Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ ԵՆՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀՈՂԵՐԸ, ՎՈԼՖՈՎԻՉ

Ապրիլ 27,1999 00:00
Rudolf Manukyan

Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի թոռանը Հայաստանում դիմավորողների մեջ էր նաեւ Պետդումայում ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Վոլֆովիչի ազգային հարցերի գծով խորհրդական Ռուդոլֆ Մանուկյանը։

Իրեն պրն Մանուկյանն այսպես ներկայացրեց. «Վերջերս Ժիրինովսկին նամակ էր ուղարկել նախագահ Քոչարյանին, ուր ռուս-հայկական հարաբերությունների բարելավման հարցում ինձ մեծ տեղ էր հատկացրել»։

Բրեժնեւի թոռը՝ Անդրեյ Յուրեւիչ Բրեժնեւը, պարզվեց, որ Ռուդոլֆ Մանուկյանի շատ մոտ ընկերն է, քանի որ «ես շատ հարգում եմ իր պապիկին, որովհետեւ Լեոնիդ Իլյիչը մեր Հայաստանի համար շատ մեծ բաներ է արել»։ Երբ Անդրեյ Յուրեւիչը օդանավից իջել է, պրն Մանուկյանը նրան թե. «Դուք եկել եք ոչ թե հյուր, այլ սա ձեր քաղաքն է։ Ինչի՞ համար, որովհետեւ հենց աէրոֆլոտի շենքն էլ է Լեոնիդ Իլյիչը ֆինանսավորել։ Իրա ստորագրություններն էլ կան»։

-Այսինքն՝ ի՞ր գրպանից է այդ գումարը տվել։

-Չէ, ինչու։ Էն ժամանակ պետական գրպան էր։ Գլխավոր քարտուղարն ու պրեզիդենտն էր նա մեր Սովետական Միության։

-Եթե ուրիշը լիներ, չէ՞ր ֆինանսավորի։

-Չէ՛։ Կարող է՝ չէ, բայց ինքն արել է։ Սեւան-Երեւան ճանապարհն էլ է ինքը արել։ Արել է մեր մետրոպոլիտենը, մեր կոնյակի գործարանի երկրորդ հերթի… դե՜, շա՜տ-շատ։ Լեոնիդ Իլյիչից շատ ոչ մեկը չի արել առաջին դեմքերից։

-Հայաստանում էլ կարծում են, թե Կարեն Դեմիրճյանն է արել։

-Չէ՛։ Դեմիրճյանը… Ես իրեն շատ եմ հարգում, բայց Դեմիրճյանն ավելի շատ վերջացրել է Անտոն Երվանդիչ Քոչինյանի սկսած գործերը։ Ես շատ կուզեի, որ ե՛ւ հեռուստատեսությունը, ե՛ւ նույնիսկ պատմաբանները այդ տենդեմը՝ Քոչինյան-Դեմիրճյան, մեկնաբանեն։ Դա միակ դեպքն է, երբ մեկը մյուսին փոխանցել է (երեւի իշխանությունը- Լ. Ա.), եւ դա տվել է իր էֆեկտը։ Ի՞նչ կատարվեց հիմա։ Դեմիրճյանից հետո եկան։ Կապը նրանց միջեւ կտրվեց, ու ոչ մի բան չստացվեց։ Ավելի գնալով վատացան։ Հիմա թե տենդենց կա լավացնելո՜ւ… Աստված տա, բայց Քոչինյան-Դեմիրճյան շարունակությունը մեր ազգի համար չտեսնված լավ էր։

-Դուք Հայաստանո՞ւմ չեք ապրում։

-Չէ, Հայաստանում է իմ ընտանիքը։ Էսպես ստացվեց. ես Հայաստանում շատ գործեր սկսեցի, բոլորն էլ կիսատ մնացին։ Առաջ ինձ ասում էին՝ կոմունիստ չես։

