Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք կհասնի

Ապրիլ 29,1999 00:00

Ընտրակաշառք կհասնի նաեւ հանգուցյալներին որոնց տրված ձայներն են որոշելու ընտրությունների արդյունքները Մեր ժողովրդին անշահախնդրորեն եւ մինչեւ վերջ ծառայել փափագող հարյուրավոր բարերարներ վերջապես տեսան այդքան սպասված կանաչ լույսը (այլապես ստիպված էին կարմիրի տակով անցնել)։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում ժողովրդին օգտակար լինելու ցանկության մեջ։Պատգամավորության թեկնածուների վճարունակ զանգվածն էլ սկսեց պայքարել եւ նույնիսկ պատերազմել միմյանց դեմ, թե ով պետք է ավելի շատ օգտակար լինի իր սիրելի ժողովրդին։ Այսպիսի պատերազմական (լավ առումով) ճակատ է ձեւավորվել Գեղարքունիքի մարզի թիվ 43 ընտրատարածքում, որտեղ առնվազն երեք պատգամավորության թեկնածուներ փորձում են անել անհնարինը մեր ժողովրդի ունեցած կորուստները փոխհատուցելու համար։ Այս ընտրատարածքում գրանցված է պատգամավորության 17 թեկնածու, որոնցից երկուսը՝ Ֆելիքս Սարգսյանը եւ Վազգեն Պողոսյանը, այժմ էլ ԱԺ պատգամավորներ են։ Նրանք շատ են սիրում իրենց աշխատանքը եւ որոշել են շարունակել աշխատել ի բարօրություն հայ ազգի։ Նրանցից չի ուզում հետ մնալ նաեւ Հակոբ Հակոբյանը, որն արդարացիորեն պահանջում է, որ իրեն եւս առիթ տրվի գեթ մեկ անգամ իր պարտքը կատարելու հարազատ ժողովրդի նկատմամբ։ Անցնենք մեր վերոնշյալ պատգամավորության երեք թեկնածուների կոնկրետ գործերի հիշատակմանը, քանզի «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»։ Եվ այսպես, չնայած Սեւանա լճի ջրի օգտագործման խիստ ռեժիմին, Ֆելիքս Սարգսյանը Սեւանա լճից խողովակաշար է կառուցում դեպի Արծվանիստ գյուղ։ Այս ջրատարի շնորհիվ ոռոգելի կդառնան տասնյակ հեկտար անջրդի հողեր։ Վազգեն Պողոսյանը կրկին Սեւանա լճից նման ջրատար է կառուցում դեպի Վազաշեն եւ Աստղաձոր գյուղերը։ Աստղաձորում պարոն Պողոսյանի նախաձեռնությամբ փորվում են արտեզյան ջրի մի քանի հորատանցքեր։ Այս գյուղում նման հորատանցք փորող մի մեքենայի շուրջ մեծ թվով գյուղացիներ էին հավաքվել։ Պարզվեց, որ այս մեկը կառուցվում է գյուղացիների ջանքերով։ Նրանք ցույց տվեցին այն ցուցակը, որտեղ նշված են տասնյակ մարդկանց անուններ, որոնք 10-25 հազար դրամ են տրամադրել նման հորատանցք փորելու համար։ «Տեսնում ես, տղա ջան, մենք հարյուր հոգով փող ենք հավաքել, բայց էլի չի բավարարում, իսկ մի մարդը տասը տեղ միանգամից է փորում»,- ասաց գյուղացիներից մեկը։ «Դա պետությունը պետք է անի, չի անում։ Հիմա Վազգենը պետության փողերով անում՝ իրեն է վերագրում»,- ճշտեց մեկ ուրիշը։ Աստղաձորի բնակիչներին ավելի շատ վրդովեցրել էր Վազգեն Պողոսյանի մեկ այլ բարեգործություն։ Պարոն Պողոսյանը շինանյութ է տեղափոխել գյուղի գերեզմանատուն, Հայրենական եւ Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հուշարձան կառուցելու համար։ Գյուղացիները վճռական են՝ թույլ չտալու դա։ «Ի՞նչ է, մենք այդքան մեռա՞ծ ենք, որ մեր հանգուցյալների շիրիմների վրա ինչ-որ մեկը պետք է հուշարձան կառուցի»,- վրդովված ասաց մի ծերունի, որը թվարկեց, որ միայն Հայրենականում ինքը չորս ազգականի կորուստ է ունեցել։ Աստղաձորի բնակիչ տիկին Սվետային պարոն Պողոսյանը խոստացել է 6 հազար դոլար՝ 3 ամիս առաջ ադրբեջանցիների կողմից