Որպես կանոն, կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանին աշխատում ենք չանդրադառնալ, քանզի նախորդ օրն արդեն այդ նիստի ամբողջական տեսագրությունը հեռուստատեսությամբ ցուցադրված է լինում։ Սակայն երեկ, չգիտես ինչու, չցուցադրվեց Պարույր Հայրիկյանի՝ վարչապետին հասցեագրած հարցադրումը, ուստի եւ հարկ համարեցինք ներկայացնել այն։
Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ մտահոգություն կար, որ կուսակցությունները կարող են բոյկոտել ընտրական հանձնաժողովների աշխատանքը եւ այդ պատճառով առաջարկվեց, որ կառավարությունը ներկայացուցիչներ ունենա հանձնաժողովներում։ Բայց որպես նախազգուշացում եւ «ահազանգ՝ հատկապես կառավարության համար» նշեց այն փաստը, որ վերջինիս 3 ներկայացուցիչները, միանալով «Օրինաց երկրին», «Միասնությանը», «Հզոր հայրենիքին», «Շամիրամին»՝ բոյկոտում են Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի աշխատանքները, որի ղեկավարը ԻՄ անդամ է։ Պարույր Հայրիկյանը «անհասկանալի» անվանեց կառավարության ներկայացուցիչների այս պահվածքը. «Ինչ խնդիր կարող էր ունենալ ներկայիս կառավարությունը 10 հանձնաժողովներից մեկում ԱԻՄ-ական նախագահ տեսնելու հարցում»։ Եվ ակնկալեց, որ այդ հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչները պիտի անմիջապես փոխարինվեն։
Կարդացեք նաև
Արմեն Դարբինյանը տեղյակ չէր այդ դեպքի մասին. «Բայց կարծում եմ, որ չարժե հեռուն գնացող եզրակացություններ անել կառավարության ներկայացուցիչների դիրքորոշման վերաբերյալ։ Կառավարությունն ամբողջապես պատասխանատվություն է կրում ընտրական գործընթացների կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման՝ օրենսդրությանը համապատասխանելու համար՝ այդ թվում եւ բոլոր այն ներկայացուցիչները, որոնք նշանակված են կառավարության որոշմամբ»։ Վարչապետը խոստացավ Սյունիքի այս միջադեպը քննության առարկա դարձնել եւ տեղեկացնել արդյունքների մասին։
Եվ Պարույր Հայրիկյանն էլ անմիջապես խնդրեց միաժամանակ քննել նաեւ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահին վերաբերող դեպքը. «Ընտրվել էր ոչ կառավարության ներկայացուցիչը։ Նրան կանչել էին կառավարական հեռախոսի մոտ զրուցելու։ Այդ զրույցից անմիջապես հետո հանձնաժողովի նիստին մասնակցած, որպես թեկնածու արձանագրված եւ ընտրված նախագահը կամովին հրաժարական էր տվել»։
ԱԻՄ-ի նախագահը նաեւ ասաց. «Ավելի լավ է այսօր հեռուն գնացող (եզրակացություն չասեմ) տագնապներ ունենանք, որպեսզի կանխենք հնարավոր վտանգները, քան թե վաղն ուշացած սուրեր ճոճենք»։
… Մնում է ենթադրություններ անել, թե այս ամենի մեջ ո՞րն էր կրիմինալը, որն այս հատվածը կրճատելու պատճառ դարձավ։
Ա. Ի.