Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-ՅԱՅԼԱ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՅԱ՜-ԼՅԱ՜- ԼՅԱ՜

Ապրիլ 29,1999 00:00
ajm

 ԱԺՄ-ն առաջարկել էր ընտրական հանձնաժողովներին մաս կազմող տասը կուսակցություններին վիճակահանությամբ բաշխել ընտրական հանձնաժողովների նախագահի, քարտուղարի եւ տեղակալի պաշտոնները տարբեր կուսակցությունների միջեւ։

«Առավոտն» արդեն անդրադարձել է այս հարցին եւ արձանագրել, որ դաշինքը չկայացավ, քանի որ «Միասնություն» դաշինքը, «Հզոր հայրենիքը», «Օրինաց երկիրը», ՀՀՇ-ն եւ «Շամիրամը» դեմ դուրս եկան այս նախաձեռնությանը։

Երեկ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը ասուլիս էր հրավիրել այս մասին առավել մանրամասն խոսելու նպատակով։ «ԱԺՄ-ն անչափ կարեւորում է այս ընտրությունները» եւ այն կարծիքին է, որ մինչեւ այսօր ընտրությունների գլխավոր կեղծարարը եղել է գործադիր իշխանությունը եւ նրա հենարան կուսակցությունները։ Նախորդ ընտրությունների համայնապատկերի վրա Շավարշ Քոչարյանը հիշեց, որ միշտ էլ բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովները եղել են «կեղծիքներ իրականացնող, կեղծիքները քողարկող եւ կեղծիքները վավերացնող մարմին»։ Անցյալի սխալների եւ կեղծիքների դեմն առնելու նպատակ ուներ ԱԺՄ-ի այս առաջարկը։ Առաջարկն ուղղված էր այն բանին, «որ նախ՝ կառավարությունը ղեկավար տեղերում չունենա մեկից ավելի պաշտոն, երկրորդ՝ չստացվի այնպես, որ մարզերում մեկ քաղաքական ուժ կամ կառավարությունը ունենա մեծամասնություն…»։ ԱԺՄ-ի առաջարկած այս սկզբունքներից առաջինին բոլոր տասը կուսակցությունները համաձայն էին։ Երկրորդ սկզբունքին դեմ էր միայն «Միասնություն» դաշինքը։

Հարցը վիճակահանությամբ լուծելու առաջարկը չընդունվեց մեծամասնության կողմից եւ բանակցությունները շարունակող ինը կուսակցությունները ուզեցին փոխհամաձայնության գալ։ «ԿԸՀ-ը մի կողմ դրվեց, որպես բարդ խնդիր, դրանից հետո մնացին 11 մարզ, քանի որ բոլոր կուսակցությունները հավակնում էին Երեւանի մարզային հանձնաժողովում ղեկավար պաշտոններ ունենալ, այս պարագայում որոշվել էր՝ եթե որեւէ կուսակցություն ստանում է նախագահի տեղ, ապա նա զրկվում է մեկ տեղից, եթե ունի տեղակալի կամ քարտուղարի տեղ, մեկից զրկվում է եւ այդ տեղը գնում է կառավարությունը կամ «միասնությունը», որը չի մասնակցում այս ընդհանուր համաձայնությանը»։

Ընդհանուր համաձայնությունից հետո կուսակցությունները բաժանվեցին՝ իրենց ղեկավարների հետ համաձայնեցնելու փաստաթղթի ստորագրումը։ Բայց գործողություններն այլ ընթացք ստացան. «Եկավ ՀՀՇ-ն ղեկավար կազմով եւ հայտարարեց, որ իրենք ցանկանում են լինել ազնիվ, չեն կարող երաշխավորել, որ այն որոշումը, որ կկայացվի, իրենք ի վիճակի կլինեն իրականացնել…»։ Արդյունքում՝ ՀՀՇ-ն դուրս եկավ համաձայնությունից։

«Շամիրամը» գնաց ու չվերադարձավ։ Մոտավորապես նույնը տեղի ունեցավ «Հզոր հայրենիքի» եւ «Օրինաց երկրի» դեպքում՝ «ասում էին՝ հիմա կգանք, բայց չէին գալիս»։

Արդեն գրել ենք, որ համաձայնության փաստաթուղթը ստորագրել են 5 կուսակցություն՝ ԱԺՄ, Կոմկուս, «Հայրենիք», ԱԻՄ, ՀՅԴ։ Պակասում էր երկու ստորագրություն։ Շ. Քոչարյանը հատուկ նշեց, որ «ցանկացած զիջումների գնում էին չորս քաղաքական ուժ՝ ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, «Հայրենիքը» եւ Դաշնակցությունը»։

Համաձայնության օրվա չարչարանքները նկարագրելով, Շավարշ Քոչարյանը հասավ ժամը 23-ին, երբ «եկավ «Օրինաց երկրի» ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ նա լիազորված է չստորագրել, դրանով իսկ սպասել «Հզոր հայրենիքին»՝ անիմաստ էր»։

Այս անհամաձայնության արդյունքում կառավարության հնարավորությունները մեծացան։ 12 հանձնաժողովներից 10-ում նախագահ է ընտրվել գործադիր իշխանության ներկայացուցիչը, Շիրակում նախագահ է ընտրվել «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչը, Կոտայքում՝ ՀՀՇ-ի ներկայացուցիչը, սակայն ճնշման հետեւանքով նա հրաժարական տվեց, որից հետո ընտրվեց գործադիր իշխանության ներկայացուցիչը։ Սյունիքում ընտրվել էր ԱԻՄ-ի ներկայացուցիչը, որից հետո «անհասկանալի խաղեր գնացին, եւ հիմա դատի են տվել։ Այստեղից երեւում է գործադիր իշխանության ձգտումը՝ լիակատար տեր դառնալ բոլոր մարզերում, այսինքն՝ նախագահի պաշտոնը ունենալ»։

Շավարշ Քոչարյանի կարծիքով, «գործադիր իշխանությունը սրանով իր վրա է վերցնում քաղաքական պատասխանատվությունը այն բոլոր հնարավոր կեղծիքների եւ դրանց քողարկման համար, որոնք կկատարվեն մարզային հանձնաժողովներում եւ ԿԸՀ-ում»։ ԱԺՄ-ի՝ վիճակ գցելու համբարձում-յայլայական առաջարկը մերժվեց, եւ վերջին հաշվով շահեց կառավարությունը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930