Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՈՒՆ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԿԱՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Ապրիլ 24,1999 00:00
Tigran Hayrapetyan

Արքայադավությունը ծանր մեղք է, ենթակա՝ թե՛ երկրային եւ թե՛ երկնային պատժի: Դավի հոգեբանական վերլուծության բոլոր ժամանակների փորձը վկայում է, որ մեկ անգամ արդեն այդ բարոյական արգելքը հաղթահարած մարդը գերի է դառնում ռեցեդիվի կամ կրկնահանցագործության ենթագիտակցական պահանջին: Պատահական չէ, որ հին ու միջնադարյան Արեւելքում նույնիսկ արդարացված արքայադավությանը մասնակցած մարդկանց ինքնասպանություն էին պարտադրում: Դա է եղել եւ մնում դավերի արատավոր, իսկ վերջին հաշվով՝ նաեւ արյունոտ շղթան ընդհատելու միակ ճանապարհը: Եթե հաշվի առնենք քաղաքակրթական ինքնաբարոյազրկման ներկա մակարդակը, ապա անշուշտ ինքնասպանության պարտադրանքը կարելի է փոխարինել գոնե պաշտոնաթողության պահանջով, անգամ այնպիսի երանելի բարձունքից, ինչպիսին տիրունական գահն է: Ինչպես որ կուրտիզանուհին հրաշալի կին եւ մայր դառնալով հանդերձ երբեք չի պսակվի առաքինության լուսապսակով, այնպես էլ արքայադավը երբեք Արքա չի դառնա:

Խենթ գերմանացին բավական համոզիչ բացատրություն է տվել խոնարհ համակերպվածությամբ ինքնաքավությունը ժխտող կուրտիզանուհու եւ արքայադավության մեջ ինքնարդարացում գտած մարդու արյունռուշտության ակունքների վերաբերյալ: Այո՛, շրջապատի՝ մերձավորների եւ օտարների, իսկ ավելի ուշ՝ պարզապես զանգվածային արյունաթողությունը կրկնահանցագործության առարկայական ուղեկիցն է: Կարելի է իհարկե ձեւացնել, թե չենք նկատում գործընթացի հախուռն սկիզբը: Իսկ ավելի ճիշտ հենց այդպես էլ անում ենք՝ ձեւացնում ենք: Սակայն զգուշացե՛ք, մեծարգո տիկնայք եւ պարոնայք՝ սառը ցինիզմով, չարախինդ ոգեւորությամբ եւ կամ բութ անտարբերությամբ սպարապետին կառափնարան ուղեկցելով՝ բացում եք սեփական ինքնաոչնչացման ճամփան: Այս խմորումը սպառնում է առատ արյուն տանել, Հայրենիք, պետականություն, անցյալի հիշատակ ու ապագայի երազ տանել:

Մի գլխանի գազանը բազմագլուխ գազանով փոխարինելով՝ Փրկության չեն հասնում, այլ խարանի ամրագրմանը: Աշխարհը չգիտի այնպիսի արհեստավարժություն, առավել եւս արհեստավարժությամբ քողարկվող խեղկատակություն, որը հավակներ ժխտելու Հայտնության խորհուրդը: Իսկ ցանկացած պրոֆեսիոնալիզմ ընդամենը իմաստությունն է եւ շնորհը՝ հետեւել Միածնի Օրենքին: Եթե անգամ ողջ երկիրը բանտախուց ու կառափնարան դարձնեք, եթե անգամ ոգեկոչեք գարշահոտ սփռող ձեր բոլոր ուսմունքները, եթե անգամ պատռված կոկորդներով լուտանք թափեք՝ երկինքը կպայթի ու հողը կգոռա, որ արքայադավը երբեք Արքա չի դառնա:

Ուրարտական այս աքսորավայրը, որ անհեթեթ հպարտությամբ դեռ Հայաստան եք կոչում, նույնիսկ նա ձեզ դուրս կթքի, քանզի հողը անօրեններ չի հանդուրժում: Եւ մի տարվեք ինքնախաբեությամբ, թե Կեսարներին կամ Իվաններին հավասար առաքելություն եք կատարում՝ ընդամենը դավում եք:

Մի՞թե չեք տեսնում, որ ահել ու ջահելով, կենսախինդ ավանդականներով ու մեռյալ այլախոհներով իրար գլուխ հավաքված, միեւնույն է, ոչ միայն ասելիք, այլեւ անելիք չունեք: Եւ ի՞նչ կապ ունի դատարկության աշտարակաշինությունը պետականության կերտման հետ: Իրականում, պատմությունը հաղթահարելու համար պետք է, որ որեւէ մեկը, երբեւիցե, սիրի այս երկիրն ու ժողովուրդը ավելի, քան ինքն իրեն: Չգնա՛ գրոհի, չզոհվի՛ վասն Հայրենյաց, պարզապես հրաժարվի իշխանության գայթակղությունից, կամավոր:

Իսկ առայժմ, կեցցե՛ հերթական հեղաշրջումը, հազար ափսոս մոլորյալ սպարապետին, ողջույն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի… Եւ չեմ զլանա կրկնել. միայն թե հետո չկանչեք, թե «ո՞ւր էիր Աստված»:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930