Կոսովոյի շուրջ վերջին իրադարձությունների արտաքին հյուսվածքի տակ կարելի է հայտնաբերել քաղաքակրթական արժեքների խոր ճգնաժամի հետքը, որ արտահայտվում է դարերի ընթացքում իրար վրա բարդված հակասությունների եւ հակադրությունների՝ այլեւս անհամատեղելի դարձած եւ բացահայտ բախման վերածված աստիճանով:
Պետության եւ մշակույթի ստեղծման հիմքերի սկզբունքորեն տարբեր ընկալումները, «հասարակական պայմանագրի» եւ «մարդու իրավունքների» մասին տեսությունների կիրառումն առանց հաշվի առնելու ազգային-կրոնական առանձնահատկությունները, էթնոմշակութային տարածքները որպես «աշխարհագրական օբյեկտ» դիտարկելու՝ մատերիալիստական մոտեցումը, գումարած՝ կրկնակի ստանդարտների կիրառման դիվանագիտական քայլը, իրավա-բարոյական այնպիսի քաոս են ստեղծել, որ ազգամիջյան ցանկացած կոնֆլիկտի լուծումն այս հարթության մեջ գրեթե անհնարին է թվում:
Դարեր շարունակ Կոսովոն եւ Մետոխիան սերբական պետականության եւ սերբ ժողովրդի հոգեւոր-մշակութային ինքնարժեւորման կենտրոնն են եղել, ուղղափառների նվիրական քարտեզի «Սուրբ Հողը», ուր օսմանցիների հետ ճակատամարտում զոհված հերոսների թաղված ոսկորները մարտիրոսների նշխարքների գին ունեն: Առանց Կոսովոյի, որ տվյալ դեպքում ազգակազմավորման ու պետականաստեղծման խորհրդանիշն է, սերբ ժողովուրդը պարզապես անպատկան կենսամիավոր է դառնում: Սերբերին զրկել Կոսովոյից ու Մետոխիայից՝ նշանակում է նրանց ընդհանրապես դուրս գրել աշխարհի կենդանի ժողովուրդների ցուցակից: Մյուս կողմից, միամտություն կլիներ կարծել, թե Սերբիայի տարածքներից Կոսովոյի եւ Մետոխիայի հետեւողական օտարման վերջնական նպատակը ալբանական ինքնավարության կամ պետության ստեղծումն է:
Այս տարածքների կցումը Ալբանիային, վերջինի քաղաքական ու տնտեսական վատթարագույն վիճակի եւ «Կոսովոյի ազատագրման բանակի» ակնհայտորեն հանցագործ ուղղվածության պարագայում, շատ արագ կարող է վերակենդանացնել «Մեծ Ալբանիայի» նկրտումը, որ հղի է իսլամ արմատականության նոր (արդեն եվրոպական) կենտրոնի ստեղծման վտանգով, ինչը մեր կարծիքով հակարդյունավետ է Եվրոպայի եւ առաջին հերթին հենց ՆԱՏՕ-ի անդամ-երկրների համար: Ավելի շուտ, նկատելի է Բալկաններում ամեն գնով եւ ցանկացած բնույթի մշտական անկայունության պահպանման միտումը՝ Կոսովոյի անորոշ կարգավիճակը մի քանի տարով ՆԱՏՕի անմիջական պաշտպանությանը հանձնելու տարբերակով: Հակամարտության ելքը ուժային մեթոդներով լուծելու փորձն իրականացնում է անկենսունակ «ազգային» պետությունների վերահսկման սիստեմի կառուցման հերթական փուլը նույն սկզբունքով, որով ժամանակին կնքվեց Վերսալյան հաշտության պայմանագիրը եւ որն ի վերջո հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի սանձազերծմանը: Իսկ մոտ ապագայում հակամարտության լուծման անկարելիության պայմաններում անկայունության պահպանման համար խաղադաշտ են նետված տարբեր բնույթի ու ոլորտի «քաղաքական թակարդներ»՝ վերոնշյալ քաղաքակրթական հակասությունների ամբողջության տեսքով:
Կարդացեք նաև
ՄԻՖԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
