Ֆիլմից դեպի գուլպաներ, հետո՝ Կոսովո
Մի քանի անգամ արդեն տարբեր թերթերում խոսվել է Հայաստանում քրդերի վերաբերյալ ֆրանսիացիների կողմից նկարահանվող ֆիլմի մասին։ Շուտով կավարտվեն հայաստանյան նկարահանումները եւ խումբը կմեկնի Վենետիկում ու Փարիզում շարունակելու։
Որոշեցի հանդիպել ֆիլմի երկրորդական դերակատարներ Ժակի Ներսիսյանի եւ Անեմոնի հետ։ Ֆիլմն արեւելյան սիրո տխուր պատմություն է. Ժ. Ներսիսյանը ֆիլմում Փարիզում ապրող քրդի դերում է, իսկ տիկին Անեմոնը՝ նրա կնոջ։ Երկու դերասաններն էլ իրենց փոքրիկ դերերն ուղղակի մասնակցություն են համարում. «Արդեն սովորել ենք՝ 2-3 օր նկարահանվում ենք ու 7-8 օր հարցազրույցներ տալիս լրագրողներին»։ Իսկ ընդհանրապես, ավելի շատ հանգստանում են՝ արձակուրդային տրամադրության պես, շրջում Հայաստանով (մանավանդ, որ երկուսն էլ առաջին անգամ են Հայաստանում)՝ «Բավական զվարճալի ճանապարհորդություն է»։ Ընդ որում վճարման փոխարեն գորգ են վերցրել. Ֆրանսիայում, պարզվում է, հիմա ընդունված է՝ սարսափելի չափերի հասնող հարկերից խուսափելու փոխարեն որեւէ իր վերցնելը, եւ դա բավականին ձեռնտու գործարք է համարվում։
Դերասանների հետ պայմանավորվել էի սրճարանում։ Ժ. Ներսիսյանն արդեն եկել էր։ Անեմոնը եկավ՝ մի տոպրակ ձեռքին։ Մեջը՝ նարինջ ու մի տուփ կաթ։ Մատուցողուհուն երկար ժամանակ պատվեր էր տրվում՝ կես բաժակ մաքուր սառը ջուր, դանակ՝ նարնջի համար, 1 բաժակ կաթը եռացնել, առանց ջրի սուրճ բերել… Բերվեց ու արվեց ամեն ինչ, Անեմոնը պատրաստեց իր ըմպելիքները. «Մի քիչ տխուր է, որ անգամ այստեղ «Կոկա-կոլա» եք խմում։ Դեռ «Մակդոնալդս» չեք ուտում, բայց շուտով դա էլ կուտեք։ Ափսոս, այդ տխուր քաղաքակրթությունն այստեղ էլ է խցկվում։ Ոչ նա է խմելու բան, ոչ էլ նա՝ ուտելու»,- նարինջը ջրի մեջ ճզմելով նկատեց Անեմոնը։
Կարդացեք նաև
Խոսակցության նյութը շեղեցի դեպի կինոարվեստ։ Ժ. Ներսիսյանը Սերժ Ավետիքյանի միջոցով լավ տեղյակ էր Հայաստանի կինոարտադրության պրոբլեմներին։ «Ֆրանսիայում էլ կան կինոստուդիաներ, որոնց վիճակը վատ է։ Կարծում եմ, այս ֆիլմը, որի շատ դրվագներ նկարահանված են Հայաստանում, համագործակցության ճանապարհներ կարող է բացել։ Շատերը կուզենան այստեղի գեղեցիկ տեսարժան վայրերում նկարահանումներ անել»,- ասաց Ժ. Ներսիսյանը։
Ըստ Անեմոնի, այսօր ամերիկյան արտադրության ֆիլմերի ճնշմանը, երեւի Ֆրանսիան միակ երկիրն է, որ կարողանում է դիմակայել։ Ընդ որում Ֆրանսիայի կինոթատրոններում վաճառված բոլոր տոմսերի արժեքի որոշակի մասը պարտադիր փոխանցվում է ֆրանսիական կինոարտադրության հիմնադրամին։ Անեմոնը դժգոհ էր ամերիկացի կինոարտադրողների եւ այդ ֆիլմերը վաճառողների չափազանց անազնիվ եւ անպարկեշտ գործելաոճից։
