Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՒԶԵՑԻՆ ՄԻ ԿԻՍԱԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹՈՂՆԵԼ, ԱՅՆ ԷԼ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Ապրիլ 30,1999 00:00
KYH

Մարզային ընտրական հանձնաժողովների ղեկավարներն այլեւս բոլորը վերահսկելի անձինք են։

Սյունիքում համառորեն հրաժարական չտվող ԻՄ ներկայացուցչի դիմադրությունն ի վերջո դատարանը կոտրեց։ Այժմ, եռօրյա ժամկետում, կառավարությունը կորոշի Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի ղեկավարին։

Բնականաբար, Սյունիքի ՄԸՀ-ում «Միասնության» ներկայացուցիչ Զավեն Գրիգորյանի հայցը բավարարելով՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Համլետ Դավթյանի նախագահությամբ) երեկ վճռեց ԻՄ ներկայացուցիչ Սլավիկ Հովհաննիսյանին չընտրված համարել։

Զավեն Գրիգորյանի հիմնավորումն այս էր, որ ՄԸՀ-ի առաջին նիստի ժամանակ, որտեղ փակ գաղտնի քվեարկությամբ նախագահ էր ընտրվել Սլավիկ Հովհաննիսյանը՝ մեկ ձայնի առավելությամբ իրեն հաղթելով. խախտում էր տեղի ունեցել, քանի որ «Շամիրամի» առաջադրած Բելա Դանիելյանի փոխարեն նիստին մասնակցել էր Արտավազդ Զաքարյանը։

Ի դեպ, Սյունիքի ՄԸՀ-ի նախկին նախագահ Քոչար Դավթյանը, որն «Ընտրական օրենսգրքի» համաձայն ապրիլի 27-ին վարել էր նորընտիր ՄԸՀ-ի այդ առաջին նիստը, դատավարությանը չէր մասնակցել։ Նաեւ ներկա չի եղել ինքը՝ Սլավիկ Հովհաննիսյանը։ Պատճառը թերեւս այն է, որ դատական նիստը խիստ հապճեպ էր գումարվել, եւ նրանց չէին էլ հասցրել զգուշացնել։

Ըստ որոշ լուրերի, այս դատական նիստը կանխորոշել էր նախօրեին Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանի շուրջ 5 ժամանոց զրույցը Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանի հետ։ Թերեւս այս ամբողջ պատմության մեջ դեր ունեն նաեւ տեղային որոշ գործոններ՝ Զավեն Գրիգորյանը գորիսեցի է, իսկ Սլավիկ Հովհաննիսյանը՝ սիսիանցի։ Ի դեպ, ՄԸՀ-ի նախագահի թեկնածու է եղել նաեւ կառավարության ներկայացուցիչ, կապանցի Սոս Ղահրամանյանը, որին մարզպետի հովանավորյալ թեկնածուն էին համարում։ Այս մեկը ապրիլի 27-ին ինքնաբացարկ էր հայտարարել՝ գուցե դեր ուներ նաեւ, որ մարզպետ Ռոման Նավասարդյանի դիրքերն այժմ բավական խախուտ են։

Առանձին անդրադարձի նյութ է նաեւ «Շամիրամի» դերն այս պատմության մեջ։ Ապրիլի 26-ի երեկոյան ԿԸՀ-ից ուղարկված ֆաքսի համաձայն, «Շամիրամի» ներկայացուցիչը Սյունիքի ՄԸՀ-ում դարձել էր Արտավազդ Զաքարյանը։ ՄԸՀ նախագահի ընտրությունից հետո, արդեն ընդմիջման ժամանակ նոր ֆաքս էր ստացվել, թե «Շամիրամի» ներկայացուցիչը Բելա Դանիելյանն է։ Ընդ որում, երկու գրությունն էլ նույն ապրիլի 25-ի թվագրությունն ունեին եւ նույն 31 համարը։ Այս երկու փաստաթղթերի պատճեններն «Առավոտի» տրամադրության տակ են՝ ինչպես նաեւ երրորդը, որ ժամը 16։30-ին Շողեր Մաթեւոսյանի ստորագրությամբ ուղարկված գրություն է։ Ըստ այդմ, մի անձի փոխարեն ուրիշի անունը գրելը… տպագրական վրիպակ էր ընդամենը։ Թե ինչ խաղերի արդյունք էր այս ամենը, հեշտությամբ կարելի է կռահել։ Այնուամենայնիվ, անժխտելի է, որ ժամը 12-ին սկսված նիստին իրավունք ուներ մասնակցել Արտավազդ Զաքարյանը, իսկ Բելա Դանիելյանը իրավունք էր ստացել աշխատանքներին մասնակցելու միայն 16։30-ից հետո։

Ինչեւէ, դատարանի այս վճիռը բողոքարկման ենթակա չէ։ Ուստի մնում է միայն եզրակացություններ անել։ Մեկնաբանությունների համար դիմեցինք «ԱԻՄ+» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Մեխակ Գաբրիելյանին. «Ինձ համար միանշանակ է, որ դատարանը ճնշման տակ ու փաստերը խեղաթյուրելով է վճիռ կայացրել։ Փոխանակ «Շամիրամի» ուղարկած փաստաթղթերի մեջ քրեական տարրը բացահայտեին՝ հրահանգ կատարելով այսպիսի որոշում ընդունեցին»։

Ի դեպ, պարոն Գաբրիելյանը վկայեց, թե ճիշտ նման մի միջադեպ էլ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովում է տեղի է ունեցել, որտեղ տեղակալն ԱԺՄ-ից էր, իսկ քարտուղարը՝ ԱԻՄ-ից։ Երկուսի ընտրությունն էլ չեղյալ է հայտարարվել։

«Բարի» ընտրությունների համար սկիզբը բավական խոստումնալից է, այնպես չէ՞։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930