Ընդհանրապես, Բալկանյան հակամարտության վերլուծողները գրեթե միշտ փորձել են հայտնաբերել ուղիղ, մշտական, ակնհայտ շահագրգռություններ այս խնդրում, եւ մինչ այժմ հաջողության չեն հասել: Փոքր, աղքատ եւ ներկայումս փայլուն կերպով մեկուսացված Հարավսլավիան աշխարհը վախեցնելու կարողություն չունի, իսկ Հյուսիսատլանտյան Դաշինքը խոշոր հաշվով ոչինչ չի շաhում՝ նրան իր կամքը թելադրելով: Պատկերը փոխվում է, եթե խնդիրը դիտարկվում է որպես «միֆերի պատերազմ»: Եվրոպական քաղաքակրթությունը ստեղծել է միֆեր, որոնք խոր նստած են մարդկանց գիտակցության մեջ: Իսկ ցանկացած միֆ կառուցված է չար ու բարի ուժերի պայքարի վրա, եւ տվյալ հակամարտության մասնակիցներն այդ միֆերից յուրաքանչյուրում ունեն իրենց տեղը:
Այդ միֆերից առաջնայինը եւ ամենաազդեցիկը «ազգերի ինքնորոշման իրավունքի» պատկերացումն է: Ինչ բան է ազգը՝ այդպես էլ ոչ ոք մինչեւ հիմա չգիտի, չնայած «ազգային գոյատարածքի իրավունքի» համար մղված պայքարը հրեշավոր տառապանքներ ու արյուն է կորզել աշխարհից: Այդուհանդերձ, կոսովցիների ազգային իրավունքների պաշտպանությունն է, որ արդարացնում է ՆԱՏՕ-ի գործողությունները միլիոնների աչքում, ավելին, Արեւմուտքը հիշում է, որ 1918 թ. Սերբերի, Խորվաթների, Սլովենների թագավորությունները հիմնվել են (թեկուզեւ թղթի վրա) հենց ազգերի իրավունքով: Սրան զուգահեռ գոյություն ունի թերեւս պակաս չափով մտահայեցական ու իրավապես ավելի լավ ամրագրված, սակայն դրանով իսկ ոչ առավել արդարացի՝ «պետական ինքնուրույնության» սկզբունքը: Ցանկացած մարդ, ով քաղաքացի լինելու ուժեղ զգացողություն ունի, կընդվզի այլ պետությունների կամքով իր երկրի կառուցվածքը փոխելու փորձի դեմ (իսկ ՆԱՏՕ-ի անդամները հենց այդպիսի պետություններ են): Ճիշտ է, Միավորված Եվրոպայի քաղաքացիների համար ինքնուրույնության սկզբունքը գնալով ավելի նվազ նշանակություն է ստանում, սակայն իրենց օրհներգի մեղեդուց լացող ամերիկացիները պետք է որ ամենաքիչը անհարմար զգան: Մարդու իրավունքների մասին այս անգամ չգիտես ինչու չեն խոսում, այնինչ խոսքի, կամքի դրսեւորման, տեղաշարժման ազատության համար էր պետք պայքարել Հարավսլավիայում եւ այլուր:
Եվրոպական քաղաքակրթության «համաշխարհային հանդեսը» վերոնշյալ միֆաբանությունները վերածել է համապարփակ արժեքների, որոնք շատերի համար նվիրական են, ընդսմին նաեւ Սերբիայում ու Ռուսաստանում: Սակայն ոչ Սերբիայում, ոչ Ռուսաստանում դրանք միակը չեն եւ կարող են բախվել ազգային ոգու ավելի հին ու բնիկ, միֆականացած արտահայտությունների հետ:
Առաջինն ու ակնհայտը Արեւելք-Արեւմուտք բախման ավանդական միֆն է՝ քրիստոնեություն-մահմեդականություն հատվածքով: Սերբերն իրենց եվրոպականության անձնագրի ձեռքբերումներից ամենակարեւորը համարում են Կոսովոյի ճակատամարտը, որը, դժբախտաբար, նաեւ պարտության վեցհարյուրամյա դառնություն է նրանց համար: Եվ եթե Արեւմուտքը Օսմանյան կայսրության փլատակների վրա Հարավսլավիայի կազմավորումը համարում է ազգերի ինքնորոշման իրավունքի նվաճում, սերբերի համար Առաջին աշխարհամարտի ելքը նախեւառաջ Կոսովոյի ճակատամարտի արդարացի հատուցումն է: Եթե Տիտոն ապրեր եւս 50 տարի, գուցեեւ սերբերը վերասերվեին հարավսլավացիների, սակայն այժմ Կոսովոն լքել հենց այնպես, առանց կռվի, արտաքին ճնշմամբ՝ երեւի ոչ մի սերբ չի համաձայնվի: Սերբերը հազիվ թե Եվրոպայից ակնկալում են իրենց պատմության ճշմարիտ ըմբռնումը, այդ պատճառով Խավիեր Սոլանային չեն նույնացնում սուլթան Մուրադ I-ի հետ:
Այնուամենայնիվ, նրանք շարունակում են պնդել իրենց դիրքորոշումը համաձայն վերոնշյալ միֆի՝ քրիստոնեություն-մահմեդականություն պայքարի, որն իրենց կարծիքով ընդհանրական պետք է լինի նաեւ եվրոպացիների համար: Չնայած Քլինթոնը շատ է խոսում իսլամ արմատականության վտանգի մասին, հազիվ թե սերբերին հաջողվի համոզել եվրոպացիներին վերաիմաստավորվել քրիստոնեության պատվարի դերում եւ խաչակրաց արշավանքի ելնել մուսուլմանների, մասնավորապես՝ ալբանացիների դեմ: Երբ իրանական ինքնաթիռներն իջնում են Մակեդոնիայի ՆԱՏՕական օդակայաններում՝ փախստական մուսուլմաններին վերցնելու, հարկ է որ Դաշնակիցները հստակեցնեն իրենց դերն այս, ըստ իս, երեւութական, կրոնական հակամարտության խնդրում: Թե ոչ՝ սերբերի օրինակը կարող է բորբոքել նման խնդրով բախման մեջ հայտնվածների հին վերքերը:
Միֆաբանական ողջ այս ճակատամարտի վտանգն այն է, որ նշան բռնելով մեկին՝ հարվածում են մեկ այլ, ոչ պակաս հին ու ազդեցիկ միֆի: Հիշենք, որ Բալկանյան սլավոնները քաղաքակրթությանը հաղորդակցվել են ուղղափառության միջոցով: Սերբերի համար իրենց երկիրը ուղղափառ Բալկանների երազի մարմնավորումն է, իսկ ուղղափառ հավատի պաշտպանությունը՝ իրենց պատմական առաքելությունը, որ սերբերի ազգակազմավորման հիմնապատճառն է եւ Երկրորդ Հռոմի ժառանգականության նրանց իրավունքը: Ճշմարիտ վարդապետությունը կրելու՝ հազարամյա կրոնական վեճը Առաջին եւ Երկրորդ՝ կաթոլիկ եւ ուղղափառ Հռոմների միջեւ, այս անգամ քրիստոնյա Արեւելքի եւ քրիստոնյա Արեւմուտքի հակադրության միֆն է, որ ընկած է ՆԱՏՕ-ական երկրների եւ Ռուսաստան-Բելառուս-Հարավսլավիա բլոկի կողմնորոշման հիմքում:
Թվում է, թե Արեւմուտքն ի զորու չէ հասկանալ սերբ հասարակության շարժիչ ուժը եւ ոչ էլ Ռուսաստանի գործողությունների ներքին շարժառիթները: Խորհրդային կայսրության փլուզմանը հետեւած գաղափարական վակուումի պայմաններում արխիվային փոշիներից կրկին դուրս բերված ու շրջանառության մեջ գցված պանսլավոնականությունը հիանալի խայծ էր Տուրգենեւի «Նախօրյակի» հիշողություններով դպրոցական անցյալում կարոտախտից տառապող պոստսովետական մտավորականության համար: Խայծ, որ ազգային ոգու ինքնաբավարարման վերելքի հոգեւոր-մշակութային նվիրական իդեալից սպառնում է եվրասիական մակարդակի իրականակերտ աղետ դառնալ, քանի որ սերբերին զինամթերքով չօգնելու՝ Ելցինի հայտարարությանն ի պատասխան Հարավսլավիայի Սկուպչինան անմիջապես ընդունեց Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու դիմումը, իսկ Պետդուման էլ զգացմունքային ձայների ճնշող մեծամասնությամբ արտահայտվել է այդ որոշման օգտին:
Առասպելների միասնության ու պայքարի այս բարդ համակարգն աշխարհին բացատրելն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ որ աշխարհի կեսն էլ դաստիարակվել է հենց այդ համախառն բարոյակրթական արժեքներով: Ավելի ձեռնտու է մերկացնել «բոբոներին» եւ արդարանալ նրանց պատժելու պատրվակով: Այդպիսի մի «բոբո» է Սլոբոդան Միլոշեւիչը, որը ինչպես դասական ետհամայնավարական նոմենկլատուրային առաջնորդ, պայքարում է ոչ թե հանուն լուսավոր ապագայի, արդարության, պատվի եւ նման այլ հոգեբանա-փիլիսոփայանական դրույթների, այլ Իշխանությունը պահելու համար: Իսկ, ինչպես բացատրում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը՝ «Միջազգային հանրությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում մնալ Միլոշեւիչի ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների սարսափների նկատմամբ, եւ ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել Կոսովոյի ռազմական թիրախների դեմ եւ ոչ թե սերբ ժողովրդի»: Իհարկե, ով չգիտե, որ ռազմական ցանկացած գործողության հետեւանքով միշտ էլ խաղաղ բնակչությունը տուժում է, իսկ Միլոշեւիչի գլխից, ինչպես Ծոցի պատերազմում Սադամի գլխից, դեռեւս մազ չի պակասել:
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՖԻ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԸ
Կոսովոյի խնդիրը, քաղաքակրթական հակադրություններից ու միֆերի պատերազմից բացի, շոշափում է մեկ այլ թեմա, որ վերաբերում է նոր աշխարհակարգի հաստատման ոլորտին: Լրատվական միջոցներն ու քաղաքական մեկնաբանները խոսում ու գրում են ԱՄՆ-ի, ՆԱՏՕի, Ալբանիայի, Եվրամիության մասին, սակայն ոչ ոք դեռ չի անդրադարձել թուրքական գործոնին, իսկ Թուրքիան ինքը դեռեւս լռում է, կամ համենայնդեպս չի առանձնանում ընդհանուր ՆԱՏՕ-ական ձայնակցությունից: Արդյո՞ք այս լռությունը նախազգուշացնող չէ, հատկապես մեզ համար, որ ներքաշված ենք Թուրքիայի տարածքային ախորժակների գոտում գտնվող մեկ այլ ազգամիջյան հակամարտության մեջ:
Նախկին խորհրդային հանրապետություններում Ռուսաստանի շահերի մասին հաճախ է խոսվում, սակայն Թուրքիան էլ նույն բնույթի շահեր ունի Օսմանյան կայսրության նախկին տիրույթներում, որի կազմում ընդգրկված են եղել եւ Ալբանիան, եւ Սերբիան, եւ ընդհանրապես նախկին Հարավսլավիայի բոլոր բաղկացուցիչ երկրները, որոնք նաեւ դավանական էքսպանսիայի են ենթարկվել: Չպետք է մոռանալ եւ այն, որ ալբան-առնաուտները օսմանյան բանակի ընտրյալ զորամասն էին կազմում, կայսրության մեջ առանձնահատուկ կարգավիճակ ունեին, հարգված էին որպես խելացի մարտիկներ ու խիզախ ռազմավարներ: Կարելի է գուշակել, որ այսօրվա կռիվը նրանց համար վերջինը չէ, նրանք դեռ չեն հասցրել ապակայունացնել Մակեդոնիան: Պատահական չէ, որ վերջինիս ղեկավարությունը հրաժարվել է ընդունել ալբանացի փախստականներին: Զարմանալի ձեւով ուշադրությունից կարծես թե վրիպել է այն փաստը, որ Թուրքիան վերջերս բավական սերտացրել է հարաբերություններն Ալբանիայի հետ, բացի այդ, իր շահերի ուղեկցողներն ունի ե՛ւ Խորվաթիայում, ե՛ւ Մակեդոնիայում: Այնպես որ, իր վաղեմի հաշիվների խաղարկման ցանկության դեպքում Թուրքիային սատարելու պատրաստ ուժեր կան տարածաշրջանում: Եթե գումարենք նաեւ պանթուրքիզմի հավերժ թեւածող միֆը, որ երբեմնակի տիրապետող է դառնում Թուրքիայի ազգային գաղափարախոսական համակարգում, կարող ենք վստահեցնել, որ հակամարտության հետագա բորբոքման դեպքում Թուրքիայի գործոնը ծանր կշռաքարի պես կնստի Բալկանների վրա:
