Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆԴԵՐՆԵՐԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶԸ

Ապրիլ 27,1999 00:00
kirakosyan

ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանը պնդում է, որ ստանձնած վարկային պարտավորությունների դիմաց կառավարությունը մինչեւ տարեվերջ 30%-ով բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագները։

Էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հերքել էր, թե էլեկտրաէներգիայի սակագինն օգոստոսին եւ տարեվերջին դարձյալ բարձրացվելու է։ Վերջին պնդման հեղինակը՝ ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանը, ներկայացրեց այն հիմքերը, որոնք իրեն թույլ են տվել անել այդ հայտարարությունը։

«Կառավարությունը վարկային նոր ծրագիր է վերցնում, որի համաձայն որոշ պարտավորություններ ունի վարկատուի առջեւ։ Նախ, 6 ամիսը մեկ սակագինը պիտի վերանայվի,- Արմեն Կիրակոսյանն առայժմ չցանկացավ բացահայտել, թե ով է վարկատուն եւ որքան է վարկի գումարը։- Էներգետիկայի սակագները սահմանող «անկախ» հանձնաժողովը պարտավորություն ունի մինչեւ 1999-ի տարեվերջը էլեկտրաէներգիայի 1 կվտի արժեքը այսօրվա 4,6 ցենտից 6 ցենտի հասցնելու վերաբերյալ։ Այսինքն, այսօրվա արժեքի համեմատ սակագինը շուրջ 30%-ով բարձրանալու է։

Շատ հետաքրքիր է նաեւ, որ այդ նույն վարկային պայմանագրում կա նաեւ միջազգային փորձագետների գնահատականը. բառացիորեն նշված է, թե Հայաստանի էներգետիկայի համակարգը գերուռճացված է եւ աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ արտադրված էլեկտրաէներգիայի եւ աշխատակիցների թվերի նման հարաբերակցություն կա։ Շատ ցավում եմ, բայց էներգետիկայի նախարարը կամ չի կարդացել վարկային այդ պայմանագիրը, որը վարչապետն արդեն վարկատուին է ուղարկել կամ էլ պարզապես ստում է, երբ երաշխավորում է, թե սակագների որեւէ բարձրացում չի նախատեսվում։ Դրանով նաեւ ապացուցվում է, որ ի վերջո կառավարության որոշումն է սակագները բարձրացնելը եւ ոչ թե այդ անկախ կոչեցյալ հանձնաժողովինը»։

Էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանից փորձեցինք պարզել, թե իրո՞ք նման պարտավորություններ ներառող նոր վարկ են ձգտում ստանալ. «Այդպիսի ոչ մի ծրագիր չկա եւ եթե որեւէ մեկը հակառակի մասին հայտարարություններ է անում՝ թող բարի լինի այդ փաստաթղթերը ցույց տալ թեկուզ ձեզ։ Թող ապացուցի, որ կառավարությունն այդ ծրագիրն ընդունել կամ ստորագրել է»։ Պրն Միքայելյանին խնդրեցինք եւս մեկ անգամ վստահեցնել, որ էլեկտրաէներգիայի սակագների նոր բարձրացում չի սպասվում, եւ նա վերահաստատեց իր այդ պնդումը։ Մինչդեռ Արմեն Կիրակոսյանը խոստացավ առաջիկա օրերին իր հայտարարությունների համար հիմք դարձած վարկային ծրագրի փաստաթղթերը ներկայացնել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Երեկ իր ելույթում ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը կանխատեսեց, որ կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 50 դրամ էլ դարձնել, եւ հետո փորձել լուրջ-լուրջ ապացուցել, որ ժողովուրդը դրա շնորհիվ առավել երջանիկ կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930