Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱ՞Ծ Է

Ապրիլ 29,1999 00:00

ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱ՞Ծ Է «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի եւ Վահան Վարդապետյանի ասուլիսի հենց սկզբում ՄԱԱ-ում երկար-բարակ պարզաբանումներ գնացին, թե ով ում բարեկամն է, ինչ է իրենից ներկայացնում «բաջանաղ» ասվածը, Վահան Վարդապետյանը նախագահ Վարդապետյանի ի՞նչն է։ Եվ հենց տեղում, առանց փաստերն աղավաղելու ասվեց, որ հորեղբոր տղան է։ Քաղաքական թատերաբեմում նոր-նոր հայտնված այս կուսակցությունը նախընտրական ստորագրահավաքում երկրորդ տեղն էր գրավել։ Կուսակցությունը մեկ այլ առանձնահատկություն եւս ունի՝ հայտնի է, որպես ջավախեցիների կուսակցություն։ Ասուլիսի ընթացքում ազնվորեն խոստովանվեց, որ կուսակցությունը ոչ թե «հող ու ջրի կուսակցություն է», այլ՝ մեկ գաղափարի շուրջը համախմբված մարդկանց կուսակցություն։ Հետո էլ պարզաբանումներ տրվեցին, թե ով որտեղից է, Ստ. Մարգարյանն, օրինակ, չթաքցրեց, որ ինքը ծնունդով ջավախեցի է, իսկ Վահան Վարդապետյանը խոստովանեց (եւ բազմիցս), որ ինքը Վանաձորում է ծնվել-մեծացել։ Կուսակցության երկու ներկայացուցիչները ամեն կերպ փորձեցին համոզել, որ իրենց կուսակցության կազմում նույնիսկ կիրովաբադցի կա, շիրակցի, ապարանցի… «Եկեք հայերին չբաժանենք ջավախեցիների եւ ոչ ջավախեցիների, առանց այն էլ հայերի մեջ բաժանումները շատ են(…)։ Իսկ որտե՞ղ չի Ջավախքը, եթե Հայաստանի բնակչության 1/6-րդ մասը կազմում են ծագումով ջավախեցիներ, նշանակում է յուրաքանչյուր կուսակցությունում ջավախեցիներ կան»։ Ջավախեցիների` տարբեր կուսակցություններում լինելը անխուսափելի համարվեց, նույնիսկ դաշնակցությունում եւ ԱԺՄ-ում ջավախեցիներ կան (բա՜…)։ Կուսակցության կարծիքով, հայրենիքը հզոր կարող է լինել ոչ թե ատոմային ռումբով, զենքով, այլ՝ գիտությամբ, կրթությամբ, տնտեսությամբ, մշակույթով. «Հզոր հայրենիքի գաղափարն ազգային գաղափարախոսության հիմնադրույթ է…»։ Ո՞վ է «Հզոր հայրենիքի» տերն ի վերջո, քանի որ բազմաթիվ անուններ են շոշափվում։ Բայց Ստ. Մարգարյանի կարծիքով, «եթե տերերը շատ են, ուրեմն տեր չկա»։ Ստացվում է, որ «Հզոր հայրենիքն» անտե՞ր է։ Անտեր չէ, ինքն է իրեն ստեղծել, եւ ինը ամիս կուսակցության գրանցումը ձգձգվել է։ Ո՞վ է հովանավորում կուսակցությունը. «… ՆԳ-ի հետ կապում են, որովհետեւ Հովհաննես Հունանյանի անունը կա, բայց նա մեր շարքերում չի, կուսակցության անդամ չի եւ չի կարող լինել, նա «Ջավախք» հայրենակցական միության անդամ է, եւ շատ համակրում է, ֆանատիկ ձեւով սիրում է Ջավախքը։ Վազգեն Սարգսյանի հետ կապում են, որովհետեւ Վ. Սարգսյանը եւս ունի ջավախեցի տեղակալ՝ Վահան Շիրխանյանը…»։ Կուսակցության ներկայացուցիչները մի քիչ վիրավորական են համարում, որ իրենց փորձում են տեր գտնել, նրանք այն կարծիքին չեն, թե Հայաստանում անտեր լինելը վատ բան է։ «Հզոր հայրենիքը» մերժել էր ԱԺՄ-ի առաջարկը՝ վիճակահանությամբ բաշխել ընտրական հանձնաժողովների ղեկավարության պաշտոնները։ Կուսակցությունը չի ընդունել այս առաջարկը, քանի որ պարզել է, որ «կան խաղեր անողներ, ընդհանուր պայմանավորվածությունից դուրս ներքին պայմանավորվածություններ են գնացել»։ «Ֆինանսական միջոցները որտեղի՞ց են գոյանում» հարցը որակվեց «շատ բարդ հարց» եւ խոսվեց շրջաններ մեկնելու համար անհրաժեշտ բենզինի եւ մեկ «բրդուճի» գումարի մասին։ Հիմնականում կուսակցությունը դեռ մեծ ծախսեր չի արել։ Իր շանսերը կուսակցությունը գնահատում է այսպես՝ 5 տոկոսն ապահովված է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «Հզոր հայրենիքը» դա մեր «Հայրենիքը» չի. մի առիթով հայտարարել է Էդվարդ Եգորյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930