Երեկ «Առավոտին» դիմեց Գեւորգ Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) խնդրելով մեր թերթի միջոցով ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին փոխանցել հետեւյալ դիմումը. «Մեծարգո պրն Սարգսյանից ես խնդրում եմ ապահովել իմ ազգային անվտանգությունը, քանի որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ինձ հետեւում եւ ուզում է մահափորձի ենթարկել։ Նոր այստեղ գալիս էլ մի սպիտակ ֆուրգոն «26» ինձ հետեւում էր եւ անընդհատ էդ մեքենան կա։ Տանս մոտ էլ առանց համարի ավտոմեքենա է կանգնում ամեն օր»։
ԼՅՈՒԲԻՏ, ՆԵ ԼՅՈՒԲԻՏ
Արա Սահակյանից ցանկացանք ճշտել՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ (որպես ընտրող)։
Կարդացեք նաև
– Եթե Հայաստանում լինեմ, կմասնակցեմ։
– Ո՞ւմ եք ընտրելու։
– Դե, տնեցիներին կհարցնեմ, տեսնեմ ում խորհուրդ կտան։
Տեսնելով, որ իր ասածները լուրջ ենք ընդունում, պարզաբանեց, որ ընտրություններին առհասարակ չի մասնակցելու։
«ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴԸ»՝ ՍԱՆ-ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ
Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում 2001 թվականին նախատեսվում է Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ ներկայացնել «Արշակ Երկրորդ» հայկական օպերան, որի նախաձեռնողը թատրոնի տնօրենն է։ Նշենք նաեւ, որ տնօրենն ազգությամբ հայ չէ։ Ներկայացումը պետք է բեմադրվի օտարազգի եւ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ։
ՕՐԻՆԱՑ ԹՈՒՂԹ
«Մեզ տրամադրել են մեծ քանակությամբ թուղթ, 1992 թ. բերված թուղթ է, մեր քաղաքական խորհրդի անդամներից մեկն ունի եւ նա մեզ տրամադրեց»,- կուսակցության ֆինանսական հնարավորությունների մասին հարցին պատասխանելիս ասաց Սերգեյ Երիցյանը։ Կարելի է ենթադրել, թե կուսակցությունն այս ընտրարշավում հիմնականում թղթի ծախսեր ունի։