Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս-վայիս

Մայիս 01,1999 00:00
cucak

Վերնագիր դարձած ժողովրդական հայտնի այս առածը, կարծում եմ, բոլորդ գիտեք, որ վերաբերում է հարսանիքներին։ Իմաստուն մեր պապերը կարծում էին, որ մայիսին տեղի ունեցող ամուսնությունները երջանիկ չեն լինում ու անհաջող ավարտ են ունենում։

Ճիշտ է, խորհրդարանական ընտրություններն ամուսնություն չեն, բայց գրեթե նույնքան ճակատագրական նշանակություն ունեն մի ողջ մեծ ընտանիքի՝ պետության համար։ Չցանկանալով «բայղուշի» դեր տանել, բայց դե աչքիս՝ «մայիս-վայիսը» ընտրություններին էլ են վերաբերելու։

Նախընտրական քարոզարշավին զուգահեռ «Ազգային պետություն» կուսակցությունը միաժամանակ զբաղվում է ընտրացուցակների ստուգման աշխատանքներով։ Ընտրատարածքներից վերցնելով ընտրողների ցուցակները, «Ազգային պետություն» կուսակցության ներկայացուցիչները տնից-տուն ընկած փորձում են պարզել, թե ցուցակներում ներկայացված ընտրողների որ տոկոսն է համապատասխանում իրականությանը։ Թիվ 29 ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է դրել նաեւ «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը՝ ցուցակներում ներկայացված յուրաքանչյուր 1000 ընտրողների շարքում մոտ 40-ը չի համապատասխանում իրականությանը։ Նշված 40-ի մեջ մեծ թիվ են կազմում հանրապետությունից բացակայողներ, կան զինծառայության մեջ գտնվողներ եւ իհարկե՝ հանգուցյալներ։

Միանալով «Ազգային պետություն» կուսակցության ներկայացուցիչներին՝ «Առավոտի» թղթակիցը եւս լծվեց «մեռած հոգիների» հայտնաբերման գործին. Գյուլիքեխվյան 29 հասցեում գտնվող շենքը, ուր մենք եղանք 60 բնակարաններում։ Առաջին բնակարանում, բարեբախտաբար, գրանցված եւ գոյություն ունեցող բնակիչների թիվը համապատասխանում էր։ Մի 2 բնակարան անց, պարզվեց՝ ցուցակում եղած 2 ընտրող վաղուց արդեն Ռուսաստանում են ու հաստատ մայիսի 30-ին Երեւան չեն ժամանի քաղաքացիական պարտք կատարելու։ Օգտվելով ընտրազանգվածի հետ անմիջական շփման հնարավորությունից՝ հարցնում էի՝ արդյոք ընտրությունների գնալու են, թե՝ ոչ։ Եվ բոլորովին էլ անսպասելի չէր, որ հուսահատ ժողովուրդը ժխտական պատասխան էր տալիս։

Շենքի մուտքերից մեկում մի պապիկի հանդիպեցինք։ Իմանալով, որ ընտրությունների հարցով ենք անհանգստացնում բնակիչներին՝ պապին մի քանի անգամ վեր ու վար արեց։ Ակներեւաբար մտքին մի բան կար, որ ամեն անգամ մեր մոտով անցնելիս մտածում էր՝ ասել, թե՞ չասել։ Վերջը՝ չդիմացավ. «Էդքան ընտրեցինք, որ էս օրն ընկանք, օրական մի կուսակցություն ա գալիս, դրանց խերը չտեսանք, դուք էլ, ձեր ընտրություններն էլ»,- աստիճաններն իջնելով բարկությունը մեզ վրա թափեց պապին։ Բնակարաններից մեկի դուռը բացեց մի սեւազգեստ եւ բարեհամբույր կին։ Երբ կարդացին իրենց բնակարանի դիմաց ցուցակում գրված առաջին մարդու անունը, կինն ասաց. «Սամվելը ամուսինս էր, արդեն մեկ տարի է, մահացել է»։ Բայց, ուրախալի դեպքեր էլ կային այս շենքում՝ օրինակ, մոտ 5 հոգի ամուսնացել էին ու վաղուց այդտեղ չէին ապրում։ Մեր մեծերի խորհրդով «բարի բախտ» ցանկացանք նորապսակներին ու ընտրություններին էլ, որ վայիս չլինեն։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31