Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ ՀԱՀ-ՈՒՄ

Ապրիլ 29,1999 00:00
govazd

«Սրանք խայտառակ գներ են։ Որպես ունեւոր մարդ եմ պնդում, սրանք որեւէ թեկնածուի համար ընդունելի չեն լինի։ Երբեք ՀԱՀ-ի այս գների նույնիսկ կեսն էլ չեմ վճարի։ Ավելի լավ է այլ հեռուստաընկերություններին վճարես, որոնց ծրագրերն ավելի հետաքրքիր են ու մատչելի»,- ասաց «Արարատ Լադա» ընկերության պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը, որն այժմ առաջադրված է Կոտայքի թիվ 55 ընտրատարածքում։

Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի ապրիլի 27-ի թիվ 71 հրամանով որոշվել է ՀԱՀ-ի եթերում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուների քարոզչությունը կազմակերպելու կարգը։

Ըստ այդմ, եթերում սահմանվել են քաղաքական գովազդի հետեւյալ տեղերն ու գները՝

ա) ժ. 9-ի եւ 13-ի «Հայլուրներից» հետո մեկ րոպեի արժեքը 100 դոլարին համարժեք դրամ է (մնացած գները նույնպես փոխարժեքով են- Ա. Ի.),

բ) ժ. 17-ի եւ գիշերային «Հայլուրներից» հետո՝ 1 րոպեն 150 դոլար,

գ) ամենաթանկ գովազդը ժ. 21-ի «Հայլուրից» հետո եւ ժ. 22։10-23։00 ժամանակահատվածում է՝ 1 րոպեն 200 դոլար։

Առավոտյան եթերում հեռուստաելույթ կամ տեսաֆիլմ հեռարձակելու գները հետեւյալն են.

ա) մինչեւ 5 րոպե տեւողությամբ. 1 րոպեն 100 դոլար,

բ) 6-10 րոպե տեւողությամբ ընդհանուր արժեքը 750 դոլար,

գ) 11-15 րոպե տեւողությամբ՝ ընդհանուր արժեքը 1000 դոլար։

Ի դեպ, գովազդային հոլովակների, հեռուստաելույթների կամ տեսաֆիլմերի հեռարձակման ճշգրիտ ժամը ՀԱՀ-ը չի երաշխավորում։

Առանձին անդրադարձի նյութ է «Այսօր» ծրագիրը, որում հարցերի ձեւը եւ բովանդակությունը պայմանավորվածության առարկա չեն։ Այսինքն, ներքոբերյալ գումարները վճարելուց հետո ոչ մի երաշխիք չես կարող ունենալ, որ քեզ ձեռնտու լույսի ներքո կներկայանաս։ Կամ, ինչպես այլ առիթով արտահայտվեց մի գործարանի տնօրեն. «Ուրեմն, ես պիտի փող տամ, որ ինձ փորձեն կզըցնե՞լ»։ Սույն երկընտրանքի լուծումը թողնելով թեկնածուներին՝ ներկայացնենք «Այսօր» ծրագրով վճարովի հիմունքներով հանդես գալու համար սահմանված գները.

մայիսի 3-9-ը՝ 2000 դոլար,

մայիսի 10-16-ը՝ 2500 դոլար,

մայիսի 17-23-ը՝ 3000 դոլար,

մայիսի 24-27-ը՝ 3500 դոլար։

Ընդսմին, «Այսօր» ծրագրում հանդես գալու հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 1-ը, եւ սահմանված եթերային ժամանակը լրանալուց հետո ստացված հայտերը չեն բավարարվում։ Այնպես որ՝ թեկնածուներ, շտապե՛ք, տեղերը սահմանափակ են։

Եվ թող ձեզ չմտահոգի, որ կարող են ավելորդ հարցեր ծագել, թե որտեղից այս միջոցները։ Ի վերջո, մենք չենք հորինել՝ փող չունե՞ս, քաղաքականության մեջ մի՛ մտիր։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Արդեն երկրորդ օրն է՝ «Արժանապատիվ ապագա» կուսակցության գովազդը, փաստորեն, ներառնված է ժ.21-ի «Հայլուրի» մեջ՝ ցուցադրվում է «Եղանակի տեսությունից» առաջ։ Տեսնես, դա՞ ինչ արժե։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930