Երեկ մեր խմբագրություն այցելեց Շենգավիթի համայնքի ավագանու անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Ռոստոմ Մկրտչյանը (Հին կռուգի Ռոստոմ)։ Պարոն Մկրտչյանը եւ նրան ուղեկցող եւս երկու անձինք կրում էին ժամանակակից փողկապներ եւ պիջակներ, որը մեզ առիթ է տալիս ենթադրել, որ նրանք թաղային, բայց ոչ քրեական հեղինակություններ են։ Ռոստոմ Մկրտչյանը մեզ պարզաբանեց, որ ինքը Ալեքսան Հակոբյանի հետ հանդիպել է վերջինիս անձնական նախաձեռնությամբ, զրույցի ընթացքում Ալեքսան Հակոբյանն առաջարկել է հանել իր թեկնածությունը եւ պաշտպանել իրեն։ Երբ Ռոստոմ Մկրտչյանը հարցրել է, որ եթե ինքը հանի իր թեկնածությունը, Ալեքսան Հակոբյանը կընտրվի՞ ԱԺ պատգամավոր։ Լաչինի վարչակազմի ղեկավարը պատասխանել է. «Եթե դու եւ Ղռերի Ավոն հանեք ձեր թեկնածությունը եւ պաշտպանեք ինձ, ապա ես կընտրվեմ»։
«Ես առաջադրվել եմ ոչ թե քաղաքական խաղերին մասնակցելու, այլ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար»,- ասաց Ռոստոմ Մկրտչյանը։
Ա. Բ.