Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ

Ապրիլ 30,1999 00:00
Toto

Ռեպորտաժ դեպքի վայրից

Համայնական եռուզեռը խլացրեց թե՛ մուսաների, թե՛ թնդանոթների ձայնը։ Ամեն բանական էակ դաշտ ելավ։ Ջերմաստիճանի բարձրացման հետ աճեց ձգտումների վեհությունը եւ խորացավ մտքերի խորությունը։

Այս օրհասական պայմաններում անհնարին էր չգումարել ԱԲՇ (Ազգային բրոունյան շարժում) ակտիվի կուսակցության հերթական նիստը, եւ այն գումարվեց։ Քվորումն ապահովելու համար որոշվեց մասնակիցներին բաժանել մոտավորապես երկու հավասար մասերի եւ ստացված թվերը բազմապատկել։ Մի խոսքով, կայացավ…

Դիտորդներին փոխարինեցին խրտվիլակներով, անտառապահին ծեծեցին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հայտարարեցին «պերսոնա նոն գրատա», իսկ օրակարգ ընդունելուց ընդհանրապես հրաժարվեցին։ Նիստը բացվեց «Մեծ լացով»։ Հիշեցին բացակա ընկերներին, ծնողներին, սիրածներին ու Հայրենիքը։ Հետո իրար երեսի նայեցին եւ հոնգուր-հոնգուր արտասվեցին։ Հայտարարվեց ընդմիջում։ Համագումարը չլսելու դրեց Քրիստափորիչի՝ իրեն անարգանքի սյունին գամելու խնդրանքը եւ անցավ հրատապ հարցերին։ Ընտրվեց (նշանակել հնարավոր չէր) ստվերային կառավարություն։ Գյուղատնտեսության նախարարի գութանը հանձնվեց կարկառուն ԱԲՇ-ուկ, «Մաքուր գաղափար» ֆրակցիայի անդամ ՍԲ-ին (նախարարը ցանկություն հայտնեց անհայտ մնալ)։ Մթնեց… Լուսաբացի առաջին ճաճանչների հետ ելույթ ունեցավ վերահսկիչ կոմիտեի «մոխրագույն կարդինալ», ԽՄԿԿ անդամ 1937-ից, անուղղելի ռամկավար պրն Զահրումյանը եւ առաջարկեց օբյեկտիվ իրականությունը ընդունել որպես փաստ։ Առաջարկն անցավ միաձայն։

Երկարատեւ, բուռն ծափահարություններից հետո դարձյալ հայտարարվեց ընդմիջում։ Միաձայն քվեարկությանը դիմակայող ԱԲՇ-ուկները նախագահի համաձայնությամբ իջան ընդհատակ։ Ու եկավ պահը, երբ ժողովի մասնակիցները զգացին, որ կոմունիզմի ուրվականը շարունակում է թափառել Եվրոպայում, որ պայծառ ապագան ուր որ է կճայթի եւ սեփական շարքերից կհայտնվի մեկը, որ կստիպի բոլորին երջանիկ լինել։ Հասկացան պատգամավորները եւ սկսեցին ձանձրանալ։ Եվ երբ սովորականի նման կանայք սկսեցին խեղդել երեխաներին, իսկ երեխաները՝ սպանել ծերերին, խոսքը տրվեց Բրոունյան շարժման գաղափարախոս, անխորտակելի հածանավ, անսասան միչուրինական Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանին։ Ճառն ամբողջությամբ ներկայացնելը անհնար է, քանի որ որոշ արտահայտություններից հետո ԱԲՇ երեք անդամներ ինքնասպանություն գործեցին, իսկ մեկ մետաֆորից հետո մոտակայքում արածող բոլոր կովերի կաթը թթվեց։ Բերենք միայն հատվածներ՝ անեծքի ճառից։

«Հարգարժան պատգամավորներ, ես ձեր… ջրից հեռու… ասի մարդ եք, նրա… կիրակի օրերը՝ տասը անգամ։ Իսկ ինչ վերաբերում է գարնանային զարթոնքին, ես դրա զարթոնք ասողի… մեռելի խռխռոցն էլ վրայից»։

(Ողորմի քո անցավորներին, Քրիստափորիչ…)

Երիցս համոզվեց մարդկությունը, որ շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ։ Եվ քանի դեռ ուժ ու ավյուն կա ԱԲՇ-ուկների մոտ ինչ-որ բան լսելու եւ լսածի մի մասն էլ հասկանալու, քանի դեռ հնարավորություն է ընձեռված շփվելու անհատի հետ, որի դիագնոզը քոնից ծանր է, քանի կարող ես խմբագրել սեփական կենսագրությունդ եւ երեւակայությանդ անխոս հավատալ, դու անխախտելի իրավունք ունես ամեն օր դիմավորել Արարատյան դաշտի լուսաբացը։

Օ,ՋԱԼՈՅԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930