Հայաստանը չէր ցանկանա, որ պարիտետային հիմքերի վրա ինքը պատժվի, չընդունվելով Եվրախորհուրդ, քանի որ Ադրբեջանը հետ է մնում։ Հայաստանը միշտ էլ պատրաստ է այս առումով օգնել Ադրբեջանին։ Մեկ շաբաթում հայկական պատվիրակությունը ավելի քան 20 հանդիպում ունեցավ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտի» թղթակից,

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել