Ապրիլի 28-29-ին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով՝ «Առավոտը» տեղեկացավ, որ
… «Ար» հեռուստաընկերությունը «ընտրարշավը» փոխարինել է «մրցարշավ» բառով, որի տառերը արշավում են հատ-հատ ու միաբանվում էկրանին։ «Արը» նաեւ ազդարարում է. «Մեր հեռուստաընկերությունը կողմ է արդար ընտրություններին»։ Քանի որ մյուս հեռուստաընկերությունները նման խոստովանություն չեն արել՝ տրամաբանող հեռուստադիտողը տրամաբանում է, որ մյուս հեռուստաընկերությունները դեմ են, ուրեմն, արդար ընտրություններին։
… «Ա1+»-ի հեռուստադիտողը, եթե մանավանդ զգայուն է, կարող է աղիողորմ հեկեկալ Արթուր Ութմազյանի սրտաճմլիկ ձայնի կերկերումից. «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ…»։ Շարունակությունն ահեղաձայն սպառնալիք է. եթե մեր ձայները չտանք «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին՝ Հայաստանը լքողների թիվը կմեծանա։
… «Օրինաց երկիրը» հաջողություն է մաղթում քաղաքական բոլոր ուժերին, Եզդիների միությունն էլ, ի դեպ, եզդիներին կոչ է անում իրենց ձայնը տալ «Օրինաց երկրին»։
Կարդացեք նաև
… «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, հակառակը, իր հակաքարոզչությունն է շարունակում. «Գիշերը ՀՀՇ քնում՝ ցերեկը «Հանրապետական» են արթնանում»։ Այս (քնելու) առումով Դեմիրճյանին էլ է բաժին հասցնում դաշինքը, նրան վերագրելով 10 տարվա քնածություն։ Գրեթե լեթարգիական ցուցանիշ է։
… Այս դաշինքի մի հոլովակում, ի զարմանս հեռուստադիտողի, որը քաջ գիտի՝ «Ուժն է ծնում իրավունք», հնչում է մեծերին ու փոքրերին հավասարաչափ վախեցնող մի ձայն. «Ո՞ւմն է իրավունքը, ո՞ւմն է»։
… Մանկական «աշխատուժը» շարունակում են շահագործել գրեթե բոլորը, հատկապես՝ ՀՅԴ-ն։ Որբանոցի մանուկների անունից հայտարարվում է՝ «մեր ծնողներին մենք չենք ընտրել», դրան հաջորդում է մեծերին հղված հորդորը. «Գոնե դուք ընտրեք արժանավորներին»։ ՀՅԴ-ի բառապաշարով՝ մահ է (ազատություն չի՝ հաստատ)։