Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել ՀՀՇ ներկայացուցիչ Հուսիկ Մելտոնյանը։ «Նրա նկատմամբ իշխանությունները լուրջ ճնշում են կիրառել,- հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը,- նրան անգամ առաջարկել էին, թե թող նախագահ մնա, բայց տեղակալ ու քարտուղար ընտրելիս, իր ձայնը տա իշխանության թեկնածուներին։ Բայց Հուսիկ Մելտոնյանը պայմանավորվածություններ ուներ իրեն ձայն տված կուսակցությունների ներկայացուցիչների հետ, եւ նաեւ չցանկացավ դրանք դրժել»։
Անդրանիկ Հովակիմյանը հրաժարվեց հայտնել, թե ում միջոցով է իրականացվել ճնշումը, բայց «Առավոտին» հաջողվեց պարզել, որ խոսքը Հրազդանի ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մասին է։
ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ
Կարդացեք նաև
Օրերս կայացավ Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի հանդիպումը բուհի այն դասախոսների հետ, ովքեր առաջադրում են իրենց թեկնածությունները խորհրդարանական ընտրություններում։ Ռեկտորն իրավամբ կշտամբեց այն թեկնածուներին, որոնք դեկանատներում պեղում են իրենց ընտրատարածքներում ապրող ուսանողների հասցեները։ Չնայած պրն Մարտիրոսյանը չնշեց ոչ մեկի անունը, բայց «Առավոտին» այլ աղբյուրներից հաջողվեց պարզել, որ այդ դասախոսներից մեկը Լյուդմիլա Հարությունյանն է։
ՌԵՈՒՏԸ ՆՈՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ մասնավոր այցով Հայաստան է այցելել Անդրկովկասյան զինվորական օկրուգի նախկին հրամանատար գեներալ Ֆյոդոր Ռեուտը։ Նա ժամանակին մեղադրվում էր Հայաստանին զենք տրամադրելու մեջ։ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի պաշտոնանկությունից հետո՝ Ռեուտին էլ էին ազատել աշխատանքից։ ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությանն ուղղված մեր հարցմանը, թե ինչ նպատակով է գեներալ Ռեուտը Հայաստանում, պատասխանեցին, որ ոչ մի պաշտոնական տեղեկություն այդ մասին իրենք չունեն։