Երեկ «Հայպետստանդարտի» նոր պետ Արմեն Ազիզյանի առաջին ասուլիսն էր։ Սկզբում ծանոթացնելով իր ղեկավարած հիմնարկության առաջնահերթ խնդիրների եւ իրենց առջեւ ծառացած հարցերի տեսական մոտեցմանը, պարոն Ազիզյանը այնուհետեւ նշեց, որ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նույն օրը առավոտյան մշակված մի շարք ստանդարտների հարցը։
Երեկ առավոտյան մշակվել էին հայկական կոնյակների, հավի, ձվի եւ անվադողերի ստանդարտները։ Ի դեպ, որպես ստանդարտացման կարեւորագույն նպատակներից մեկը, «Հայպետստանդարտի» ղեկավարը նշեց ներքին շուկայի պաշտպանվածության եւ արտադրության խթանման հարցը։ Երեկվա ընդունված ստանդարտների հարցում պարոն Ազիզյանի ասածը համապատասխանում է շուկայական մոտեցման ոչ թե հայկական, այլ միջազգային չափանիշներին։
Նախ կոնյակները։ Այսուհետեւ ընդունվել է հայկական կոնյակների համար միացյալ ազգային ստանդարտ։ Մասնագետների խորհրդակցությունը տվել է հետեւյալ արդյունքը. հայկական կոնյակ այսուհետեւ կարող է կոչվել միայն այն կոնյակը, որը արտադրվում է հայկական խաղողից, եւ որի շշալցումը կատարվում է Հայաստանում։ Սրա արդյունքում կոնյակ արտադրող գործարաններն այսուհետեւ չեն կարող սպիրտը բերել Բուլղարիայից, Իրանից կամ որեւէ այլ երկրից։ Սա իր հերթին հայկական ավանդական խաղողագործության համար լավ խթան կհանդիսանա. կոնյակի սպիրտի արտադրության համար պիտանի են համարվում միայն հայկական ավանդական ինը խաղողատեսակներ։ Դրանից բացի, այլեւս հայկական կոնյակ անունը չի կարող կրել այն խմիչքը, որն արտադրվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Ըստ «Հայպետստանդարտի» պետի՝ սա կբարձրացնի մեր կոնյակի հեղինակությունը ԱՊՀ ողջ տարածքում, ինչպես նաեւ լուրջ խոչընդոտ կհանդիսանա կեղծ կոնյակի լցման արտադրամասերին ԱՊՀ տարածքում։
Հաջորդը հավի ձուն է։ Ի դեպ, այս մթերքի համար ընդունված բավական ստվար փաստաթուղթ ուներ «Հավի ձու սննդային. Տեխնիկական պայմաններ» խրթին վերտառությունը։ Արմեն Ազիզյանի խոսքերով՝ այսօր հայկական ձու արտադրողները կարող են ապահովել ներքին շուկայի 60-70 տոկոսը։ Թուրքիայից եւ այլ երկրներից բերվող ձուն խստագույն ստուգման կենթարկվի։ «Հայպետստանդարտի» նոր որոշմամբ՝ բոլոր վաճառվող ձվերը պետք է լինեն կնքված, որտեղ գրված պետք է լինի արտադրման ամսաթիվը եւ արտադրող գործարանը։ Այսինքն՝ սպառողները, ձվի վրա կարդալով, պատկերացում կկարողանան կազմել, թե ինչ հնության ձու են իրենք ձեռք բերում։
Կարդացեք նաև
Ավտոդողերի հարցը նույնպես, պարզվում է, բավական ցավոտ հարց է։ Խոսքը արտասահմանում որոշակի մաշվածության աստիճանի հասած եւ մեզ մոտ վաճառվող ավտոդողերի մասին է։
«Հայպետստանդարտի» տվյալներով, դրանց թիվը հասնում է 150-200 հազարի։ Սա ոչ միայն կպաշտպանի հայկական դողագործությանը եւ կնպաստի երթեւեկության անվտանգությանը, այլեւ բնապահպանական բավական լուրջ նշանակություն ունի։ Փաստորեն, մենք դրսից բերում ենք ուրիշների թափոնը, այն վերջնականապես մեզ մոտ մաշացնում։ Պարոն Ազիզյանը խոստոցավ, որ այդ տիպի ավտոդողերը լուրջ փորձարկման կենթարկվեն մաքսային կետերում, եւ դժվար թե կարողանան ապահովել ստանդարտի համապատասխանությունը։ «Հայպետստանդարտի» երեք ստանդարտներն էլ կարելի է համարել դրական, միայն թե կառավարությունը հաստատի դրանք եւ, իհարկե, համապատասխան մարմինները ստանդարտների համապատասխանեցումը չարաշահումների նոր աղբյուր չդարձնեն։
Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