ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը վերջերս հանցավոր ճանաչվեց Քր. օրենսգրքի հոդվածներից մեկով՝ «դատապարտվելով ուղղիչ աշխատանքների՝ մեկ տարի ժամանակով, վաստակի 16 տոկոս բռնագանձմամբ»։ Համաներմամբ նա ազատվեց հետագա պատժի կրումից։
Ա. Հովհաննիսյանը մեղադրվում էր այն բանում, որ Գերմանիայի «Վտանգված ազգերի կազմակերպության» բլանկն է «կեղծել»՝ Բեռլինում իր կեցությունը երկարացնելու նպատակով եւ որ բլանկն էլ պատճենահանելով՝ «ձեւակերպել է իր ցանկալի բովանդակությունը», որն էլ ըստ վտանգված ազգերի կազմակերպության հայկական համագործակցության կողմից լիազորված անդամ Ժիրայր Քոչարյանի՝ բարոյական վնաս է ոչ միայն իրեն, այլ կազմակերպությանը պատճառել, եւ սպառնում է հայ-գերմանական հարաբերություններին։
«Առավոտը» ձեռնպահ մնալով հայ-գերմանական դատահարաբերությունները «վտանգելուց», ստորեւ տպագրում է դատական նիստի լուսաբանման իր այս տարբերակը։
Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն համայնքների դատախազի տեղակալ Ս. Բադալյանը, քննիչ Վ. Մուրադյանը, մեղադրող դատախազ Ղազինյանը եւ դատավոր Կ. Ստեփանյանը մութ սենյակում «բռնեցին» այնտեղ չգտնվող սեւ կատու, քանի որ ՀՀ գլխավոր դատախազը գրել էր, որ այնտեղ սեւ կատու կա։ «Բռնեցին», բայց այդպես էլ չցուցադրեցին. նույնիսկ նրան՝ ում մեղադրեցին մութ սենյակում սեւ կատու գցելու համար։ Բացատրեմ։
Կարդացեք նաև
Մութ սենյակը ԳԱԱ գիտաշխատող Ա.Հ.-ի դեմ հարուցված քրեական գործն է, սեւ կատուն՝ այդ գործից բացակայող կեղծված պետական փաստաթուղթը, կատու բռնելը՝ այդ գոյություն չունեցող փաստաթղթի չկատարած կեղծման համար նրան դատապարտելը, գլխավոր դատախազի գրածը՝ «կեղծիքների շուրջ քննություն կատարել» մակագրությունը, ուր նա կեղծիքների առկայության փաստը հաստատում է առանց քննություն անցկացնելու։
Սա հաշվեհարդար էր Ա.Հ.-ի նկատմամբ, քանի որ Արաբկիրի դատարանի եւ ՀՀ դատախազության կատաղի դիմադրության պայմաններում նա խափանեց Գերմանիայի քաղաքացի, այստեղ հզոր հովանավորներ ունեցող Ժ. Քոչարյանի՝ Ա.Հ.-ի բնակարանը խաբեությամբ ձեռք գցելու արկածախնդրությունը։
Հաշվեհարդարի մասնակիցները բոլորն էլ գործունակ անձինք էին, բայց նրանք ձեւացրին, որ չեն հասկանում, որ չափն անցկացրել են՝ Ա.Հ.-ին մեղսագրելով վարչակարգի դեմ կատարած հանցագործություն, այն դեպքում, երբ այստեղ հանցադեպի նշույլ իսկ չկա։ Նրան մեղսագրելով «պետական հիմնարկի, ձեռնարկության կամ հասարակական կազմակերպության տված վկայական, իրավունք վերապահող կամ պարտականություններից ազատող այլ փաստաթղթի կեղծելը» սարսափազդու հոդվածը, նրանք աչք չեն փակում այն ճչացող, աղաղակող փաստի առաջ, որ ոչ մի նման փաստաթուղթ գործում չկա, իսկ չեղածը կեղծել հնարավոր չէ։ Այդ մասին միջնորդություն է ներկայացվել քննիչին (անհետեւանք), հայտնվել է գլխավոր դատախազին (պատասխան չկա), հայտնվել է դատարանին (ոչ լսել են, ոչ էլ տեսել)։
