«Առավոտի» հարցը Զյուգանովին
-Գենադի Անդրեեւիչ, ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլիզադեի այն հայտարարությանը, թե պետք է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղակայել,- սա վերջին հարցն էր, որ տրվեց Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին ապրիլի 28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։
-Վատ եմ վերաբերվում, որովհետեւ միշտ էլ լրացուցիչ վնաս է հասցնում այն հանգամանքը, որ սեփական երկրիդ հարեւանությամբ ռազմակայաններ են հայտնվում։
Այս հարցուպատասխանը հետեւեց ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի այն հարցին, թե ինչու հարավսլավական հարցում ակտիվություն դրսեւորելով եւ միաժամանակ ձգտելով առաջատար ուժ լինել նաեւ Կովկասում, Ռուսաստանը նույնպիսի ջանադրությամբ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հարցով։ «Չէ որ,- հայտարարեց ադրբեջանցի լրագրողը,- ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելով հանդերձ, Ռուսաստանը զինել է Հայաստանին»։
Կարդացեք նաև
Գենադի Զյուգանովի պատասխանն այսպիսին էր. «Այո, երբ Բալկաններում սկսում են հազալ, ապա Կովկասում անպայման հարբուխ է լինում։ Դրանք կապակցված են, Եվրոպայի 2 ամենաբարդ տարածաշրջանները, որոնցում խաչմերուկվում է գրեթե ամեն ինչ՝ ուղղափառությունը, կաթոլիկությունը, իսլամը, եւ որոնցում բախվում են համաշխարհային շահերը։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, որպեսզի այն հնարավորինս շուտ կարգավորվի, մենք առաջարկություններ արել ենք։ Բայց ես չեմ հավատում պրն Ելցինի ոչ բալկանյան, եւ ոչ էլ կովկասյան քաղաքականության հաջողությանը։ Որքան շուտ նա հեռանա նախագահի պոստից, այնքան շուտ կառողջանա վիճակը եւ Ռուսաստանում, եւ Կովկասում, եւ թե Բալկաններում։ Ես կողմնակից եմ, որ շատ լավ հարաբերություններ լինեն եւ Հայաստանի, եւ թե Ադրբեջանի հետ, ու այդ նպատակով մեր քաղաքականության մեջ Ռուսաստանի Դաշնությունում ընդհանրապես, եւ Պետդումայի ռուս կոմկուսի շրջանակներում մասնավորապես, անում ենք հնարավոր ամեն ինչ»։
Տեսաք, թե ինչպիսի բազմակառույց նախադասություն արտաբերեց ռուս կոմունիստների առաջնորդը, եւ դա պատահական չէ։ Գենադի Զյուգանովը բացասաբար անդրադարձավ նաեւ Վիկտոր Չեռնոմիրդինի՝ Բալկաններում ՌԴ նախագահի ներկայացուցիչ նշանակվելու փաստին, հայտարարելով, թե նա չի կարողանում տրամաբանորեն միմյանց կապակցել 3 պարզ նախադասություն։
Ելցինի իմպիչմենտի վերաբերյալ էլ պրն Զյուգանովն ասաց, թե հարցը մնում է ուժի մեջ, եւ ավելի են ստվարանում այս նախաձեռնության կողմնակիցների շարքերը։
Հարավսլավիայի ռմբակոծման գործընթացի հետ միասին ծայր առավ նաեւ քրդական բնակավայրերի ռմբակոծումը Թուրքիայի կողմից, բայց դա աննկատ մնաց աշխարհի համար։ Անդրադառնալով լրագրողներից մեկի այս հարցադրմանը ռուս կոմունիստների առաջնորդը հայտարարեց, թե հիմա արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ թե կրկնակի, այլ եռակի ստանդարտներ են գործում։ Այս շարքում, առանց իր վերաբերմունքը որոշակիացնելու, Գենադի Անդրեեւիչը մատնանշեց թուրք-քրդական եւ չին-տիբեթյան հակամարտությունները։
Իսկ ընդհանրապես, Ռուսաստանի կոմունիստների առաջնորդը կարծում է, որ հարավսլավական պատերազմը նախաձեռնելով, ԱՄՆ-ը լուծում է մի խիստ էական հարց՝ չկամենալով Եվրոպայի ուժեղանալը, Վաշինգթոնը, պրն Զյուգանովի կարծիքով, ջլատում է Եվրոպան, որպեսզի այն չունենա միասնական արտարժույթ, տնտեսական ընդհանուր տարածք, եւ քաղաքական առանցքային հետաքրքրություններ։
Այս հիմքով էլ Եվրոպայի խորհուրդը, պրն Զյուգանովի կարծիքով, պիտի հստակեցնի իր դիրքորոշումը հարավսլավական հարցի վերաբերյալ, նույնպես նպաստելով, որ այդ խնդրի լուծումը ՆԱՏՕ-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխվի։
Այդ գործի ակտիվ մասնակիցը, Գենադի Զյուգանովի կարծիքով, առաջին հերթին պիտի Ռուսաստանը լինի, որին անհնար է մեկուսացնել։ Նման ձեռնարկ եղավ դարասկզբին, եւ արդյունքը պարզ է։ Իսկ Ռուսաստանն այն երկիրն է, ուր ապրում է մարդկության 15%-ը եւ որտեղ գտնվում է մարդկությանը հայտնի ռեսուրսների 35%-ը։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