գերի վերցված զինծառայող որդու փրկագինը վճարելու համար։ Արծվանիստ գյուղի դպրոցը լցված է գաջով եւ ցեմենտով։ Վազգեն Պողոսյանը նպատակ ունի վերանորոգել գյուղի դպրոցը։ Իսկ Ծովինարի գյուղապետ Վրույր Վարդանյանի տանը դատարկվել է մեկական բեռնատար ալյուր եւ շաքարավազ։ Վարդենիսի շրջանի Ակունք գյուղը գազամատակարարվում է։ Նույն շրջանի Լուսակունք գյուղի բնակիչներին էլ շինանյութ է խոստացել, սակայն այս առաջարկը մերժվել է, քանի որ գյուղացիները մտադիր են քվեարկել իրենց համագյուղացի Սերվանտես Խաչատրյանի օգտին։ Պարոն Պողոսյանը որոշել էր ջրագիծ անցկացնել նաեւ դեպի Ծովինար, սակայն հետագայում իր թեկնածությունն է որոշում առաջադրել նաեւ այս գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը, որը պարտադրում է, որ Վազգեն Պողոսյանը հավաքի իր փռած խողովակները։ Վազգեն Պողոսյանի հավաքած եւ Վազաշեն տեղափոխված խողովակների փոխարեն մենք տեսանք պարոն Հակոբյանի փռածները։ Հակոբ Հակոբյանը ջրագիծ է կառուցել Վարդենիկ գյուղի Իշխանավանքի գերեզմանատուն։ Բարեկարգվել է գյուղից գերեզմանատուն տանող ճանապարհը։ Գյուղացիները պատմում են, որ մահացածներին օգնություն պետք չէ, ճիշտ կլիներ դա արվեր դեռեւս կենդանիների համար։ Դա էլ է արվում, Վարդենիկում պարոն Հակոբյանը ջրի հորատանցքեր է փորում, մտադիր է ասֆալտապատել գյուղամիջյան ճանապարհը։ Զոլաքարը կիսվել է երեք մասի, որտեղ յուրաքանչյուրը փորում է իր ջրհորը։ Ժողովրդին կարելի է բաժանել մի քանի խմբի։ Շատերը պահանջում են, որ այս աշխատանքներն ավարտվեն մինչեւ մայիսի 30-ը։ «Մինչեւ ջուրը չտեսնենք ձայն չենք տա»,- ասում են նրանք։ Մյուսները հարց են տալիս. «Բա լավ կլինե՞ր, որ ոչ մի բան էլ չանեն, բյուլետեն լցնելով կեղծեին»։ Կան մարդիկ, որոնք էլ պատրաստվում են օգտվել ընձեռված հնարավորությունից, բայց՝ քվեարկել այլ թեկնածուի օգտին։ Այլ թեկնածուները՝ թվով 13 (նրանցից 17-րդին՝ Սեւակ Սահակյանին, կանդրադառնանք հետո) խոսում են գաղափարական թեմաներով, ժողովրդին համոզում են, որ «ոչ միայն հացիվ», պետք է մի քիչ էլ մտածել ապագայի մասին։ Բայց մեր ժողովուրդը շատ նյութապաշտ է, եւ զբաղվում է կարտոֆիլ ցանելով։ ԱԺՄ-ական կամ կոմունիստական թեկնածուներն այնքան էլ չեն ուզում խոսել ընտրակաշառքների դեմ։ Նրանք վախենում են, որ կկորցնեն ժողովրդի մոտ ունեցած ոգեղենիկ հեղինակությունը, որն ընտրաթերթիկում չի արտահայտվելու։ Թե չէ, պատկերացնո՞ւմ եք այն թեկնածուին, որ ասում է. «Պետք է քշել ջրագիծ կառուցող կամ ալյուր բաժանող այս թեկնածուին, նա ձեր վատն է ուզում»։ Իշխանությունների, կամ ավելի կոնկրետ՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հովանավորյալն այստեղ Ֆելիքս Սարգսյանն է, որը գյուղապետերին եւս դրամական ընտրակաշառք է բաժանել։ Սակայն ըստ շրջող լուրերի, Վազգեն Սարգսյանը կարող է փոխել իր դիրքորոշումը եւ պաշտպանել մոսկվահայ գործարար Սեւակ Սահակյանին։ Այդ դեպքում բոլոր երեք թեկնածուները կամ պետք է ապամոնտաժեն ջրատարները, լցնեն հորերը, պայթեցնեն ճանապարհները, թունավորեն սննդամթերքը, որպեսզի մեր ժողովրդի հոգսերը հոգալու բեռը իր ուսերին կրի պարոն Սահակյանը, կամ՝ այդ ամենը անվանակոչվի նրա անունով՝ հայաստանցի-սփյուռքցի հարաբերություններում սեպ չխրելու համար։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել