Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԱՀԻՇԱՏԱԿ ՄՏՔԵՐ

Ապրիլ 30,1999 00:00
Toto

Խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների երեկվա ճեպազրույցից

«Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանի խոսքից մեջբերենք հետեւյալ մեկնաբանությունը «Միասնություն» դաշինքի ղեկավարների համատեղ ելույթի վերաբերյալ. «Բացարձակապես չեմ նայել ոչ մի հոլովակ, ոչ մի հանդիպում։ Մոտավորապես կարող եմ ենթադրել։ Դե, պատկերացրեք, կոմսոմոլի ռայկոմում մարդը երիտասարդ ժամանակ երազել էր կենտկոմի առաջին քարտուղարի հետ միասին նստի վիճի։ Հիմա երազանքն իրականացել է»։

Պրն Արարքցյանը պարզաբանեց, թե ինչով է զբաղվելու պատգամավորական լիազորությունների ավարտից հետո. «Մի զբաղմունք ինձ համար կգտնեմ։ Ես պատգամավոր կամ ԱԺ նախագահ չեմ ծնվել։ Կաշխատեմ էլ, ամեն ինչ էլ կանեմ՝ ինչ է եղել։ Էդքան ծեր չեմ։ Կարող է եւ համալսարան վերադառնամ որոշ չափով»։

Նրա կանխատեսում-մտավախությունն էր, որ կոմունիստական նոմենկլատուրան է վերադառնում՝ խառնված ազգայնամոլական ուժերին. «Կարմրադարչնագույն պետություն ենք դառնում»։

Հայկոմկուսի խմբակցության ներկայացուցիչ Խորեն Սարգսյանին լավ են վերաբերվում անգամ կոմունիստներին ընդհանրապես բացասաբար վերաբերվող մարդիկ։ Թերեւս սրա պատճառները պարզ կդառնան, եթե ծանոթանաք նրա հետեւյալ դատողություններին՝ «Երեւի մինչեւ հիմա անօրեն երկրում էինք ապրում, որ հիմա «Օրինաց երկիր» են ստեղծել»։ «Ասում են, թե «Միասնության» մեջ միացել են ուժն ու խելքը՝ Վազգեն Սարգսյանը երեւի ուժեղն է, Կարեն Սերոբիչն էլ՝ խելոքը։ Բա դա խելոք մարդու ասա՞ծ է, որ ինքը ոչ էն գլխից, ոչ էս գլխից կոմունիստ չի եղել»։ «Հիմա, եթե ծծկեր երեխուն էլ թողնես՝ էլի չորեքթաթ կգնա դեպի Ռուսաստան»։ «Նախագահի խորհրդականները պատգամավորության թեկնածուներ են։ Դրանց ծրագրերը լսես՝ սաղ կոմունիստական են։ Բա դրանք հեչ խորհուրդ չե՞ն տալիս Քոչարյանին»։

ԱԺՄ խմբակցության ներկայացուցիչ Արշակ Սադոյանն առիթն օգտագործեց հակաքարոզչության համար։ Բնակչությանը կոչ արեց ձայն չտալ Խոսրով Հարությունյանին, քանի որ նաեւ վերջինիս շնորհիվ տապալվեց էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին օրինագիծը. «Իսկ ընտրողներից ամեն մեկի ընտանիքն՝ այս օրենքը չանցնելու պատճառով ամսական կորցրել է 1450 դրամ»։ Այնպես որ, ԱԺ նախագահը բոլորովին չփրկվեց Սադոյանի հետ մրցակցությունից խուսափելով՝ իր թեկնածությունն առաջադրելով ոչ այնտեղ, ուր ինքն է ապրում, այլ իր զոքանչի բնակավայրում։ Վերջին տեղեկությունը լրագրողներին էլի ճեպազրույցը վարողը փոխանցեց։

Ի դեպ, Արշակ Սադոյանը նաեւ մի կարեւոր խնդիր արծարծեց։ Հիշեցրեց ընտրական օրենսգրքի դրույթը, ըստ որի «գրանցված պատգամավորության թեկնածուները եւ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները»։ Մինչդեռ արդեն մինչեւ գրանցումն ու հիմնադրամների ձեւավորումն էին որոշ թեկնածուներ բուկլետներ բաժանել եւ այլն։ Պրն Սադոյանը նշեց, որ նման խախտումները գրանցումը չեղյալ հայտարարելու հիմք են։

ԱԻՄ խմբակցության քարտուղար Ներսես Զեյնալվանդյանը երբ վկայեց, թե չգիտեն՝ ապրիլի 25-ին ստեղծված իրենց նախընտրական հիմնադրամում գումարներ կա՞ն-չկա՞ն, հետաքրքրվեցինք, թե հապա ինչ միջոցներով է պատրաստվել «ԱԻՄ+»-ի գովազդային հոլովակը, որն այս օրերին ցուցադրվում է հեռուստատեսությամբ։ «Նվիրատուների հաշվին»,- այս էր պատասխանը։

Այս ճեպազրույցների ընթացքում շատ անդրադարձներ եղան մարզային հանձնաժողովների ղեկավարության կազմավորմանն առնչվող միջադեպերին։ Եվ հավասարակշռված հանձնաժողովների ձեւավորման ի դերեւ եղած հույսերի պատասխանատվությունը պրն Զեյնալվանդյանը վերագրեց այն կուսակցություններին, որոնք ինչ-որ բաժին ստանալու ակնկալիքներ ունեին։ «Առավոտը» նրան առաջարկեց մեկնաբանել այն տեսակետները, թե ներիշխանական պայքարի արտահայտություն էր տեղի ունեցածը, քանզի մի կողմում ուժայինների հովանավորյալ կուսակցություններն էին, մյուս կողմում՝ Քոչարյանի աշխատակազմում պաշտոնյաներ ունեցողները։ Ներսես Զեյնալվանդյանը բացառեց նման հակասությունները եւ սկսեց մեկնաբանել, որ իրականում «մի կողմում քաղաքական չկայացած ուժերն էին, մյուս կողմում՝ իրոք կուսակցությունները»։ Բայց խոսքն ընդհատեց, երբ տեղեկացավ, որ վերոհիշյալ տեսակետի հեղինակը «Շամիրամից» է. «Ես էլ գիտեի, լուրջ բան եք ասում»։

«Շամիրամի» խմբակցության ներկայացուցիչ Անժելա Բակունցը հենց այդպես էլ ներկայացնում էր ԱԻՄ-ի վերաբերմունքը, որ իրենց նախ մեղադրել էին, թե չպիտի մասնակցեին այդ բանակցություններին, եւ երբ իրենք ընդմիջումից հետո չէին վերադարձել, քանի որ անգամ վիրավորական էին համարում իրենցով գլխաքանակ ապահովելու ձգտումը՝ «Շամիրամին» սկսել էին իշխանամետության մեջ մեղադրել. «Իրենք ընդդիմադիր դարձան՝ մենք էլ կառավարության շահերը պաշտպանող»։

«Կարծում ենք, որ շատ էլ ճիշտ է, որ հիմնականում կառավարության ներկայացուցիչներն են ընտրվել հանձնաժողովների նախագահներ,- ասաց Անժելա Բակունցը,- հենց կառավարությունն էլ պիտի պատասխան տա ընտրությունների արդյունքների համար։ Դա շատ նորմալ է, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում»։

Թերեւս նաեւ համանման հայտարարություններն են հիմք դառնում այնպիսի պնդումների համար, որպիսիք եւ արեց «Հայրենիք» խմբի անդամ Պետրոս Մաքեյանը ՀՀՇ-ի հետ միասին նաեւ «Շամիրամին» անվանելով «իշխանությանը կուլ գնացածներ»։

«Երկրապահ» խումբն այս անգամ ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը։ «Առավոտի» հարցն էր, թե քանի որ «Միասնության» ցուցակը գլխավորող Կարեն Դեմիրճյանը հեռուստաելույթում խոսեց կոնյակի գործարանի սեփականաշնորհման սխալի կրկնության անթույլատրելիության եւ էլեկտրաէներգիայի սակագներին դարձյալ անդրադառնալու մասին՝ իրենց խումբը այժմ տրամագծորեն փոխելո՞ւ է դիրքորոշումը։ «Կոնյակի գործարանի սեփականաշնորհումն անցած փուլ է եւ, կարծում եմ, այդ հարցին անդրադառնալը նպաստավոր չի»,- ասաց Յուրի Բախշյանը։ Նաեւ նրա շնորհիվ տապալվեց էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին օրինագիծը, եւ այդ դիրքորոշումը բացատրել էր նախընտրական խնդիրներով, այլապես կողմ կքվեարկեր. «Կարծում եմ, ապագա ԱԺ-ում կանդրադառնանք այս հարցին»։

Յուրի Բախշյանի ամենահիշարժան մեկնաբանությունն այս էր։ Արմեն Դարբինյանը Սադոյանի հարցին պատասխանել էր ապագա կառավարության անունից, եւ Յուրի Բախշյանն այս առիթով ասաց. «Ցանկացած մարդ իրավունք ունի հավակնություններ ունենալու»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930