Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոն, քեզ հետեւում են, օրինակելի եղիր

Ապրիլ 27,1999 00:00
lrutyun

Թեպետ պաշտոնական քարոզարշավն արդեն սկսված է, սակայն շատ թեկնածուներ հանգիստ կարող են իրենց չհասկացողի տեղ դնել եւ լրագրողներին հրավիրելով, ի լուր բոլոր ընտրողների հայտարարել, թե պատրաստվում են օրինակելի դառնալ։

Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ճիշտ եւ ճիշտ պատգամավորության 11 թեկնածու կա։ Ակտիվիստ թեկնածու Ռուբեն Թորոսյանի նախաձեռնությամբ Կասյան 6 հասցեում հանդիպեցին վերոհիշյալ ընտրատարածքի 6 թեկնածուներ (մեկի՝ ՀԿԿ անդամ Յուրա Մանուկյանի փոխարեն եկել էր նրա ներկայացուցիչը)։ Իսկ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանը եկել էր անձամբ։ Ճիշտ է, նախքան անձամբ ներկայանալը, պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանը տեղանքը զննելու նպատակով ուղարկել էր ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի թիկնապահներին։

Մյուս թեկնածուներն առայժմ եկել էին առանց տեղանքի նախնական զննման։ Ռուբեն Թորոսյանը հայտարարեց, որ իրենց նպատակը օրինակելի ընտրատարածք ստեղծելն է եւ օրինակելի ընտրություններ անցկացնելը։ Թե ինչպես են պատկերացնում օրինակելի ընտրատարածքը եւ օրինակելի ընտրությունները՝ յուրաքանչյուր թեկնածու չզլացավ ներկայացնել։ Նրանցից յուրաքանչյուրն այդ նպատակը ներկայացնում էր իր բառապաշարին եւ այս պահին վարած պաշտոնին համապատասխան։ Ռուբեն Թորոսյանի ներածական խոսքում մի թեթեւ ասվեց, որ «կա առնվազն 2 թեկնածու, որոնց համար ՆԳ եւ ԱԱ նախարարությունն աշխատում է (…)»։ Իսկ մյուսների համակիրներն այս հանգամանքից իրենց «կաշկանդված են զգում»։

Օրինախախտումների շուրջ ծավալվելով Ռուբեն Թորոսյանը Խոսրով Հարությունյանի կողքին նստած, համարձակ-համարձակ ասաց, թե վերջինս արդեն խախտել է քարոզչության կարգը եւ ապրիլի 24-ին հանդես է եկել «Ար» հեռուստաընկերությամբ։ Այս մեղադրանքն, իհարկե պրն Հարությունյանը չընդունեց, քանի որ, իր ասելով, պաշտոնը պարտավորեցնող է եւ նրան ի պաշտոնե կարող են ցուցադրել ու խոսեցնել, եւ դա չի կարող քարոզչություն նշանակել։ Իսկ ընդհանուր առմամբ, հետաքրքրությամբ իմացանք, որ Խոսրով Հարությունյանի համար կարեւորը ոչ թե այն է, թե ով կընտրվի, այլ այն, թե ինչպես կընտրվի։ Ռուբեն Թորոսյանը մի քանի առաջարկներ անելով խնդրեց, որ իր հետ նույն՝ թիվ 11 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները ձեռք-ձեռքի տան եւ օրինակելի լինեն։ Օրինակելիությունը պետք է դրսեւորվի ամեն ինչում, օրինակ, այնպես պետք է պայմանավորվեն, որ ընտրողների հետ նույն ընտրատարածքում միաժամանակ չհայտնվեն 11-ն էլ։

Առաջարկվեց արկղեր տեղադրել, եւ որպեսզի ընտրողներն այդ արկղերի մեջ գցեն իրենց առաջարկները։ Խոսեցին նաեւ մյուս թեկնածուները, մասնավորապես Ալեքսանդր Հովհաննիսյանը կոչ արեց «բարի-դրացիական հարաբերությունների», հետո էլ բոլորին հաջողություն մաղթեց, որին ի պատասխան Խոսրով Հարությունյանն ինքնագոհ արձագանքեց. «Բայց հաջողությունը մեկինը կլինի»։ Ներկաներից բոլորն էլ խոսեցին, խոսեց նույնիսկ Յուրա Մանուկյանի ներկայացուցիչը։ Պատգամավորության թեկնածու Տարոն Առաքելյանը մատը մի ցավոտ կետի դնելով ասաց. «Այսօր ավելի լուրջ խնդիրը ժողովրդի հիասթափվածությունն է, պետք է բեկում մտցնել այս ընդհանուր հիասթափվածության մեջ, եւ մարդիկ իմանան, որ կունենան նրան, ում կընտրեն»։ Նրա ասելով, նախորդ ընտրությունները կենտրոնի թիվ 11 ընտրատարածքում արդար են եղել, խախտումները եղել են ծայրամասերում։

Հրավիրված էին բոլոր 11-ն էլ, սակայն միայն Վլադիմիր Բադալյանն էր զգուշացրել, թե զբաղված է եւ չի կարող մասնակցել։ Մյուսները խոստացել եւ չէին եկել։ Հիշենք նրանց անուն առ անուն՝ Նարինե Բալայան, Շավարշ Քոչարյան, Արարատ Զուրաբյան, Վանուշ Թորոսյան։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930