Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՅՍՕՐ ԷԼ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ, ՈՐ ԻՆՁ ԱԶԱՏԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»

Ապրիլ 30,1999 00:00
Samvel Babayan

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ

-Մեր խոսակցությունն սկսենք բոլորի կողմից ընդունված այն ճշմարտությունից, որ մենք մի ազգ ենք, մի թիմ ենք, եւ տարբեր հատվածների, տեղայնականության հետ կապված բոլոր խոսակցությունները սին են եւ վնասակար: Բայց երբեմն Հայաստանից եւ Ղարաբաղից այնպիսի ձայներ են հնչում, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք իրար խանգարում ենք:

– Ոչ, ինձ չի թվում, որ մենք իրար խանգարում ենք: Նման տրամադրություններ են սերմանում որոշ ուժեր, որոնք ցանկանում են պղտոր ջրում իրենց ձուկը որսալ: Երեւի, ճիշտ կլինի, որ այդ մասին ժողովուրդն արտահայտվի, եւ մենք կզգանք, որ նման մթնոլորտ փորձում է ստեղծել քաղաքական վերնախավի մի մասը, եւ ժողովրդի տրամադրության հետ դա կապ չունի:

– Հնարավո՞ր է արդյոք, որ ձեր՝ ակտիվ քաղաքականություն, ընտրարշավ մտնելու հետ կապված, սրվեն Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հակասությունները:

– Չեմ կարծում, որ դրանով պիտի այդ հակասությունները սրվեն: Ինչ խորությամբ պիտի սրվեին, արդեն սրված են, դրանից ավել չի լինի: Ես մտածելով եմ քաղաքականություն մտել, ունեմ իմ տեսակետները, թե ինչպես է պետք դուրս բերել ժողովրդին այս ծանր վիճակից: Ամեն մի պատասխանատու մարդ պետք է իր առաջարկներն անի, թե ինչպես է հնարավոր շտկել վիճակը: Ես պատրաստվում եմ իմ այդ կոնկրետ առաջարկները հրապարակել մամուլում, եւ թող մարդիկ դատեն՝ որտեղից են գալիս իմ մտահոգությունները: Պետք չէ կարծել, որ եթե մարդը քաղաքականություն է մտել, ուրեմն անպայման ինչ-որ շահ ունի: Ես ոչ մի շահ չունեմ, բացի ժողովրդի նորմալ, բարեկեցիկ կյանքից:

– Որքանո՞վ եք դուք բնականոն համարում, որ Հայաստանի մի հատվածի ուժային նախարարը, որը ամբողջ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատար, նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է, ստեղծում է իր սեփական քաղաքական ուժը՝ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, որն ընտրությունների ժամանակ հակադրվելու է ձեր ղեկավարների կողմից հովանավորած «Միասնություն» դաշինքին: Այդ բախումը որքա՞ն է նորմալ պետության համար:

– Առաջինը՝ ես չեմ կարծում, թե որեւէ բախում է եղել կամ լինելու է: Երկրորդը՝ ես չեմ կարող մտնել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի մեջ զուտ գաղափարական պատճառներով:

– Այդ դաշինքի գաղափարներից որո՞նք են ձեզ համար անընդունելի:

– Ինձ համար անընդունելի է, որ այդ դաշինքը ստեղծվել է որոշակի մի նպատակով, որի հետ ես համաձայն չեմ: Ավելի մանրամասն ես չեմ ուզում խոսել դրա մասին՝ գուցե իմ հաշվարկները սխալ են, եւ հետո դա չփորձեն շահարկել: Ես ունեմ տնտեսության զարգացման իմ ծրագրերը եւ փորձելու եմ, որ հնարավորին չափ իմ առաջարկներն ընդունվեն: Այստեղ ես որեւէ բախում չեմ տեսնում:

– Բայց ձեր հովանավորած թեկնածուները ու «Միասնության» թեկնածուները ընտրությունների ժամանակ պայքարելու են իրար դեմ:

– Պետք է լինի ազնիվ պայքար, եւ այստեղ ուժային մեթոդներ չեն կիրառվելու: Իմ կարծիքով, դա չպիտի լինի:

– Ենթադրենք, մայիսի 30-ի գիշերը ընտրատարածք են մտնում «Միասնություն» դաշինքի կողմնակիցները, ֆիդայիները ու երկրապահները եւ փորձում են գողանալ քվեատուփը կամ ծեծել այլ թեկնածուների վստահված անձանց: Դուք ի՞նչ եք դրան հակադրելու:

– Ոչինչ, օրենքից բացի: Բայց ինձ չի թվում, թե այդպիսի դեպքեր են լինելու: Բոլորս հասկանում ենք, որ ընտրությունները պետք է ազնիվ լինեն, եւ խորհրդարանում իսկապես ժողովրդի ընտրյալները հավաքվեն:

