Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,1999 00:00

ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ինֆլյացիան, 1996 թ. պլանավորված 14 %-ի փոխարեն, կազմել է 5,7 %, 1997 թ.՝ 10,5 %-ի փոխարեն, 21,9 %, 1998 թ, 10%-ի փոխարեն տեղի է ունեցել 1,3 % դեֆլյացիա։ 1999 թ. առաջին եռամսյակում գներն աճել են 3,6 %-ով, որից հունվարին՝ 4%-ով, փետրվարին չեն փոխվել, մարտին արձանագրվել է 0,4 % դեֆլյացիա։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ինֆլյացիոն զարգացումները եւս չեն տեղավորվում պլանավորված սցենարում։ Առկա է երկու հիմնական պրոբլեմ. ինֆլյացիայի պլանավորման ու գնահատման մեթոդը եւ ինֆլյացիոն սցենարի կառավարման օրենսդրական կարգավորումը։ Ինֆլյացիան եւ տնտեսական քաղաքականությունը Ինֆլյացիան սպառողական նշանակության ապրանքների եւ ծառայությունների գների աճն է նախորդող ժամանակաշրջանի համեմատ (նվազումը անվանվում է դեֆլյացիա)։ Ինֆլյացիայի բացակայությունը կամ հնարավոր ցածր տեմպը արժույթի միջազգային հիմնադրամի առանցքային պահանջներից մեկն է ցանկացած երկրում տնտեսական քաղաքականության իրականացման առթիվ։ Ինֆլյացիայի այս կամ այն մակարդակի տակ հարմարեցվում է տնտեսական քաղաքականության որոշակի մոդել, ընդ որում՝ ինչպես դրամավարկային կարգավորման, այնպես էլ՝ հարկա-բյուջետային ոլորտներում։ Օրինակ՝ ինֆլյացիայի ցուցանիշով են ճշտվում բյուջետային ծախսերի նորմատիվները կամ կանխորոշվում դեֆիցիտի մակարդակը։ Սակայն ինֆլյացիան երբեք չի կարելի դիտարկել որեւէ քաղաքականություն իրականացնելու միջոց, ինչը հատուկ է անփորձ տնտեսագետներին։ Վտանգավոր է նաեւ ինֆլյացիան (կամ նրա բացակայությունը) որպես տնտեսական քաղաքականության հիմնական նպատակ դիտարկելը։ Այն ավելի շուտ որեւէ քաղաքականության երկրորդային արդյունքն է, կամ արդյունքների մեջ՝ «կորուստը»։ Օրինակ, տնտեսական աճի ապահովման նպատակով պետությունը կարող է իրականացնել էմիսիա ՝ ուղղված կապիտալ ակտիվների ստեղծմանը կամ բանկերի վարկային պոտենցիալի մեծացմանը։ Վատագույն տարբերակն է էմիսիայի միջոցով բյուջեի ընթացիկ ծախսերի ֆինանսավորումը։ Ինֆլյացիայի մակարդակի վտանգավորության աստիճանի գնահատականն այս դեպքերում կապված է ակնկալվող արդյունքների ստացման հետ։ Պետք է տարբերել ինֆլյացիայի երկու տիպ։ Առաջին՝ ինֆլյացիա փողի արժեզրկմամբ։ Տվյալ դեպքում գները նոմինալ աճում են, սակայն ապրանքները ռեալ չեն թանկանում եւ պահպանում են իրենց գինը ոսկու կամ որեւէ կայուն արժույթի հանդեպ։ Երկրորդ՝ ինֆլյացիա առանց փողի արժեզրկման։ Դա կարող է տեղի ունենալ գնողունակության բարձրացման հետեւանքով՝ եկամուտների կամ ազգային հարստության ավելի հավասարաչափ բաշխման շնորհիվ։ Մեր իրականությունում սովորաբար ընկալվում է առաջին տարբերակը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում ինֆլյացիոն լուրջ պոտենցիալ է կուտակված կենսամակարդակի շատ թե քիչ բարձրացման դեպքերի համար։ Մասնավորապես, ցածր գնողունակությամբ են պայմանավորված մեր շուկայում «ջրի գնով» ապրանքների իրացումը (հատկապես՝ գյուղատնտեսական), մարդկանց հակումը՝ գնել էժան, թեկուզ անորակ ապրանքներ, նախկինում ձեռք բերված իրերի մեծ քանակությամբ վաճառքը եւ այլն։ Այս գործոնները որոշակի դեֆլյացիոն ճնշումներ են ստեղծել։ Գնահատման մեթոդի շուրջ Տարածված կարծիքի համաձայն, ինֆլյացիան անխուսափելի է, երբ փողի զանգվածն ավելի արագ է աճում, քան՝ ապրանքայինը։ Մասնավորապես, Հայաստանի կենտրոնական բանկում կարծում են, որ դրամական զանգվածի 1 % աճը ընդունակ է առաջացնելու 0,75 % ինֆլյացիա, ընդսմին, տարբերություն չդնելով, թե դրամական զանգվածն ինչի հաշվին է աճում՝ կանխիկ դրամի՞, թե՞ դոլարային ավանդների։ Իրականում ինֆլյացիան բազմագործոնային երեւույթ է։ Այդ գործոնների մի մասը հնարավոր չէ ճշտիվ կանխատեսել եւ դրանք ի զորու են գների վրա ազդել անկախ դրամի քանակության փոփոխությունից։ Այդպիսի գործոններ են, օրինակ, ներմուծման գների փոփոխությունը (միջազգային գների կամ որեւէ երկրի հետ առեւտրային պայմանների փոփոխության արդյունքում), ինֆլյացիոն սպասումները, փոխարժեքի տատանումները, սոցիալական խավերի միջեւ փողի զանգվածի բաշխման կշիռները (եթե, օրինակ, փողի 90 %-ը գտնվում է ընտանիքիների 10 %-ի մոտ, ապա գները կշարժվեն այդ 10 %-ին սպասարկող ապրանքնախմբերում, որոնք հիմնականում կլինեն պերճանքի առարկաներ)։ Գյուղատնտեսական մթերքների գների վրա ազդում են տվյալ տարվա կլիմայական պայմանները, որից կախված է բերքատվությունը։ Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկի եւ ակցիզների) փոփոխությունը կամ հարկային վարչարարության ուժեղացումը եւս ազդեցություն ունի գների վրա։ Գների աճման վտանգով է հղի շուկայում մենաշնորհների գոյությունը։ Ինֆլյացիայի փաստացի տեմպերի հաշվարկման նպատակով, զուտ տեխնիկական պատճառներով, գների փոփոխությունները գնահատվում են ոչ թե բոլոր ապրանքների (ինչը ենթադրվում է պլանավորելիս), այլ դրանց մի մասի (առավել պահանջարկ վայելող) համար։ Հետեւաբար, նշանակություն է ձեռք բերում, թե որ ապրանքախմբերն են ընտրվում եւ ինչպիսի կշիռներով։ Չգիտես ինչու, այս տեխնիկական, սակայն ոչ երկրորդական խնդրի լուծումը տրվել է վիճակագրության նախարարության բացառիկ իրավասությանը, որտեղ էլ որոշել են, որ առաջնությունը պետք է տալ գյուղատնտեսական մթերքներին։ Սակայն, ինչպես հայտնի է, մրգերի եւ բանջարեղենի գները ենթակա են սեզոնայնության խիստ ազդեցության, մասամբ այն պատճառով, որ դրանց արդյունաբերական գնումներ համարյա չեն կատարվում։ 1998 թ. արձանագրված դեֆլյացիան իրականում չի արտահայտում Հայաստանում տնտեսական զարգացումների բովանդակությունը։ Ավելին, տարբեր տարիների համար կիրառելով ապրանքախմբերի տարբեր կշիռներ, վիճնախարարությունը ոչ կոռեկտ է դարձնում այդ տարիների ինֆլյացիաների միջեւ ցանկացած համեմատություն։ Օրենքի ինֆլյացիա Ըստ օրենքի, գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրն է։ Ավելին, յուրաքանչյուր տարի բյուջեի մասին օրենքով Կենտրոնական բանկին ուղղակի հանձնարարական է տրվում ինֆլյացիայի այս կամ այն մակարդակը ապահովելու համար։ Սակայն իրերի նման դրվածքը եթե սխալ չէ, առնվազն անկատար է։ Նախ, Կենտրոնական բանկը, բացի մոնետար գործոնից, այսինքն՝ դրամի քանակության կառավարումից, ինֆլյացիային նպաստող կամ արգելակող մյուս գործոնների վրա որեւէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ։ Երբ Կենտրոնական բանկը մյուս, ոչ մոնետար գործոնների ազդեցությունը փորձում է չեզոքացնել, սեղմելով դրամական բազան, ապա անուղղակի նպաստում է տնտեսության դոլարիզացիային։ Բացի այդ, իր հակաինֆլյացիոն պահվածքով աչքի է ընկնում Ֆինանսների նախարարությունը։ Ուշացնելով բյուջեից աշխատավարձերի կամ այլ վճարումները, վերջինս ստեղծում է գնողունակության անկում եւ նկատելիորեն ազդում ինֆլյացիայի ընթացիկ տեմպերի վրա, այս կամ այն կարճաժամկետ շրջանի համար ստեղծելով դեֆլյացիոն էֆեկտներ։ Տնտեսությունը նմանօրինակ պահվածքին պատասխանում է տնտեսապես պասիվ պահվածքով։ Այս տարվա հունվարին բյուջեի հավելուրդը կազմել է 4 մլրդ դրամ, իսկ հունվար-փետրվարին՝ 3,8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են (մոտ 1 մլրդ դրամով), իսկ ծախսեր կատարվել են ավելի քիչ։ Ինֆլյացիայի կառավարման օրենսդրական թուլության մասին է խոսում այն փաստը, որ 1998 թ. ունենալով 10 % ինֆլյացիայի «թույլտվություն», ե՛ւ Կենտրոնական բանկը, ե՛ւ Ֆինանսների նախարարությունն իրենց քաղաքականությամբ նպաստեցին դեֆլյացիային։ Տարօրինակ այդ մրցակցությունը, որից գերմոնետարիզմի հոտ է փչում եւ կամ հետեւանք է մղումների, թե ով ավելի շատ դուր կգա միջազգային կազմակերպություններին, ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի տնտեսական զարգացման շահերի հետ։ ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել