Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց այդքան դաժանություն

Ապրիլ 30,1999 00:00

Որտեղի՞ց այդքան դաժանություն Ապրիլի 12-ին առանձնակի դաժանությամբ ծեծի արդյունքում կյանքից զրկվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող, 21-ամյա Արսեն Դարբինյանը։ Դեպքը, որը ցնցել է Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներին՝ ճնշող է այն իմաստով նաեւ, որ սպանությանը մասնակից են դարձել հիմնականում անչափահասներ (խոսվում է, որ՝ մինչեւ 16 անձ)։ Չնայած այսօր հետախուզման մեջ է գտնվում մեկը, իսկ երեք հոգու՝ 16-ամյա Սողոմոն Հովսեփյանի, Պերճ Մատինյանի եւ 18-ամյա Գարեգին Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Որքան հայտնի է, գործի են դրվել երկաթե խողովակ, որով հարվածել են գլխին, բռունցքներ, քարեր։ Այս գործի նախաքննության փուլում, հավանաբար, ճիշտ է ձեռնպահ մնալ որոշ մանրամասներ նշելուց։ Անցյալ շաբաթվանից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ժորա Վարդանյան, մեղադրող՝ Վարդգես Գեւորգյան) սկսվեց մի քրեական գործի դատավարություն։ Այս սպանության որոշ դրվագներ նման են Արսենի սպանությանը։ Սպանվել է դարձյալ 20-ամյա մի երիտասարդ՝ Մոնթե Մելքոնյանի դպրոցն ավարտած եւ ազգային բանակից ընդամենը 10 օր առաջ վերադարձած Վարազդատ Հակոբյանը։ Սպանության մեջ մեղադրվում են Հրաչյա Այվազյանը (1979 թ. ծնվ.), Արման Սարգսյանը (1979 թ.) եւ Գագիկ Սուքիասյանը (1980 թ.)։ Վերջինս հայտնի է նրանով, որ Ղարաբաղի Մարտակերտի զինկայազորի դատախազ Վագիֆ Սուքիասյանի որդին է։ Պուշկին-Թումանյան փողոցի վրա այս հունվարի 22-ին տեղի ունեցած սպանությանն էլ մասնակցել են դարձյալ 15-ից ավելի երիտասարդներ։ Գործի են դրվել դանակ, շամպայնի շիշ, հրազեն, դարձյալ բռունցքներ, ու դարձյալ՝ մեկը՝ տասնյակի դեմ։ Տարօրինակն այն է, որ այս երկու սպանությունների պատճառը պրիմիտիվ է նույնքան. տղայական ինքնությունն առաջ տանելու խնդիր, մի դեպքում՝ «թենիսի որջում» քաղաքից եկածի եւ մասիվցիների, մյուս դեպքում՝ «Սիդնեյ» բարում հավաքվածների եւ Վարազդատի «ծանոթության»։ Երկու դեպքում էլ եղել են իրենց ընկեր համարողներ, որոնք կարող էին կանխել, սակայն չեն արել, կարող էին միջամտել՝ փախել են… Եվ, վերջապես, սպանելու առանձնակի դաժանությունը, ուտել, մինչեւ վերջ խփել եւ հագուրդ տալ սեփական չարությանը, սեփական բնազդներին։ Դատական նիստը մի անգամ հետաձգվեց. փոխվեց մեղադրողը։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 3-ին, ժամը 11-ին։ Տուժող կողմն այս անգամ եւ այսու դատարան կներկայանա իր դատապաշտպանով՝ Սաֆար Խաչատրյան։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել