«Եթե տասը բալանոց համակարգով գնահատելու լինենք այս աշխատանքը, ես տասնմեկ կգնահատեմ»,- ասաց մոսկվաբնակ Ելենա Դեմիդյուկը։
Չորսամյա Ալեքսանդրա Դեմիդյուկը ծնվել է քիթ-ըմպանային անբավարարություն ախտորոշված խոսակցական ֆունկցիոնալ խանգարումով։ Երեխայի քիմքն ի ծնե պարալիզված է եղել։ Սա նշանակում է, որ խոսելիս քիմքն ու ըմպանն իրար չեն դիպչում, ի տարբերություն այդ արատը չունեցողների, եւ օդը բերանից քիթ է անցնում։ Արդյունքում երեխայի խոսքը բացարձակապես անհասկանալի է ստացվում կամ, ինչպես ընդունված է ասել, երեխան «խոսում է քթի մեջ»։
Ելենա Դեմիդյուկը՝ Ալեքսանդրայի մայրն ասաց, որ իր աղջիկը հաճախել է սովորական մանկապարտեզ եւ այնտեղ գրեթե ոչնչով չի տարբերվել հասակակիցներից, քանի որ այդ տարիքում բոլոր երեխաներն էլ վատ են խոսում։ Սակայն հեռանկարում ուրվագծվում էր դպրոցը։ Այսպես է, որ Ելենան Մոսկվայում սկսել է հավաքել տեղեկություններ, թե ինչպես կարելի է վերացնել նման արատը։ Ստանալով հայտնի լոգոպեդներ Իրինա Երմակովայի եւ Սվետլանա Տապտավոյի ուղեգիրը, Ելենան փոքրիկ Սաշայի հետ հայտնվել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության կլինիկայում («Ինձ Մոսկվայում ուրիշ ոչ մի տեղի համար չերաշխավորեցին»,- ասում է Ելենան)։ Ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը կարգադրել է ապահովել բուժման անցկացումը, իսկ քաղաքապետարանի առողջապահության բաժնի վարիչ Արա Մինասյանն իր հերթին հոգացել է վիրաբուժական բազայի խնդիրը։ Որպես այդպիսին, ընտրվել է Երեւանի թիվ 3 մանկական հիվանդանոցը, որի գլխավոր բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը հստակ կազմակերպել է աշխատանքները։
Խոսակցական ապարատի շարժուն հատվածներից անշարժ օրգանին «լաթով» նոր ուժ եւ իմպուլս հաղորդելու սկզբունքը հայտնի է դեռեւս անցյալ դարից, իսկ մեթոդներն առավել քան նոր են։ Այդ սկզբունքն իր մեջ մի «բայց» է ունեցել. վիրահատությունից որոշ ժամանակ անց, վերքի սպիացումից հետո դրված «կարկատանն» էլ է սպիանում, բարակում, եւ դրանով թուլանում է ստացված արդյունքը։
Կարդացեք նաև
Դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի տնօրեն Սարգիս Անանյանի կոսմետիկական մեթոդը վերացնում է այդ «բայցը» եւ ստացված արդյունքը տարիների ընթացքում մնում է անփոփոխ։ Այս տարվա ապրիլի 15-ին Ալեքսանդրա Դեմիդյուկին կատարվել է հենց այս վիրահատությունը։ Որեւէ արդյունք սովորաբար ակնկալում են երկու ամիս հետո։ Այն էլ մերսումներից, հատուկ վարժություններից հետո։ Սակայն Ելենան պատմում է, որ վիրահատությունից մի քանի ժամ հետո փոխվել է երեխայի ձայնի տեմբրը։ Իսկ մի քանի օր հետո Ալեքսանդրան իր տատիկի եւ հոր հետ խոսել է հեռախոսով։ Վերջիններս չեն ճանաչել նրա ձայնը։ Նման արդյունքը պայմանավորված է ոչ միայն հաջող վիրահատությամբ, այլեւ այն հանգամանքներով, որ ախտահարված չի եղել մանկան լսողությունը, երեխան ունի բարձր ինտելեկտ եւ հենց առաջին անգամ վիրահատվել է մասնագետի կողմից։ Երեխան հետագայում դեռ կլինի լոգոպեդի հսկողության տակ, եւ ճիշտ բուժման դեպքում Սարգիս Անանյանը երաշխավորում է խոսակցական ֆունկցիայի 98-100%-ոց արդյունք։ Ալեքսանդրայի վիճակի մասնագիտական գնահատականը Մոսկվայում կտան այն մասնագետները, ովքեր գնահատել են այդ վիճակը մինչ վիրահատությունը։ Հայաստանում այդ մասնագետը չկա, բացի այդ՝ այստեղ գործում է նաեւ ռուսաց լեզվի հանգամանքը։
Ալեքսանդրա Դեմիդյուկը նորաստեղծ կլինիկայի համար «թանկ» է նաեւ նրանով, որ առաջին դրսեկ հիվանդն է։ Բուժման ամբողջ ընթացքում նա եւ իր մայրն ապրել են կլինիկայի՝ արդեն կահավորված հիվանդասենյակում։ Սակայն կահավորանքի եւ բուժսարքավորումների կարիք դեռեւս զգում են վիրահատական եւ վիրակապական սենյակները։ Չնայած դրան, կլինիկայում իրականացվում են պարզագույն վիրահատություններ, բուժվում են տեղացի հիվանդներ, իսկ դրսից նորանոր հիվանդների դիմումներ են ստացվում։ Այնպես որ, ռեալ հնարավորություններ կան ռեգիոնալ կենտրոն դառնալու համար։
Ելենա Դեմիդյուկն ասաց, որ ապրիլի 28-ին Մոսկվայում պիտի ներկայանար այն հանձնաժողով, որն Ալեքսանդրային հաշմանդամության կարգ պիտի տար։ Մինչ գալը չգիտեր՝ կհասցնի՞ հետ գնալ այդ օրը, թե՞ ոչ։ «Այդ ժամանակն արդեն անցել է։ Ես չեմ պատրաստվում այլեւս հերթագրվել այդ հանձնաժողովին»։
ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