Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Ապրիլ 30,1999 00:00

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ Հաշված ժամեր են մնում, որ ժողովրդի բախտով հանկարծ մտահոգված այրերի նախընտրական ելույթներից մեր հեռուստացույցներից ծուխ դուրս գա։ Նախկին ու ներկա պատգամավորների եւ պատգամավորության նոր թեկնածուների անխախտ բլոկը հերթական անգամ հիշել է, որ Հայաստանում 18 տարեկանից բարձր բնակչություն կա, այսինքն՝ ընտրողներ։ Նույնիսկ այն պատգամավորները, որոնց փոխարեն Ազգային ժողովում կարելի էր քար դնել, վերջին ամիսներին «գլխի ընկան», որ ժողովրդի սոցիալական վիճակն աղետալի է, ու… սկսեցին խոսել, ավելի ճիշտ՝ ինչ-որ բան ասել՝ մի քանի անգամ կրկնելով ժողովուրդ բառը։ Մենք էլ, որպես ժողովուրդ, հուզվեցինք ու անհամբեր սպասում ենք այն լուսավոր օրվան, երբ հնարավորություն կունենանք մեր ձայնը տալու նրանց՝ քվեաթերթիկը ծալելով եւ խոթելով արկղի մեջ։ Դատարկ վերնամասերի մերօրյա շքահանդեսում մեզ՝ այս երկրի ակամա բնակիչներիս, վերապահված է քառամյա-փուլային գոյության իրավունք. մենք կանք կամ կարող ենք լինել միայն որպես ընտրող (սրան-նրան), իսկ մինչ այդ կամ դրանից հետո, երբ արկղերն արդեն հավաքված են, ու նորաթուխ-հնահոտ պատգամավորները՝ գրանցված, մենք կարող ենք նաեւ չլինել (ընտրություն կատարելու բացարձակ ազատության մեջ ենք)։ Ուստի, ժողովրդավարական զարգացման ուղին բռնած ու բաց չթողած այս երկրում պատգամավորների ընտրությունները պիտի դառնան համազգային տոն. ընտրողը իրեն պիտի զգա մարդ եւ քաղաքացի, իսկ ժողովրդի աչքից հեռու համամասնական ցուցակում թաքնված նույնիսկ միջակությունն իրեն պիտի զգա առաքյալ։ Եվ ուս-ուսի պիտի կերտենք մեր հայրենի բազարի ապագան։ Այդ ապագային կարելի է հասնել միայն թափանցիկ, ջինջ ու հստակ ընտրությունների միջոցով, որպիսիք կլինեն այս տարի, որպիսիք չեն եղել այն տարի։ Ի դեպ, ընտրությունների զուլալությունը գնահատելու են հեռվից եկած եւ մաքրության մեծ փորձ ունեցող նայորդներ։ Եվ որպեսզի մեր քաղաքացիական պարտքը մինչեւ վերջ կատարած լինենք, պատգամավորության թեկնածուների գերակշիռ մեծամասնությանն օգնելու նպատակով առաջարկում ենք նախընտրական ելույթի օրինակելի տեքստ։ Հաշվի են առնված պատգամավորության շատ թեկնածուների գրագիտության եւ գործի մեջ դրած գումարի չափերը։ 1. Բարեւ ձեզ, ժողովուրդ, հայրենակիցներ, հարգելի ընտրողներ, տիկնայք եւ պարոնայք, հայ ընտանիքներ, թերեւս… գուցե թե… այո՛, շատ դժվար է ձեզ համար… մեզ, ես… ոչինչ… հավատալ հերթական… բայց ինձ նման… չի եղել, ՀՀՇ-ն, կլանները… եւ մնացել են, եւ դուք… էս վիճակին հասցրին… բա առանց ինձ… չէ՞ որ ես, մենք… կուսակցություն, ռամկավար, ԻՄ, քո… հնչակ, դաշնակ… բայց մերը, եւ այո՛, անպայման ԱԺՄ… բա ե՞րբ էսքան… եղած-չեղած… բոստան չի… եւ թոշակները, այո՛… բարձր… շատ… չեն երեւալու եւ թոշակառու… ոչ մի դեպքում աղքատ… առանց հոգսի… նոր մեռնի… հայկական… մենք եկանք, բայց մեր ժողովուրդն իրեն հատուկ… բա ո՞նց… եւ ես այնտեղ… կտեսնեք… չմուծեք, քանդեք… գնամ հասնեմ… կերան ձեզ… եւ ուտենք, էս վիճակ չի… գնացի… կգաք… 2. 23 թվից… ասել կուզի… առանց արդյունաբերության… ու կերան… փոշիացման… արա, էս… հոգեւոր արժեքների վերացման… աշխատատեղեր բացենք… ժողովուրդ… վիճակ չի… հիշեք… գողությունը, այո՛… արմատները գցենք… վարկերը կերան… եւ մենք… ստվերում, բայց եկանք, որ… բարեկեցություն… կռիվ կա… բա ո՞նց… օրենքով… Սահմանադրություն, փոփոխություն… միջակի… էնքան ձեռներեցություն… կերան… գյուղատնտեսություն… քանդենք… օրենքի գերակայություն… շինենք մեր… նախնիների… ավանդատուներին… բա ո՞նց… մաս-մաս… վերջին հույսը… եւ ես, բայց մեր ժողովուրդն իրեն հատուկ… մեր հայրերը… գնացի… կգաք… ձեզ՝ «ուռնա», մեզ՝ ուռռա՜… B

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930