Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էժան կտամ, լավը կտամ»

Ապրիլ 29,1999 00:00
cragir

ԱԺ պատգամավորության թեկնածուները՝ գործի դնելով իրենց ողջ հնարամտությունը, փորձում են նախընտրական գովազդի ՕԳԳ-ն հնարավորինս բարձրացնել։ Նրանք, ում բառապաշարը գրական խոսքերով այնքան էլ հարուստ չէ, չեն ընդունում ասուլիսի ժանրը։ Փոխարենը նպաստում են լուսանկարչական արվեստի ծաղկմանը՝ դրա համար զոհելով մեծ գումարներ եւ չխնայելով իրենց՝ որպես բնորդի։

Թեկնածուները նախընտրում են Ռոդենի «մտածողի» դիրքը։

Թեկնածուների «ոսկեբերան» մասը նախընտրում է ասուլիսներ կազմակերպել համ էլ «տելեվիզորով» կերեւան։

Երեկ վերոնշյալ կոնտեքստով շատ ասուլիսներ էին կազմակերպվել։ Մեկն էլ «Հայրենիք» դաշինքի անդամ Ռուբիկ Եգորյանն էր հրավիրել։ «Արմենպրեսի» սրահում այն անցկացնելուց առաջ պրն Եգորյանը մուծեց համապատասխան չափի գումար, ապա, ըստ գումարի չափի՝ սկսեց պատմել իր կենսագրությունն ու ներկայացնել գործունեության «լայն սպեկտորը»։

Քանի որ պրն Եգորյանի նախընտրական գովազդը ստանձնելու նպատակ չունենք, պարզապես կներկայացնենք նրա նախընտրական ծրագրի առավել ուշագրավ եւ անկյունաքարային կետերը։ Մասնավորապես՝ 2-րդ կետը, ուր ասվում է. «Թիվ 12 ընտրատարածքի ընտրողներին կոչ եմ անում ակտիվորեն հանդիպել ինձ հետ իրենց բակերում ամեն օր, ժամը 19-ին։ Ես կշրջեմ բակ առ բակ ամեն օր՝ ըստ նախապես տեղեկացվող գրաֆիկի»։ Բնականաբար, պրն Եգորյանը ամեն օր ժամը 19-ին բակ չի իջնում գործագործ կամ պահմտոցի խաղալու, քանի որ նա իր «ընտրազանգված է դիտելու բոլոր ընտրողներին՝ ե՛ւ աղքատներին, ե՛ւ հարուստներին, ե՛ւ ուսուցիչներին, ե՛ւ մտավորականներին, ե՛ւ առեւտրականներին, ե՛ւ ձեռներեցներին, ե՛ւ գործազուրկներին, ե՛ւ սոցիալական մնացած շերտերի ներկայացուցիչներին, քանզի ես ցանկանում եմ մտնել ԱԺ, որպեսզի պայքարեմ»։ (Չգիտես ինչու՝ այն կարծիքն է տարածված, որ վերոնշյալ բոլոր խավերին ԱԺ թեկնածուները պետք է սիստեմատիկ հանդիպեն ոչ թե ընտրվելուց հետո, այլ առաջ)։ Բայց կարեւորը պայքարելու վճռականությունն է։

Օրինակ՝ պրն Եգորյանը պիտի պայքարի, որ վերականգնվի հայ տղամարդու վիրավորված արժանապատվությունը, եւ նա կարողանա վերականգնել ընտանիքը կերակրողի իր կորած կերպարը։ Պիտի պայքարի, որ բոլորս կուշտ սնվելու հնարավորություն ունենանք։ (Հավանաբար նկատի ունի ախորժակ բացող հատուկ վիտամինների տարածումը բակ առ բակ)։

Ռուբիկ Եգորյանի նախընտրական ծրագրից պարզ է դառնում նաեւ, որ նա երախտապարտ է. «Եթե ժողովուրդն ինձ ընտրի, ապա ես պարտավորված կզգամ եւ շնորհակալ կլինեմ վստահության համար»։ Իսկ եթե չընտրի՝ պարտավորված չի զգա եւ, հետեւաբար, շնորհակալ էլ չի լինի։

ԱԺ թեկնածուների մեծ մասի ծրագրերը ոնց որ մի մարդու գրած լինեն։ Բոլորը խոստանում են պայքարել կաշառակերության դեմ։ Իսկ թե ով է ամենաբարձրը գոռում՝ «բռնեցեք գողին», բոլորս էլ գիտենք։ Պայքարի մյուս ուղղությունը զինվորական ծառայության ժամկետի կրճատումն է (Վազգեն Սարգսյանն էլ, ձեռքերը ծալած, դրան է սպասում)։ Հետո էլ, թե՝ «Հայաստանը պետք է հայաստանցիները կառավարեն»։ Կարծեմ նման մի խոսակցության ժամանակ էր նախագահ Քոչարյանը հիշատակել Моська-ին։ Մի խոսքով, որքան խորհրդարանական թեկնածուների նախընտրական ծրագրերին ծանոթանում ես, համոզվում ես, որ նրանց մեծ մասը գիտելիքներից նախընտրում են ալքիմիան, սոցիոլոգներից՝ Կարնեգիին, ռազմական գործիչներից՝ Չապաեւին, խմորեղենից՝ խնկալին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930