Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՈՂՋ ՀՈԳԻՆԵՐԻՆ

Ապրիլ 27,1999 00:00
tavadyan

ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը նախընտրում է «ողջ հոգիների» հետ գործ ունենալ եւ ոչ մեռած, հետն էլ՝ մեղսունակ։ Համենայնդեպս, երեկ ֆեմիդացիների հետ իր երկրորդ հանդիպման ժամանակ այդպես հավատացրեց նա։ Վերահսկիչ պալատի նախագահն անդրադարձավ վարկերի, բյուջեի եւ սեփականաշնորհման բնագավառներում իրենց անցկացրած ուսումնասիրություններին, մասնավորապես, խորհրդատվությունների ոլորտում նկատված խախտումներին։ Նա տեղեկացրեց, որ չինական վարկի ուսումնասիրության եւ իրավապահ մարմիններ ուղարկվելու արդյունքում 1 մլն դոլար է վերադարձվել պետբյուջե։

«Առավոտի» այն հարցին էլ, թե «ստացվում է այնպես, որ այս հանրապետությունում վարկ է կերել միայն նախկին թեթեւ արդյունաբերության նախարար Թեյմուրազյանը եւ ուրիշ ոչ ո՞ք», Նա նկատեց, որ ներկայումս ութ քր. գործ կա հարուցված այլ վարկերի հետ կապված։ Որպես «օրինակելի» վարկեր, նշվեցին «Մեծածախ շուկայի», «Ոռոգման», երբ նախատեսված 6,8 մլն դոլարի փոխարեն 1,2 մլն գերածախս է եղել, «Աղետի գոտու», որն ավարտվել է, ի դեպ, «շատ փաստաթղթերի» ոչնչացմամբ, դատախազությունում է հիմա «Մայրուղիների վարկը»։ «Վերահսկիչ պալատի գործունեության նկատմամբ անվստահությո՞ւնն էր պատճառը, որ «ԱրմենՏելի» գործը հանձնվեց մեկ այլ վերահսկիչ ատյանի» հարցի կապակցությամբ պրն Թավադյանը նկատեց, որ «այդ կարգի գործերը պետք է հանձնվի վերահսկիչ պալատին։ Դժվար է ստեղծել մի քանի վերահսկիչ ատյաններ, որոնք լինեն անկողմնակալ, հրապարակային եւ բոլոր պահանջներին բավարարեն»։

Պատգամավորների «արտախորհրդարանական» կապերը վերահսկելու հարցի կապակցությամբ էլ նշեց ընդամենը մի «տանիքի» մասին, երբ «Արմավենի» խորհրդատվական ծառայության տանիք է եղել մի ճանաչված պատգամավորի հայր…

«Առավոտի» հարցին, թե նման «տանիքներ» շա՞տ կան, Ա. Թավադյանի պատասխանն առարկայական չէր, փոխարենն առարկայական էր 288 մլն դոլարի վարկերի «կառուցվածքային» ուսումնասիրության արդյունքները։ Պարզվում է, որ 30 մլն դոլար «գնացել» է խորհրդատվությունների, 5 միլիոնը՝ ծրագրերի իրագործման գրասենյակների «վրա», իսկ 66 միլիոնը՝ սարքավորումների համար։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930