Թուրքիայի համար Ադրիատիկի շրջանը մեծ կարեւորություն է ներկայացնում, քանի որ Եվրոպայից Ասիա տանող ամենամատչելի ճանապարհն է, իսկ սերբերն այդ ճանապարհին «հարմար» տեղավորվելու՝ թուրքական հաշվարկների միակ խոչընդոտն են: Ետպատերազմյան աշխարհակարգի հնարավոր խարխլման դեպքում Թուրքիան՝ տարածաշրջանային հեգեմոնի իր համոզվածությամբ կարող է եւ հաշվի չնստել ՄԱԿ-ի եւ խաղաղապահպան այլ կազմակերպությունների հետ, ինչպես դա արդեն պատահել է: Սակայն, մյուս կողմից, Ադրիատիկում թուրքական դիրքերի ամրապնդումը կարող է սրել հարաբերությունները Անկարայի ու Աթենքի միջեւ, իսկ դա արդեն միջՆԱՏՕական պառակտումներ կնշանակի, որ այնքան էլ հեշտ չի լինի հաղթահարել Կիպրոսի, Էգեյան կղզիների վաղեմի հակամարտությունների ֆոնի վրա: Այսպիսով, եւ ՆԱՏՕ-ի, եւ ընդհանրապես Եվրոպայի համար Թուրքիայի ուժեղացումը վտանգավոր է, ուստի հնարավոր չէ պատկերացնել, թե ՆԱՏՕ-ն կրակից շագանակներ է հանում Թուրքիայի համար: Այսպիսով, չնայած Կոսովոյի խնդրում Թուրքիայի մասնակցությանը ՆԱՏՕ-ի կողմում, դժվար ենթադրելի է, որ Հարավսլավիայի դեմ ցամաքային ռազմական գործողությունների ծավալման դեպքում թուրքական զորք կուղարկվի. Թուրքիայի տարածաշրջանային շահագրգռվածությունը չափազանց անմիջական է դրա համար: Սակայն կասկածից վեր է, որ թուրքական որոշ ուժեր գաղտնի օգնում են ալբանացիներին, այլ հարց է, թե թմրաբիզնեսի եկամուտների առկայությամբ ալբանացիներն այդ օգնության կարիքն ունեն արդյոք:
Այստեղ պետք է նկատել նաեւ, որ Բալկաններում Թուրքիայի տարածքային ախորժակները սահմանափակելուն եւ ընդհանրապես, այդ կարգի որեւէ կամային քայլի ձեռնարկումը կանխելուն ուղղված փայլուն խայծ էր քուրդ առաջնորդ Օջալանին երկնագույն սկուտեղի վրա մատուցելը, եւ թուրքերն այդ խայծը կուլ տվեցին ու հիմա մտածում են մարսելու մասին, քանի որ Կոսովոյի ալբանացիների ինքնորոշման իրավունքը շատ բարձրաձայն պաշտպանելը, մեղմ ասած, դիվանագիտական անբարոյականություն է:
Այլ հարց է Ռուսաստան-Թուրքիա-Հարավսլավիա եռանկյունու քննարկումը: Այստեղ արդեն պանթուրքիզմի սպառնալիքը կարող է իսկապես գործի գցվել, քանի որ Ռուսաստանը նաեւ խոշոր մուսուլմանական երկիր է (մուսուլմանների քանակով գերազանցում է Իրաքին), մանավանդ եթե հաշվի առնենք ետխորհրդային Ռուսաստանի աստիճանական թուլացումը եւ պանիսլամիզմը պանթուրքիզմի գաղափարախոսական համատեքստում տեղավորելու՝ իդեոլոգների ճկունությունը: Բավական է հիշել, թե ինչպես էին թուրքական ազգային ուժերը ցնծում ԽՍՀՄ փլուզումից հետո. աշխարհաքաղաքական դարավոր հակառակորդն ընկավ, «գալիս է թուրքերի դարաշրջանը», հայտարարեց հանգուցյալ նախագահ Թուրգուտ Օզալը: Բալկանյան խնդրում միանշանակ պրոսլավոնական կողմնորոշում ընդունելուց առաջ Ռուսաստանը պարտավոր է հիշել իր բազմամիլիոն մուսուլման բնակչության առկայությունը, որի ներկայացուցիչ ժողովուրդները պետականաստեղծ միավորներ են եւ պոտենցիալ անջատողականներ: Բայց այստեղ էլ Չեչնիայի խնդիրն է կապում Ռուսաստանի ձեռքերը:
Մնում է հիանալ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու գաղափարախոսական կատարյալ փակուղու ստեղծման վիրտուոզության մակարդակով եւ ճգնել գոնե հավասար պրոֆեսիոնալության համապատասխան քայլեր մշակելու փորձեր անել՝ մեր տարածաշրջանում հակամարտության հավանական բորբոքման դեպքում երկիրն անիմաստ ռմբակոծություններից ու ավելորդ արյունահեղությունից փրկելու համար:
ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