Օրինակելին ինքդ ես Երեւանի թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության մի քանի թեկնածուներ պայմանավորվեցին, որ քաղաքի կենտրոնում գտնվող այս ընտրատարածքը պետք է օրինակելի լինի։ Այս հարցում պայմանավորվածության հասնելու նպատակով օրեր առաջ նույն ընտրատարածքում թեկնածու առաջադրված Ռուբեն Թորոսյանի կողմից հրավիրվել էին բոլոր 11 թեկնածուներն էլ, սակայն հինգը չէին ներկայացել։ Նրանցից մեկը ԱԺՄ վարչության անդամ, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով իր թեկնածությունն առաջադրած Շավարշ Քոչարյանն էր։
«Առավոտը» փորձեց պարզել՝ ինչո՞ւ չէր ներկայացել պրն Քոչարյանը, մի՞թե նա դեմ է, որ այն ընտրատարածքը, որում ինքն առաջադրված է մեծամասնական ընտրակարգով, օրինակելի լինի։ Պրն Քոչարյանը չթաքցրեց իր հատուկ կարծիքը օրինակելի դառնալու հավակնություն ունեցող տարածքի մասին, իսկ վերոհիշյալ պայմանավորվածությանը չմասնակցելը «երկու պատճառ ունի, առաջինը՝ այդ ժամանակ գնում էին այն բանակցությունները, որոնց մասին ասացի (ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու հարցի շուրջ կուսակցությունների հետ բանակցությունների մասին է- Մ. Ե.), երկրորդ պատճառը, ես դա հետո իմացա, եթե իմանայի, որ դա կատարվում է լրագրողներով, հեռուստատեսությամբ, ես ուղղակի չէի գնա, բացատրեմ ինչո՞ւ։ Այս տարածքը եղել է օրինակելի 98-ի ջարդուխուրդի ժամանակ, այստեղ կեղծիքներ չեն եղել, բայց դրա համար մենք ոչ ապագոռգոռ հայտարարություններ ենք արել, ոչ ասուլիսներ ենք հրավիրել, ոչ հեռուստատեսությամբ ենք հանդես եկել, ուղղակի պայմանավորվել ենք, նստել ենք, աշխատանքի բաշխում ենք կատարել թեկնածուներով եւ հասել ենք դրան։ Այստեղ ես ավելի շատ շոու եմ տեսնում»։
Մ. ԵՍԱՅԱՆ