-Ներեցեք, ո՞վ էիք դուք հեղափոխությունից առաջ։

-88-ից շուտ եմ գնացել Մոսկվա։ Սկզբից լեհերի հետ եմ աշխատել, իտալացիների հետ։

-Կարծեմ մասնագիտությամբ տնտեսագետ եք։

-Այո։ Այն ժամանակ, երբ առաջարկում էի Հայաստանին իմ օգնությունը՝ իրացնել դժվարածախ ապրանքներ, դե՜, մեր ազգը որ քիչ բան տեսած ազգ է… Մենք ավելի շատ ասում էինք՝ հայ ենք, փոքր ենք։ Մենք շինարար, ստեղծագործ ազգ ենք եղել, բայց հանկարծ գոռում ենք՝ փոքր ենք, բայց հայ ենք։ Էն չի։ Իմ սրտին դա չի նստում։

-Ժիրինովսկին ի՞նչ պարագայում ձեզ նկատեց ու իր խորհրդականի բարձր պաշտոնն առաջարկեց։

-Ես առաջ էլ եմ շատ գործեր արել մեր հայրենիքի համար։ Հանքային ջրերի հարցը մի 25 տարի առաջ եմ բարձրացրել։ Բայց ամեն մի հայ ղեկավար իրեն շատ է երեւակայում, թե ինքն էլ է էդ գործը սկսում։ Ա՛յ մարդ, դե արել ենք, էլի ինչի՞ ես դու սկսում։ Ես էլ ասում էի՝ որ պրոյեկտն է մեր ազգին հարմար, դա էլ անենք։ «Ո՛չ, որ ղեկավար չես, իրավունք չունես»,- ինձ ասեցին։

-Չասացիք, թե Ժիրինովսկուն ինչպես եք հանդիպել։

-Ես ամերիկյան նավթով զբաղվող ֆիրմաների հետ անձնական կապեր ունեմ։ Իմ լավ ընկերներն են։ Ստացվեց, որ Ժիրինովսկին Հուսեյնի հետ նավթի գործարք սկսեց, ու ես կարողացա երկու կողմի համար էլ օգտակար լինել։ Մեր Հայաստանի համար էլ։ Բայց մեր կողմը… Դե, մի վատ մոմենտ եղավ, ես շատ ուզեցի հարթել, բայց չստացվեց։

-Ես ճի՞շտ հասկացա, որ Հայաստանի համար շահավետ գործարքը մեր կողմի թերացումների պատճառով չի կայացել։

– Հայաստանը վճարելու ժամանակ կամ ուշ է վճարում, կամ էլ չի վճարում։ Մեկ անգամ, երկու անգամ ժողովրդական լեզվով ասած՝ քաշվեցինք։ Ա՛յ, օրինակ, Բաղդասարով Միշան շատ լուրջ ֆիրմա է։ Վճարունակ է։ Նավթը, հացը, բենզինը ռեսպուբլիկային նա է մատակարարում։ Շատ շնորհալի մարդ է։ Ես երբեք չեմ ափսոսում, որ իրեն ինչով կարողանում եմ, օգնում եմ։ Ծրագիր ունենք, որ իր ֆիրման՝ «Միկա Լիմիթըդը» դառնա ՄԱԿ-ի «Մթերք, նավթ» ծրագրի անդամ։

Պրն Մանուկյանը չէր կարող չարտահայտվել Ժիրինովսկու մասին։

-Հրաշալի մարդ, խելացի մարդ, հայերին շատ սիրող մարդ։ Դրանում ես ունեմ եթե ոչ 100, այլ 99% ավանդ։ Ինքը առաջ հայերիս մասին լավ չէր խոսում։ Բայց ես էնքան եմ խոսել, գրքեր եմ տվել։ Ինքը շատ ռեալ մարդ է։ Հետո գիտեք՝ նա ինչ է ասել։ Ոչ ոք էդպիսի բան չի ասել մինչեւ նա։ Ասել է՝ ի՞նչ եք Ղարաբաղ-Ղարաբաղ ասում։ Ես ձեզ կտամ ձեր ամբողջ պատմական հայրենիքը. 8-9 մլն հայեր կհավաքվեք էդտեղ ու աշխարհին կապացուցենք, թե ինչի եք ընդունակ։

-Իսկ ե՞րբ է նախատեսում ծովից ծով Հայաստանը մեզ տալ։

-Եթե բոլոր հողերն էլ չտան, մի բան էլ տան, մեր ազգը որ մի տեղ հավաքվի, ի՞նչ վատ է։ Սա իր խոսքերն են։

-Հայաստան գալու մտադրություն չունի՞։

-Մայիսին խոստացել է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930