Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՇԻԴ ՎՐԱ ԽԱԼ ՈՒՆԵՍ…»

Ապրիլ 30,1999 00:00
paranoc

Բնությունը խալերն իբրեւ հարստություն (այն էլ ժառանգական) անխտիր բոլորին էլ շնորհում է. մեկին՝ շատ, մեկին՝ քիչ։ Այս հարստությունն էլ տարբեր մարդիկ տարբեր չափով են գնահատում։

Մեկը հիանում է խալերի գեղեցկությամբ, մյուսը փորձում է ազատվել դրանցից։ Վերջերս հունական բժշկական ակադեմիայի պրոֆեսոր Տանասա Ստավրոլակիսը երկարատեւ փորձաքննությունից հետո հայտնաբերել է, որ խալերը մարդու օրգանիզմին անհրաժեշտ նյութերի յուրատեսակ ուժակուտակիչներ են, «վառելիքի» պաշար, որ ծախսվում է բորբոքային պրոցեսների բուժման համար. օրգանիզմ-բժիշկը «պահեստից» դուրս է գրում անհրաժեշտ նյութը եւ արյան շիթով ուղարկում հիվանդ օրգանին։

Պարզվել է, որ «խալերով հարուստ» կանայք հեշտությամբ են ծննդաբերում եւ ուշ-ուշ են հիվանդանում։ Մինչդեռ նա, ով փորձում է ազատվել բնության այդ պարգեւից, ե՛ւ վարակիչ (ինֆեկցիոն), ե՛ւ բորբոքային հիվանդությունների մշտական «հաճախորդն» է։ Ասում են, եթե շատ անհանգստացնես փոքրիկ պիսակին, կկատաղի, կդառնա քաղցկեղի բուն։

Եթե խալը չի ցավում, չի շարժվում, պետք չէ անհանգստանալ, անգամ խալի գույնի, չափի փոփոխությունը ապացույց չէ, որ դուք չարորակ ուռուցքից պիտի մահանաք (ապահովության համար ուռուցքաբանին դիմելը չի խանգարի – Կ. Ա)։

Կարդացեք նաև

Ճիշտ է, ուռուցքի վտանգ չկա, բայց որեւէ տհաճ իրավիճակում չհայտնվելու ապահովագրություն՝ այնքան էլ չէ։ Վերին շրթունքի վերեւի խալը թե ինչքան հուզմունք է պատճառել թոփ-մոդել Սինդի Քրոուֆորդին, միայն նա կասի։ Ոչ մի «շեֆ» չէր ցանկանում Սինդիի հետ պայմանագիր կնքել, մինչեւ գեղեցկուհին վիրահատական միջամտությամբ չհրաժարվեր խալից։ Սինդին վիրավորանքից այնքան լաց եղավ, երբ այդ «անիծյալ» խալի երեսից նրան թույլ չտվին մասնակցել գեղեցկության միջազգային մրցույթին, բայց եւ զայրացավ. «Մի օր ինձ այս խալով պիտի ճանաչեք»։ Եվ… ուղիղ երեք տարի անց Սինդին հանրաճանաչ էր, «անիծյալ» խալը՝ աստվածային, որի արժանի գնահատականը խոշոր պլանով այն տեսա-լուսանկարչական ժապավենին «երեւացնելն» է։

50-ականների սեքս-սիմվոլ, կինոդերասանուհի Մերլին Մոնրոյին ձախ այտի խալը երբեք չի խանգարել։ Ընդհակառակը, նա միշտ այն ընդգծել է քիմիական մատիտով։ Նրա երկրպագուներն էլ ոչ միայն մազերն են «մոնրոյավարի» հարդարել, այլեւ ստեղծել են արհեստական «մոնրո-խալիկ»։

«Բրիջիդ Բարդոյի աջ կրծքին խալ կա» (վերնագիր դարձրած երգի տողը, հա՛, նրա մասին է – Կ. Ա.),- հաջորդ օրն իսկ հայտարարեց ֆրանսիական մամուլը, երբ նախորդ երեկոյան Բրիջիդը ռեստորանում ճաշել էր թափանցիկ զգեստով, որի տակից հստակ ընդգծվում էր խալը։ Ինչպես էր զայրացել կինոաստղի ամուսինը՝ Գյունտեր Զագսը, որը տղամարդկային միամտությամբ կարծում էր, թե խալի մասին միայն ինքը պիտի իմանա։ Բարեբախտաբար, բարքերը փոխվել են, եւ Բրիջիդը չարժանացավ անբախտ Սուսանի ճակատագրին (կարդա Շիրվանզադե՝ «Նամուս» -Կ. Ա.)։

Ի դեպ

Հաշվի առնելով խալերի բնավորությունը («մարմնամասային խալերի տիպոլոգիա» -Կ. Ա.), պիտի ասենք, որ իշխանատենչների, լիդերների «անձնագիրը» դեմքի խալն է։ Նյութական հաջողությունների «բանալին» պետք է փնտրել պարանոցին բազմած խալի տակ։ Եթե մեկը վեճերի, բանսարկությունների վարպետ է, նայեք ձեռքերին՝ խալեր հաստատ կլինեն։ Բախտից մի դժգոհեք, եթե ձեր ծնկանը խալ է «նստած», այն բոլոր բնագավառներում ձեզ հաջողություն է խոստանում։ Կրծքի խալը «փափուկ» բնավորության բնութագիր է (ամուսնական զույգերին սա պետք կգա – Կ. Ա.)։ Փորին խալ ունեցողներն արկածախնդիր են։ (Այդ մասին միայն տերը կիմանա – Կ. Ա.)։

ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Եթե դեռ չգիտեք, թե ով է ԱԺ-յան աթոռապայքարի ձեր թեկնածուն, ընտրություններից առաջ ուշադիր ուսումնասիրեք առաջադրվածների ակներեւ մարմնամասերը (ասենք՝ հեռուստաէկրանի նախընտրական բուկլետների եւ այլնի միջոցով – Կ. Ա.), միգուցե խալով գտնեք ապագա պատգամավորին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930