Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԵՔ ՄՈՒՐՃ ԿԱՐ

Ապրիլ 29,1999 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԵՔ ՄՈՒՐՃ ԿԱՐ Դատավորները հաճախ են դատական նիստերի ժամանակ անցնում խորհրդակցական սենյակներ՝ միջնորդություններ քննարկելու, բացարկներ ընդունելու-չընդունելու, վճիռներ-որոշումներ կայացնելու համար։ Այս փակ, արգելված սենյակների համար ասում են, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով, լրագրողն իր գրչով չի կարող մտնել։ Հատկապես նիստերի ժամանակ, նիստերի օրերին։ Սակայն վերջապես ինձ հաջողվեց մտնել, օրինակ, ՍԴ խորհրդակցական սենյակ։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ոչ միայն չմերժեց խնդրանքս, այլեւ ուղեկցեց ինձ այնտեղ։ Պարզ սենյակ է, կենտրոնում սեղան է՝ ինը հավասար մասերի «բաժանված» (տորթի նման է -Ռ.Մ.)։ – Ի՞նչ է խորհրդանշում այս սեղանը։ – Խորհրդակցական սենյակի սեղանը, նախ ասեմ, որ պատրաստվել է Կանադայի Գերագույն դատարանի խորհրդակցական սենյակի օրինակով։ Ինը առանձին ու հավասար մասնաբաժիններով առանձնացված են։ Աթոռները նույն տիպի են, բացարձակապես որեւէ առանձնացում չկա։ ՍԴ յուրաքանչյուր անդամ ունի իր մշտական տեղը՝ հավասար իրավունքներով, գործի վերաբերյալ կարծիքներ արտահայտելու հավասար հնարավորություններով։ – Իսկ սեղանին այս ի՞նչ մուրճեր են դրված։ Դրանք օգտագործվո՞ւմ են, ինչո՞ւ են երեքը։ – Մուրճերը մեր դատարան այցելածների նվերներն են։ Մուրճերը մեր պրակտիկայում չեն կիրառվում։ Դրանք ընդունված են Միացյալ Նահանգներում։ – Կարելի է ենթադրել, որ հուշանվերների մեջ ամենից շատ տեղ գրավում են մուրճիկնե՞րը։ – Դժվար թե։ Ամենաշատ նվերներ մենք ստանում ենք գրքերի ձեւով՝ տեղեկատվական գրքույկներ, իրենց դատարանների մասին տարբեր նյութեր։ Դրանք սիմվոլիկ են ոչ թե դատարանների, այլ այցելությունների ժամանակ, ինչպես, երեւանյան ավանդական միջազգային սեմինարները (այս տարի, ի դեպ՝ թվով չորրորդը)։ Նույն ձեւով մեր այցելություններին մենք էլ ենք տանում։ Այս մուրճիկները նվիրել են 1996-ին՝ Հայ իրավաբանների միությունը, մյուսը՝ Ամերիկայի իրավաբանների միությունը եւ երրորդը՝ Կալիֆոռնիայի նահանգային դատավորներից մեկը։ Այս սենյակում պահվում են ՍԴ այցելությունների ժամանակ նվիրված հուշանվերները։ – Պրն Հարությունյան, այս սենյակն իսկապե՞ս այսպես «տկլոր» է։ – Խորհրդակցական սենյակում քննարկումների ժամանակ ավելանում է ընդամենը մի համակարգիչ։ Մեր օրենքն այս առումով մի քիչ դաժան է ու խիստ, տարբերվում է մյուսներից. ՍԴ-ն որոշումը պետք է կատարի ամբողջությամբ եւ նիստից հետո հրապարակվի։ Ուրիշ երկրներում ընդհանուր որոշումը հրապարակում են, բայց ամբողջ որոշման տեքստը մշակվում է երկու ամիսների ընթացքում։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 2,5 տարի հետո վերջնական որոշումը նոր հրապարակել է։ Որոշումը բերվում է վերջնական տեսքի, այստեղ համակարգչի վրա հավաքվում է, կազմվում պարտադիր այս սենյակում՝ թե ինչ հարցեր դրվեցին քվեարկության, այդ հարցերի վերաբերյալ ինչպիսի քվե տվեցին դատարանի անդամները, գրվում է՝ որքան դեմ, որքան կողմ, մանրամասները նիստի վերաբերյալ, այնուհետեւ արձանագրությունը ծրարվում է, փակվում, որոշման վերաբերյալ եւ արձանագրությունը բոլորը պարտադիր ստորագրում են, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան այս կամ այն որոշման իրավականության վերաբերյալ։ Ավարտից հետո դատարանն այստեղից դուրս է գալիս նիստերի սրահ եւ հրապարակում որոշումը։ Այս սենյակից դուրս գալ չի կարելի մինչեւ որոշումը վերջնական պատրաստել-հրապարակելը։ Այս սենյակում, դատարանի անդամներից բացի, ուրիշ ոչ ոք գտնվել չի կարող՝ քննարկման եւ որոշման կայացման ընթացքում։ – Կապի միջոցներից օգտվելու ինչպիսի՞ սահմանափակումներ կան։ – Այս սենյակում կապի ոչ մի միջոց չի լինում, չկա (եւ չկար էլ -Ռ.Մ.)։ Ինչպես տեսնում եք, ո՛չ հեռախոս կա, ո՛չ կանչելու հնարավորություն կա, միջոց, եւ որոշում կայացնելու պահին, որպեսզի ոչ մի ազդեցություն չլինի որեւէ ձեւով, կամ չընդհատվի քննարկման-որոշման պրոցեսը, դրսի աշխարհից կտրվում ենք եւ կայացնում որոշումը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930