Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նախընտրական երգը

Ապրիլ 27,1999 00:00
hyd

ԱԺ-ի ընտրություններին առաջին անգամ մասնակցող ՀՅԴ-ի տոնական տրամադրությունն ու քարոզարշավը երգ ու պարով սկսելու մտադրությունն ամենեւին չէր փչացրել ԿԸՀ-ի գնահատականով ստորագրահավաքում «ամենաանկարգ» կուսակցություններից մեկը ճանաչվելը։

Բայց քիչ էր մնում դաշնակցականները փչացնեին միասին ուրախ երեկո անցկացնելու իրենց հրավերին արձագանքած ժողովրդի տրամադրությունը։

Քանի որ, ինչպես ստորագրահավաքում իրենց անունը, այնպես էլ երեկ Ազատության հրապարակում իրենց մասնակցությունը չխնայած, հազարավոր մարդկանց պատկառազդու թիվն ամենեւին էլ ժողովրդի համակրանքի ապացույց չէ։ Պարզապես ճառ ու խոստումներից հոգնած ահել ու ջահել եկել էին ուրախ համերգ լսելու ու հեչ քաղաքական ելույթների հավես չունեին։ Նույնիսկ ՀՅԴ-ի կարկառուն գործիչ Հրանտ Մարգարյանին միակ քսան րոպեանոց ելույթի համար չներեցին, ու նրա խոսքը ժողովրդի միջից ձայնագրած լրագրողս, հետո այն վերծանում էի այսպիսի արձագանքների միջից՝ «Լա՛վ, հերի՛ք ճառ ասես», «Քի՛չ խոսա, համերգը թող սկսի», «Հենա դե՜ կասեիք միտինգ է, էլի՛, ինչի՞ խաբեցիք, բերեցիք», «Ա՜յ, մարդ, կա՜րճ կապի», «Համե՛րգ, համե՛րգ», «Լա՛վ, շատ երկարացրիր, դու էլ ես խոսացողներից», «Էլ ըսենց ղալաթ չենք անի, չենք գա», «Հոգնել ենք արդեն, հերիք ա» եւ այլն, եւ այլն։

Ժողովրդի անտարբերությունն իր ապագա «ընտրյալների» նկատմամբ կփոխհատուցենք մենք՝ տոնախմբության ուրախ մասը գնահատելու թեթեւ գործը վստահելով ժողովրդին։ Չնայած լավ-լավ խոստումները, արդարացումներն ու ինքնագովեստի խոսքերը հաստատ մեզ համար չէին ասվում, այլ հենց ժողովրդի, որը նույնիսկ ակտիվության կոչ անող Հրանտ Մարգարյանի այն զգուշացումից չսթափվեց, որ «եթե մենք չզբաղվենք քաղաքականությամբ, մե՛կ է, քաղաքականությունը կզբաղվի մեզանով»։

Ելույթի մյուս հատվածներն էլ ոչնչով չհուզեցին նման ճառեր լսած ու նույնիսկ այդ ճառերի հստակ կառուցվածքը անգիր արած ունկնդիրներին. հերոսական դրվագներ ՀՅԴ-ի փառահեղ կենսագրությունից, անցյալ ու նույնիսկ ներկա իշխանությունների անզիջում քննադատություն՝ ծանոթ բառերով ու ձեւակերպումներով (մի պահ, երբ լափել, թալանել, գռփել ասաց, թվաց՝ Արշակ Սադոյանն է խոսում), արդարացումներ, որ ՀՅԴ-ն իշխանություն չէ, տնտեսական ու գործադիր լծակների չի տիրապետում («ա՛յս երկրում հիմնական անօրինականությունները թույլ են տալիս իշխանավորները»), հետո՝ խոստումներ, խոստումներ, խոստումներ…

«Մեզ համար իշխանության տիրանալը ինքնանպատակ չէ, մեզ համար նպատակը հայ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումն է»։ Դաշնակցականը պիտի հանուն ժողովրդի ապրի, «նա իրավունք չունի կյանքի այլ նպատակ ունենալու»։ Մնացածն ա՛յս ոգով, սրանից էլ հնչեղ ու վերջում եզրակացությունը՝ «Պաշտպանիր Դաշնակցությանը եւ ինքդ պաշտպանված կլինես»։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930