Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Մայիս 01,1999 00:00
ser

Քաղաքական «հայտնի ուժերի» նախընտրական միավորումներից հետո առաջացած առաջին եւ տրամաբանական հարցը թերեւս սա է՝ այդ համագործակցությունը մեխանիկակա՞ն, թե՞ գաղափարական հիմքերի վրա է։

Առաջադեմ մարդկությանը հուզող այս հարցի պատասխանը գտնելու նպատակով Էբերտի հիմնադրամը բանավեճ էր կազմակերպել՝ «Քաղաքական կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները» թեմայով։ Զեկուցողը քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանն էր։ Նրան լսելու եւ հետը բանավիճելու պատրաստակամություն էին դրսեւորել հանրապետության լիբերալ ուժերը։

Պրն Ենոքյանը քաղաքական կուսակցություններին առանձնապես սկզբունքային չհամարեց։ Լինելով արեւմտամետ կամ ռուսաստանամետ, նրանք՝ ելնելով կոնյունկտուրայից, չեն ժխտում մյուս կողմի արժեքները։ Նույն կերպ կուսակցություններն իրենց համարում են աջ կամ ձախ, ազգային կամ կոսմոպոլիտ։ Նա փորձեց հիշեցնել ազգի եւ պետության կազմավորման ժամանակակից մոտեցումները։ «Աստված ստեղծել է մարդկանց ազատ եւ հավասար, որոնք էլ ստեղծում են հասարակական միավոր՝ ազգ։ Ազգը ստեղծում է պետություն, որը տվյալ ազգի աշխատելու քաղաքական ձեւն է։ (…) 2 օր առաջ «Միասնություն» դաշինքի մոտ կես ժամ տեւած ելույթն էի լսում հեռուստատեսությամբ, ոչ մի անգամ չհնչեց «քաղաքացի» կամ «մարդ» բառերը։ Բոլորը խոսում էին ժողովրդից, պետությունից, ազգից»։

Կուսակցությունների միավորումների մեխանիկական միացումների «ինչից ելնելը» պրն Ենոքյանն իր համար չէր պարզել, բայց «ինչի համարը» գիտեր (խորհրդարան, իշխանություն նվաճելու)։

Եթե Հայաստանը քնում է եւ երազում իրեն տեսնում Ռուսաստան-Բելառուս միության երրորդը, Հայաստանում ռուսական ռազմակայաններ տեղակայվեն, ապա (ինչքան ես եմ հասկանում- Ա. Ենոքյան) եթե հարաբերությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ սրվի, «ՆԱՏՕ-ն կխփի իր սահմանին մոտ առաջին ռուսական դրոշին», որը է՛ Հայաստանում (ավելի ճշգրիտ՝ Գյումրիում)։

Հայաստանի կուսակցական կյանքը Վիգեն Խաչատրյանին եւս անհանգստացնում է։ Նա այն համարում է «այլասերված»։ Կուսակցությունները դարձել են առանձին անհատների քաղաքական եւ տնտեսական հարցերը լուծող կառույցներ։ «Մենք այսօր ունենք Սամվել Բաբայանի, Սերժ Սարգսյանի, Արմեն Դարբինյանի, Վազգեն Սարգսյանի, Վանոյի կուսակցություններ։ Սփյուռքում առաջացած ավանդական կուսակցությունների նոմենկլատուրայի շահերը պաշտպանող կուսակցություններ՝ ի դեմս դաշնակցականների, ռամկավարների, հնչակյանների»։ Այս վիճակում կուսակցությունների համագործակցությունը շառլատանություն է, որը ուշ թե շուտ կբացահայտվի։ Իսկ մինչ այդ պրն Խաչատրյանի ներքին համոզմունքը պարբերաբար ասում է, որ «այդ այլասերված երեւույթները իրենց կսպառեն, նրանց հարաբերություններն ավելի կոպիտ ու բիրտ տեսք կընդունեն, պետության կայացմանը լուրջ վնաս կհասցնեն»։

Հովհաննես Դուրգարյանը հասցրեց նկատել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մրցակցությունը կգնա «տանիքների» միջեւ։ Հետաքրքիր է, որ մեր կուսակցությունները ձեւավորվում են «համքարության» սկզբունքներով։

Շահեն Պետրոսյանն այս հարցի կապակցությամբ «մասնագիտական» վերաբերմունք դրսեւորեց՝ գտնելով, որ նման կուսակցությունները տվյալ անձի «ֆիրման» են։ Հպարտանալով, որ լավատես չէ, ամեն դեպքում պրն Պետրոսյանը ճշտեց, որ պետք է գործել ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» սկզբունքով։ Ու սա «հանուն պայծառ ապագայի»։

Դավիթ Շահնազարյանը նախ ժխտեց զեկուցողի մի քանի մտքեր, մասնավորապես այն, որ «ժողովրդավարությունը ոչ մի կուսակցություն չի ժխտում»։ Ապա թե՝ «Հիմա տեղի է ունենում հանձնաժողովի տեղերի ուղղակի առեւտուր։ Տեղերը փոխանակվում են, կանխիկ դրամով վաճառվում»։

Դրսեւորելով նախանձելի սկզբունքայնություն՝ պրն Շահնազարյանը դարձյալ հիշեցրեց, որ «դաշնակցության վերագրանցումը հակաօրինական էր»։ Ալեքսանդր Արզումանյանն այս ամենին ավելի գեղարվեստական արժեք տվեց. «Օրենքը ոտնահարված է, Սահմանադրությունը՝ բռնաբարված»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Բանավեճին ներկա էր նաեւ Արա Սահակյանը, որն ամեն ինչ հասկացավ, բացի Աղասի Ենոքյանի «նախասկիզբ» բառից։ Բայց սա այլ օպերայի թեմա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31