– Դուք չե՞ք կարծում, որ հակազդելով ձեր քաղաքականություն մտնելուն՝ ձեզ կարող են ազատել նախարարի պաշտոնից:

– Խնդրեմ, որեւէ պրոբլեմ չունեմ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ ինքս եմ դիմել՝ ինձ պաշտոնից ազատելու համար: Ցանկացած պահին կարող են ազատել:

– Եվ դուք խաղա՞ղ եք հեռանալու:

– Իհարկե՝ խաղաղ: Ես ոչ մեկի համար խնդիր չեմ ստեղծի: Եվ այսօր էլ եմ խնդրում, որ ինձ ազատեն աշխատանքից: Պաշտոնն ինձ իսկապես կաշկանդում է:

– Ի՞նչն է, որ ձեզ դուր չի գալիս Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության մեջ, եւ դրանից տարբերվող ի՞նչ եք դուք անում Ղարաբաղում:

– 95 թվականի 130 միլիարդ դրամ բյուջեով Հայաստանի բնակչությունն ապրում էր համարյա նույն թշվառության մեջ, ինչ եւ այսօր՝ 260 միլիարդով: Այդ երկու անգամ ավելացումը կորում է կոնկրետ նորմատիվային ակտերում: Պարզվում է, որ պետական հիմնարկների, պետական բյուրոկրատիայի սպասարկման ծախսերը նույնպես աճել են երկու անգամ: Ասենք, նախարարն ունեցել է տարեկան 800 հազար դրամ ծախս իր ծառայողական մեքենայի վրա: Այսօր նույն ծախսը բյուջեում դարձել է 1 միլիոն 200 հազար դրամ: Նույնը՝ փոխնախարարը, վարչության պետը եւ մնացած պաշտոնյաները: Այդ գումարները, մեր կարծիքով, փոշիանում են: Ղարաբաղում այս նորմատիվ ակտերը փոխվել են, եւ բյուջեի մոտավորապես 30 տոկոսը գնում է աշխատավարձի բարձրացման ու ներդրումային քաղաքականության: Մենք առաջարկում ենք՝ նույնը անել Հայաստանում: Այսօր Ղարաբաղում ուսուցիչը ստանում է 21-25 հազար դրամ, թոշակառուն՝ 6-7 հազար, որովհետեւ, օրինակ, նախարարի ծառայողական մեքենայի վրա միլիոններ չենք մսխում: Մենք թվեր չենք ուռացնում՝ գումարները փոշիացնելու համար: Հրապարակեք Ղարաբաղի այս տարվա բյուջեն ձեր թերթում, թող տնտեսագետները այն քննարկեն, ճիշտն ու սխալը մեզ ցույց տան:

– Տնտեսական զարգացումը պետք է խորհրդարա՞նն ապահովի:

– Իհարկե, խորհրդարանը: Նա պետք է օրենքներով փոփոխություններ մտցնի նորմատիվային բազայի մեջ եւ հետեւի, որ այդ օրենքը կառավարության կողմից կատարվի: Առաջին հերթին դա վերաբերում է բյուջեին: Դա Սահմանադրությունից հետո պետության երկրորդ օրենքն է: Նրա պատասխանատուն ոչ թե վարչապետն է կամ նախագահը, այլ խորհրդարանը, այն մարդիկ, որոնք քվեարկել են այդ բյուջեի օգտին: Վարչապետը, կառավարությունը, պետությունը պետք է մեկ տարի ապրեն այդ օրենքով: Տնտեսական սխալների մեղքը, իմ կարծիքով, առաջին հերթին պատգամավորներինն է: Երբ բյուջեն ընդունելուց հետո նրանք վեր են կենում եւ սկսում են խոսել սեփականաշնորհումից կամ էլեկտրաէներգիայի սակագներից, դա արդեն պոպուլիզմ է: Չընդունեիք այդ բյուջեն, եւ վարչապետը նորը կառաջարկեր կամ նոր վարչապետ կլիներ՝ դրանով է տնտեսական իրավիճակը շտկվելու: Խորհրդարանը չպիտի թողնի, որ բյուջեում անհեթեթ թվեր գրվեն, իսկ ընդունած ռեալ թվերին պետք է տեր կանգնի՝ վերահսկելով կառավարությանը:

– Ձեր հավակնությունները սահմանափակվո՞ւմ են պառլամենտով, թե՞ դուք հետո ավելի առաջ եք գնալու:

– Այո, սահմանափակվում են պառլամենտով, որովհետեւ այնտեղ է, իմ կարծիքով, որ պետք է լուծվեն ազգի կարեւոր խնդիրները, որոնք այսօր իրենց բնույթով տնտեսական են: Ես այլ շահագրգռություն չունեմ, բացի Հայաստանի տնտեսական զարգացումից: Հայաստան ասելով, նկատի ունեմ նաեւ Ղարաբաղը:

– Մի քանի օր առաջ դուք լրագրողներին ասացիք, որ Ղարաբաղին վտանգ է սպառնում առաջին հերթին Հայաստանից: Խնդրում եմ վերծանել այդ արտահայտությունը:

– Ես նկատի ունեի, որ Հայաստանի ճիշտ տնտեսական քաղաքականությունն է կարող ապահովել Ղարաբաղի հաղթանակը: Եթե սխալ տնտեսական քաղաքականություն վարվի, պարտությունը հենց այնտեղից է գալու: Ինչ էլ այստեղ անենք, վիճակը չենք կարողանա փոխել: Այստեղից ելնելով եմ ես կարեւորություն տալիս խորհրդարանին: Նայեք տարբերմի կուսակցությունների ընտրական ցուցակները եւ կողմնորոշվեք: Ինձ թվում է, չի կարող գործարանի տերը պատգամավոր լինել եւ պաշտպանել ոչ թե իր բիզնեսի, այլ ժողովրդի շահերը: Դրա համար ես գտնում եմ, որ խորհրդարանում պետք է լինեն մասնագետներ, տնտեսագետներ, որոնք ի վիճակի կլինեն փոխել մաքսային, հարկային օրենքները, ճիշտ օրենքներ, ճիշտ բյուջե գրել, եւ դրանով աշխատեցնել տնտեսությունը:

– Եվ այդ ամենը անմիջականորեն կապվում է Ղարաբաղի անվտանգությա՞ն հետ:

– Իհարկե: Երբ պատերազմը սկսվում է, նույն հայաստանցի կամ ղարաբաղցի տղան պետք է գնա կռվի ու գնալուց առաջ պիտի իմանա, որ իր ընտանիքն ապահով է: Մի անգամ նա կռվեց եւ հաղթեց: Այսօր նրա ընտանիքը կարիքի մեջ է, եւ մինչեւ նա իր երեխայի բարեկեցության համար վստահ չլինի, երկրորդ անգամ չի գնա: 88-ից հետո մեր հաղթանակները հիմնված էին ազգի աննախադեպ ոգեւորության, պոռթկման վրա: Հիմա դա չի լինելու, եւ չի կարող լինել, եթե այդպես շարունակվի:

– Ի՞նչ է, մեզ նոր պատերա՞զմ է սպասվում:

– Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի պատերազմ չլինի: Կռիվը միշտ էլ կա: Եթե թույլ լինենք, ապա իհարկե, մեզ ուտելու են:

– Դուք լա՞վ եք ճանաչում այն մարդկանց, որոնց առաջադրել եք եւ պաշտպանում եք:

– Ոչ, կան մարդիկ, որոնց հետ ես ծանոթ էլ չեմ: Բայց վստահ եմ, որ նրանք ինտելիգենտ մարդիկ են, մասնագետներ են: Ես նրանց չեմ ընդունում որպես «իմ մարդիկ» պառլամենտում: Ցանկացած նորմալ, ինտելիգենտ մարդու հետ ես կարող եմ եւ պատրաստ եմ վիճել, բանակցել, համոզել եւ համոզվել: «Իմ մարդ», «նրա մարդ» հասկացություննե

րը չեմ ընդունում: Գուցե մեկն էլ իմ մասի՞ն է ասում, թե ես «այսինչի մարդն եմ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

P.S. Ես արդեն արտահայտել եմ իմ խիստ բացասական վերաբերմունքն այն փաստի նկատմամբ, որ Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը, ՆԳ եւ ԱԱ նախարարը եւ ԼՂՀ պաշտպանության նախարարը այդքան մեծ խանդավառությամբ լծվել են ապագա խորհրդարանում իրենց խմբակցությունների ստեղծմանը: Այսօր արդեն ակներեւ է, որ Ազգային ժողովի նոր կազմը՝ հնի նման կազմված կլինի նշված պաշտոնյաների «շեստյորկեքից»: Իսկ նման մարդիկ՝ հատկապես պատգամավորի կարգավիճակում, ունակ չեն որեւէ օգտակար գործ կատարել հասարակության եւ ազգի համար:

Մյուս կողմից, այս հարցազրույցում պրն Բաբայանն արտահայտել է զուտ տնտեսական դատողություններ, որոնք, կարծում եմ, պետք է հաստատվեն կամ հերքվեն Հայաստանի կառավարության պաշտոնյաների եւ մասնագետների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930