«Առավոտի» երեկվա համարում «Հինգն ընդդեմ հինգի» հրապարակման մեջ մեջբերվել էր Արարատ Զուրաբյանի պնդումը, թե վիճակահանությամբ ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները որոշելու նախաձեռնությունը, ըստ անգամ «Հայրենիքի» ներկայացուցիչ Սոս Գիմիշյանի, ի սկզբանե ծրագրված էր ոչ համաձայնության կայացման, այլ դրա ձեռքբերման անհնարինությունն արձանագրելու համար։ Այս առնչությամբ պրն Գիմիշյանը նշեց, թե իր խոսքը համատեքստից կտրվել էր. «Ես ասել էի, թե հարկավոր է շատ լուրջ վերաբերվել այս կարեւոր համաձայնության կայացմանը, իսկ եթե դա չհաջողվի՝ գոնե կմերկացնենք քաղաքական այն ուժերին, որոնք իշխանական թեւի ենթականերն են։ Եվ այսօր փաստացի արդյունքներն արձանագրելով կարող ենք նշել, որ 10 կուսակցություններից 8-ն ընդհանրապես տեղ չստացան հանձնաժողովներում։ Իսկ եթե համաձայնության հասնեինք՝ ամեն մեկը 3-ական տեղ կստանար»։
ԱՐՁԱԳԱՆՔ-2
«Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանն այդ նույն՝ «Հինգն ընդդեմ հինգի» հրապարակման մեջ իր խոսքին, թե «ուրախ եմ, որ տապալել եմ մի նախաձեռնություն, որի կողմնակից հնգյակից երեքը՝ ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն եւ ԱԻՄ-ը՝ նախագահի ստորադասների կուսակցություններ են», այժմ հավելեց. «Բայց ի տարբերություն ԱԺՄ-ի, որն անկախ որեւէ պաշտոնից իր սկզբունքներին չի դավաճանի՝ ինչպե՞ս համագործակցենք մյուսների հետ, որոնք այսպես թե այնպես նախագահի հենարանն են եւ միաժամանակ փորձում են ընդդիմադիրի կեցվածք ընդունել»։
Կարդացեք նաև
ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԹԵԿՆԱԾՈՒ Է
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում երեկ լսվեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայցը՝ ընդդեմ մարզային ընտրական հանձնաժողովի։ Ինչպես գիտեք, պրն Իսագուլյանին որպես պատգամավորության թեկնածու չէին գրանցել՝ պատճառաբանելով՝ իբր եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծիքներ կան։ Դատարանը (դատավոր Պողոսյան) բավարարեց Գառնիկ Իսագուլյանի հայցը։ Վերջինս մեր երեկվա զրույցում մտավախություն էր հայտնել, որ եթե դատավորը հայցը բավարարի, ապա նրա կյանքը երաշխավորված չէ։ Մեր այն հարցին, թե պրն Իսագուլյանը դարձյա՞լ այդ կարծիքին է, պատասխանեց, որ դատավորն իր պաշտպանության հարցերն ինքնուրույն կլուծի։ Դատարանում իր հաղթանակը Իսագուլյանը վերագրում է փաստաբան Ռուբեն Սահակյանին, իսկ դատի ողջ պրոցեսը համարում է նախընտրական արշավի սկիզբ։
«ՎԱՏ ԵՄ։ ՕԳՆԵՔ»
Երեկ խմբագրություն զանգահարեց Արծրուն Մարգարյանի սպանության գործով կալանավորված Արմեն Խաչատրյանի մայրը՝ տիկին Վարդուհին։ Նախ հայտնեց, որ իր առողջությունը գնալով վատանում է, որդու ձերբակալությունից հետո սրտի տագնապներ ունի։ Սրան գումարած՝ ողջ ընտանիքը անասելի կարիքի մեջ է։ Տան միակ աշխատողը, փաստորեն, Արմենն էր։ Տիկին Վարդուհին փորձ է արել ստանալ որդու չստացած աշխատավարձը Դավթաշենի 412 զորամասից։ Սակայն այստեղ աշխատավարձը տալ ամենեւին չեն շտապել. «Մինչեւ Արմենի խափանման միջոցը չփոխվի, աշխատավարձը չենք տա»։ Երեքշաբթի օրը տիկին Վարդուհին տեսակցել է որդուն։ «Լավ է, վատ չի, սպորտով է զբաղվում,- ասաց նա,- բայց, խնդրում եմ, անպայման գրեք, որ վիճակներս շատ վատ է, ես էլ ծանր հիվանդ եմ»։ Ինչը եւ անում ենք։
Սեփ. լր.