Լրահոս
Օրվա լրահոսը

Օքեյ, այդպես շարունակեք

Մայիս 01,1999 00:00
kayc minasyan

Մինչ թիվ մեկ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը Ֆրանսիայում էր հյուրընկալվում, ՀՅԴ-ի «քույր» կուսակցության՝ Ֆրանսիայի ընկերվարական (սոցիալիստական) կուսակցության ընկերների սիրտն էլ Հայաստան էր ուզել։

Ու նախընտրական այս խառը ժամանակներում մտքներովն անցել էր սեմինար անցկացնել։ Իսկ թեման պակաս խառը չէր. Ընկերվարական կուսակցություններին աջակցող «Ժան Ժորեսի» հիմնադրամի նախաձեռնած եռօրյա սեմինարի քննարկման կենտրոնում ինչ հարց ասես ընդգրկված էր. է՛լ մարդու իրավունքներ, ժողովրդավարական կառույցներ, Եվրոպայի խորհուրդ, է՛լ աշխատավորական շարժումներ, արհմիություններ եւ այլն։ Բնականաբար, երկու կողմերն էլ խիստ կարեւորում էին նման լուրջ հարցերի համատեղ քննարկումները։

Մեր բոլոր ջանքերը՝ սեմինարը կապել ընտրությունների հետ, պաշտպանության չարժանացան։ Չնայած ֆրանսիական ընկերվարներից մի երիտասարդ, ընդ որում՝ հայ, անունն էլ՝ Կայծ Մինասյան, համ էլ՝ ՀՅԴ-ի անդամ, հարցին՝ կա՞ կապ ձեր այցի եւ ԱԺ-ի ընտրությունների միջեւ, իր անվան նման հետաքրքիր պատասխան տվեց՝ «Այո եւ ոչ»։ Իսկ սեմինարի նպատակը Կայծն այսպես ներկայացրեց. «Պարզել, թե մենք ի՞նչ կուզենք աշխարհի մեջ, կուզենք ազատակա՞ն սիստեմ ստեղծել, կուզենք շեշտ դնել ընկերայի՞ն հարցերի շուրջ, ազգայի՞ն հարցերի շուրջ, պետակա՞ն սիստեմ կուզենք, թե՞ ոչ։ Այդ երեք օրվան պիտի փորձենք գտնել, թե ըստ «Ժան Ժորեսի» հիմնադրամի ո՞րն է ամենալավ ձեւը»։ Հարցիս՝ որքա՞ն գումար է հիմնադրամը «զոհել» այս նպատակով, զրուցակիցս նախ ճշտեց՝ «այն կարեւո՞ր է», հետո ստիպված ասաց՝ «մոտ 30 հազար ֆրանկ»։ Սակայն առավել զարմացրեց իր այն հայտարարությամբ, որ ե՛ւ ՀՅԴ-ի անդամ է, ե՛ւ Ֆրանսիայի ընկերվարական կուսակցության։ Եվ առաջին հարցը, որ ուղղեցինք արդեն տեղացի դաշնակցականին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին, հենց այն մասին էր, թե չի՞ հակասում երկկուսակցականությունը ՀՅԴ-ի կանոնադրությանը։ Պարոն Ռուստամյանի պատասխանն էր. «Եթե Դաշնակցության տեղի մարմինը գիտի այդ մասին, թույլատրում է, ապա որեւէ հարց, պրոբլեմ չկա այդ առումով»։ Տրամաբանեցինք՝ ուրեմն ՀՅԴ անդամը կարող է նաեւ ՀՀՇ-ի՞ն անդամագրվել։ Այս տրամաբանությունս էլ դրական պատասխանի արժանացավ։ Արմեն Ռուստամյանը եւս «Ժան Ժորեսի» եւ ՀՅԴ-ի համագործակցությունը գովերգելու շրջանակներում լիքը լավ-լավ բաներ ասաց։

Իսկ, այ, ամենափորձառո՛ւ դաշնակցականը՝ Էդվարդ Հովհաննիսյանը, դաշնակցական ջահելներին ու հայ դատի ապագա պաշտպաններին մի՛ ասելիք ուներ։ Ու հենց հարմար պահը ստեղծվեց, մոտեցավ անփորձ ջահելներին ու սովորեցրեց, թե ինչ հարց պիտի տան սեմինարի գլխավոր բանախոսին՝ Ֆրանսիայի սոցկուսակցության անդամ Ֆիլիպ Բասինեին։ Հայ դատի մեծն պաշտպանին վրդովեցրել էր, թե ինչո՞ւ պիտի միայն մարդու իրավունքները պաշտպանվեն, բա ազգի՞ իրավունքները։ «Ես առաջարկում եմ քննարկել այդ հարցը եւ սոցիալիստական ինտերնացիոնալի ճանապարհով ստեղծել մի հայտարարագիր, ինչպիսին գոյություն ունի մարդու իրավունքների վերաբերյալ։ Դրանից ելնելով՝ մենք կգանք ցեղասպանությանը, որովհետեւ ցեղասպանությունը հիմա կանգնած է ծանր կացության մեջ (՞)։ Կամ մենք պիտի այդ վեց միլիոն, կամ հինգ միլիոն, կամ միլիոն ու կես զոհվածների անունները ունենանք եւ պաշտպանենք նրանց մարդկային իրավունքները, կամ պիտի պաշտպանենք ազգի իրավունքը։ Հայ ժողովուրդը կորցրել է տարածություն, հայ ժողովուրդը հատուցման հարց ունի եւ այլն եւ այլն։ Համաձայն ե՞ք։ Օքեյ, դե հիմա շարունակեք»։ Ու շարունակեցին ու հենց ուսուցչի ոգով։

Հարցերի շրջանակը, որ մտադիր էին քննարկել առաջիկա օրերին, մոտավորապես այսպիսին էր՝ Ֆրանսիայի սոցկուսակցության դիրքորոշումը արցախյան հարցի շուրջ, Ֆրանսիան որպես Եվրամիության անդամ ինչո՞ւ չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, արդյոք, համաշխարհայնացումը (մոնդալիզացիան) կարո՞ղ է բերել ազգերի ձուլման, ազգերի ինքնորոշման, եւ տարածքային ամբողջականության սկզբունքների մեջ կա՞ հակասություն եւ այլն եւ այլն։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31