-Ամերիկյան կինոարտադրության քաղաքականությունը հետեւյալն է. եթե, օրինակ, «Տիտանիկ» (այսինքն՝ աղմուկ հանած, հաջողության հասած ֆիլմ) են վաճառում որեւէ երկրի, դրա հետ միաժամանակ պարտադրում են գնել իրենց մի շարք ցածրորակ ֆիլմերից, այլապես չեն վաճառում։
Հայաստանում եղած այս օրերին Վիգեն Չալդրանյանը Ժակի Ներսիսյանին առաջարկել է Սերժ Ավետիքյանի հետ նկարահանվել իր նոր ֆիլմում։ Ժ. Ներսիսյանը, իհարկե, մեծ հաճույքով կգա Հայաստանում նկարահանվելու, բայց համաձայնություն չի տվել, քանի որ դեռ սցենարին ծանոթ չէ։
Հետաքրքիր էր՝ երկու դերասաններն էլ Ֆրանսիայում միայն իրենց բուն մասնագիտությա՞մբ, սիրած գործո՞վ են ապրում, թե՞… Ժ. Ներսիսյանն ասաց, որ 10 տարի առաջ հագուստի խանութ ուներ, բայց հիմա միայն ստեղծագործական կյանքով է ապրում։ Անեմոնը բացի թատրոնում աշխատելուց եւ ֆիլմերում նկարահանվելուց, հիմա փորձում է տնտեսական ակտուալ հարցերի մասին գիրք գրել։
-Ուզում եմ գիրք գրել վայրի, ծայրահեղ լիբերալ կապիտալիզմի հասցրած վնասների մասին։ Տնտեսական շուկայում արհեստականորեն սարքված, անազնիվ մրցակցություն է տիրում։ Ինչո՞ւ պետք է «Nike» խոշոր ձեռնարկության նավթից արտադրվող, մարդկանց առողջության համար շատ վնասակար այդ գուլպաներն ավելի թանկ գնով վաճառվեն, քան ձեռքով գործվածները։ Դա էկոլոգիական կարեւոր խնդիր է, որի բացասական հետեւանքները ժողովուրդն է վճարում, իսկ օգուտը շահում են այդ եւ նման ֆիրմաները։ Միջազգային մեծ ձեռնարկությունները ուժեղ ճնշումներ են գործադրում եւ անգամ քաղաքական գործիչները չեն կարողանում դիմանալ այդ ճնշումներին։ Պետք է կազմակերպել ժողովրդի դիմադրությունն այդ ճնշումների դեմ։
Զարմանալի է, որ ես այսքան տարի թատրոնում եմ խաղում, ֆիլմերում նկարահանվում եւ երբեք բավարար չափով գումար չեմ ունեցել իմ գրպանում։ Ու ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչու պիտի ես այդքան շատ աշխատեմ եւ ստանամ շատ քիչ, ինչո՞ւ են գողանում մեր աշխատած փողը։ Եթե ես խաղում եմ ֆիլմում կամ թատրոնում, ուրեմն ես եմ այստեղ գլխավոր անձը, ոչ թե իրենք։ Հետեւաբար ես պետք է կարգադրեմ, թելադրեմ պայմանները։ Իրենք իրենց արտադրանքներով կեղտոտում են հողը, օդը եւ իրենք իրենց տեր են զգում։ Մեծ փողեր են աշխատում, մեծ շահույթ ստանում եւ դրա հիման վրա իրենց տեր զգալու իրավունք են վերապահում։ Այդպես չէ. վերջում այդպիսով կարող են ազգերն ու ժողովուրդները վերանալ։ Ժողովրդի մեջ արդեն դրա դեմ պայքարի դուրս գալու տրամադրություններ են աճում։ Հենց այդ պատճառով էլ ես երբեք կոմունիստ չեմ եղել,- ասում է Անեմոնը, որը կապիտալիզմն ու կոմունիզմը նույն մեդալի 2 երեսն է համարում։