Իսկ ի՞նչ են տեսել։ Տեսել են Ա.Հ.-ի ստացական-պարտավորագրի ինչ-որ մեկի կողմից հանված բազմաթիվ պատճեններից մեկը։ Ժ. Քոչարյանի տված ինչ-որ բլանկի վրա գրված՝ վերջինիս մոտ պահվող բնօրինակը գործում չկա, թեեւ այն գլխավոր դատախազին ներկայացվել է։ Ա.Հ.-ն իր պարտքից եւ պարտավորություններից չի հրաժարվում։ Բովանդակությունը փոփոխելու, կեղծելու մասին խոսք չկա։ Ահա սա է այն «պետական փաստաթուղթը», որ դեռ կեղծված էլ է։
Գլխավոր դատախազի մակագրության մասին արդեն ասվեց։
Քրեական գործ հարուցելուց 12 օր հետո միայն, 02.02.98 թ. երեկոյան, Ա.Հ.-ին այդ մասին հայտնելով, կայծակնային արագությամբ՝ 03.02.98 թ. քննությունն ավարտվեց, 04.02.98 թ. գործն ուղարկվեց դատարան, 06.02.98 թ. շաբաթ օրը հեռախոսազանգով նրան 10.02.98 թ. արդեն կանչեցին դատաքննության։ Մեղադրական եզրակացությունը, մեղմ ասած, անտրամաբանական է, անապացույց, անօրեն, ծիծաղաշարժ։
Դատավորը, շարունակելով Ա.Հ.-ին անպայման մեղադրելու նախաքննության գիծը, մեթոդաբար մերժեց նշվածները ապացուցելուն ուղղված, գործի համար վճռորոշ նշանակություն ունեցող բոլոր միջնորդությունները, մերժեց՝ առանց մերժումը հիմնավորելու։ Դատավորը նույն կերպ մերժեց նաեւ մեղադրող դատախազի բացարկումը, որն առանց քաշվելու բացահայտ կեղծ եւ անտրամաբանական փաստարկներով առարկում էր փաստերով, ապացույցներով, օրենքներով հիմնավորված բոլոր միջնորդությունների դեմ։
Բնական է, դատավորը մերժեց նաեւ իր նկատմամբ հայտնված բացարկը, թեեւ բացարկի հայտարարության մեջ լրիվ շարադրված էին այն փաստերը, որոնք հիմք էին տալիս կասկածելու, որ նա շահագրգռված է գործի ելքով։
Մի՞թե սա է մեր իրավական պետության հիմքերից մեկը, երբ գործի ելքով շահագրգռված դատավորը հենց ինքն է լուծում իր բացարկի հարցը։ Կամ գուցե այն, որ նա Ա.Հ.-ին չթույլատրեց բացարկի մերժման վերաբերյալ հայտարարություն անել։ Կամ գուցե այն, երբ նրան այդպես էլ ցույց չտվեցին իրականում կեղծված փաստաթուղթը։ Կամ գուցե այն, որ շինծու մեղադրանք առաջադրելով՝ այն տանելով բացահայտ մեղադրական ուղղվածությամբ, ի խախտումն ՀՀ Սահմանադրության (հ. 41), մի կողմից Ա.Հ.-ի վրա դրեցին իր անմեղությունն ապացուցելու պարտականությունը, մյուս կողմից՝ թույլ չտվեցին այդ անելու։ Կամ գուցե այն, որ ի վնաս Ա.Հ.-ի են մեկնվել ոչ թե գոնե «չփարատված կասկածները» (ՀՀ Սահմանադրություն, հ. 41), այլ անառարկա հորինվածքները։ Ա.Հ.-ն դատապարտվեց.
Թեեւ չտեսան գրված զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գնում։
Թող ներեն Թումանյանին «կեղծելու» եւ «օգտագործելու» համար (կարող է դրա համար էլ գործ սարքեն)։ Ա.Հ.-ն Սիբիր չի գնա (համաներման տակ ընկավ)։ Կմնա Ա.Հ.-ին դատապարտելու ամոթը։ Բայց ոչ Ա.Հ.-ի համար։ Ամոթը Հայաստանի իրավապահ համակարգինն է։
ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