Բոլորիս կողմից սիրված դերասանին հեռուստադիտողները չճանաչեցին, երբ նա հեռուստաքարոզչության ժամին սկսեց ջերմեռանդորեն պաշտպանել ոչ թե իր հարազատ կուսակցությունը՝ Դաշնակցությունը, այլ «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքը: 91 թվականի նախագահական ընտրություններում Դաշնակցության թեկնածու Սոս Սարգսյանը փաստորեն գովաբանեց ՀՅԴ-ի մրցակիցներին: Կարգապահությունը մեր սոցիալիստ-հեղափոխականների մոտ ակնհայտորեն սկսել է կաղել: Մնում է, որ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հեռուստատեսությամբ հանդես գա, ասենք, «Օրինաց երկրի» քարոզով, եւ դրանից հետո չկախակայվի եւ չսառեցվի:
Նելսոն Մանդելան
Երեկվա համարի առաջին էջում մենք տպագրել ենք այս դեմքը եւ նրան անվանել «Քոֆի Անան»՝ իմանալու համար, թե մեր ընթերցողներից ովքեր են ճանաչում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Պարզվում է, շատ քչերը: Իրականում նկարում պատկերված է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան: Այդ մարդը տասնամյակներ շարունակ ապարտեիդի դեմ էր պայքարել եւ դրա համար բերդ էր նստել: Իսկ Քոֆի Անանը չնայած մորուք ունի, բայց այդքան տղամարդկություն չունի, որ Քլինթոնին ասի, թե ո՞ւր են կռիվ սկսում՝ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման:
Կարդացեք նաև
Կոտայքի ՀՀՇ-ականը
Քոֆի Անանին հավասար արիություն է ցուցաբերել Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրված Հուսիկ Մելտոնյանը: Երկրապահների ճնշման տակ նա չճանաչեց իր սեփական իրավասությունները եւ հրաժարական տվեց: Նման սկզբունքային մոտեցումներով ՀՀՇ-ն հաստատ շատ առաջ կգնա: Մանավանդ որ, 4 տարի առաջ հենց իրենք էին մնացածների հանդեպ ճիշտ նույն ճնշումը գործադրում: Ճիշտ է ասված. միայն ստրուկն է փայփայում բռնակալ դառնալու երազանքը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