Նա պատմեց, որ Պարագվայում մի մարդ 28.000 հեկտար տարածք է վերցրել՝ ժողովրդի, լավ մասնագետների միջոցով մաքուր գյուղատնտեսական արտադրանք ստեղծելու համար։ Իսկ Ֆրանսիայում հիմա կան համայնքներ, որ իրենց առանձին դրամն են ստեղծել։ Միայն իրարից են գնումներ կատարում ու վաճառում, որ պետության հսկայական հարկերից խուսափեն։
-Մեր տված հարկերը պետությունը տալիս է միջազգային այդ խոշոր ձեռնարկություններին, որոնք մեր հաշվին հարստանում են։ Որոշել ենք դրա դեմ պայքարել ու հարկեր չվճարել։
-Իսկ այդ ձեռնարկությունները հարկ չե՞ն վճարում։
-Գրեթե՝ ոչ։ Օրինակ՝ «Կոկա-կոլայի» գործարան են հիմնում Ֆրանսիայում եւ ըստ պայմանագրի առաջին 10 տարին հարկ չեն վճարում։ 10 տարին անցնում է ու գործարանը տեղափոխում են մի ուրիշ երկիր։ Հարկեր վճարում են այն երկրներում, որտեղ եկամուտ չունեն կամ քիչ ունեն։ Այսինքն՝ չնչին գումարներ, իսկ որ երկրում մեծ եկամուտներ ունեն՝ չեն վճարում, խուսափում են։ Եվ, իհարկե, նրանք կաշառքներ են տալիս պետական չինովնիկներին,- շարունակում է հայտնի դերասանուհին։
Արդեն պարզ էր, թե ինչու Անեմոնը զրույցի սկզբին՝ իր բնական ըմպելիքները նախապատրաստելիս ափսոսանք հայտնեց «Կոկա- կոլայի» ու «Մակդոնալդսի»՝ Հայաստան ներխուժելու համար։ Հեղափոխական երանգով այս խոսակցությունը ինձ թույլ տվեց Կոսովոյի պատերազմի մասին էլ հարց տալ։
-Դա հիմարություն է։ Ուղղակի հնարովի պատերազմ է,- հեգնական ժպիտով պատասխանեց Անեմոնը։- Քաղաքակիրթ թվալու համար ամերիկացիները ռումբեր են ուղարկում մարդկանց վրա։ Լրիվ նոր կոնցեպցիա է՝ մարդասիրական պատերազմ, աբսո՛ւրդ։ Եթե ուզում են երկրագնդում մարդկանց քանակը պակասեցնել՝ դրա համար ուրիշ միջոցներ կան, թեկուզ հենց «Nike»-ի գուլպաներով (ծիծաղում է- Ս.Ս.)։ Ընդ որում սերբերը մեզնից են գնում այդ զենքը… Նախ՝ ամերիկացիները շահագրգռված են Եվրոպայում անկայուն իրավիճակ ստեղծել, եւ երկրորդ՝ նոր զենքերի փորձարկում է։ Այդ պատերազմում հաղթող չի լինի, մի նոր Վիետնամ կլինի։ Սերբերն իրենց հայրենիքում են, եւ հնարավոր չէ հաղթել մի ժողովրդի, որն իր տանն է։ Քանի որ սերբերը չեն կարող հաղթել եւ չեն էլ ուզում պարտվել, ուրեմն այդ պատերազմը վերջ չունի։
Իհարկե, խոսակցության թեման՝ քրդերի մասին ֆիլմը, կտրուկ փոխվեց, բայց գուցե մեզ համար ավելի հետաքրքիր էր։ Դերասանները չկարողացան իրենց դարդերը չպատմել. պարզվեց, որ թե՛ ֆրանսիացի, թե՛ հայ արվեստագետի ցավերն ու դարդերը շատ քիչ են տարբերվում իրարից։ Մի բան էլ. Ժակի Ներսիսյանը մեր հայ լրագրողների մասին ասաց՝ «ամաչկոտ են»։ Մտածում էի՝ տեսնես որոնց կամ ում է հանդիպել… որ այդքան բախտը բերել է…
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