Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՍԵՐԲ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՍԵՐԲ ԵՆՔ

Ապրիլ 24,1999 00:00
hetazotutyun

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն

«Ինքդ քո ձեռքով քո վերջը կտաս…»․ Ֆիրդուսի

 

Ապրիլի 23-25-ը հայոց նախագահը Վաշինգթոնում մասնակցելու է ՆԱՏՕ-ի հիսնամյա հոբելյանի արարողությանը, որտեղ առաջին անգամ գերագույն ամբիոնից հնչեցնելու է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Միաժամանակ հայտարարվել է նաեւ, որ նա այդ օրերին հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահի հետ: Ուզում ենք անսահմանորեն վստահել ՀՀ քաղաքականությունը մշակող՝ նախագահին կից համապատասխան կառույցին եւ հավատալ, որ «կալը, կուտը, մամուն հարսնիքը» մեկ անելու մեջ փայլատակելու է հայ դիվանագիտական հանճարի աստղը, եւ Հայոց հարցի ու Ղարաբաղյան խնդրի «յուրօրինակ, ոչ կոնվենցիոնալ լուծման» բանալին մատուցվելու է հակամարտությունների կարգավորման միջազգային սեղան: Իսկապես, շատ կուզեինք հավատալ, որ նորադարձ նախագահն իրոք ընդունել է մկրտության խորհուրդը եւ պատրաստվում է հայոց պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեական Օրենքը ներմուծել քաղաքական ոլորտ՝ ներում շնորհելով մեր թշնամիներին եւ Ղարաբաղի նկատմամբ «պահանջատիրությունը» «նվիրումով» փոխարինելով: Չէ որ հնարավոր չէ խլել այն, ինչ քոնն է, եթե իրոք քեզ է պատկանում: Սա մեզ վեր է բարձրացնում տարածաշրջանային հակամարտության նժարի կարգավիճակից եւ աշխարհին, ո՛չ մեզ, դնում է ընտրության առջեւ: Փոքրիկ ու նվազ Հայաստանը խառնում է աշխարհաքաղաքական կամք թելադրող ուժերի խաղաքարտերը, իսկ նրա նախագահն իր անձի գնով փրկում է իրեն եւ երկու հայ կղզյակները:

Իրավիճակային կառավարման սկզբունքի իմաստը իրավիճակում հայտնվածների համոզվածությունն է, որ իրենց նախաձեռնություններն ու գործողություններն ինքնաբուխ են եւ իրականացվում են սեփական կամքի ու գիտակցության թելադրանքով եւ, որ ամենակարեւորն է՝ գրեթե միշտ արդարացված են ու ճշմարիտ՝ սովորական մարդկային տրամաբանության շրջանակում:

Նման պարագայում կառավարելիության աստիճանը հաղթահարելու միակ ճանապարհը առաջին ռեակցիայի արդարացի մղումը կամքի գերլարումով զսպելն է եւ ընտրության բացակայության պայմաններում խնդրի լուծման տարբերակի որոնումը՝ այլ հարթության մեջ:

Վերջին շաբաթներին քաղաքագետ հայ հասարակությանը, բացի ներհանրապետական նախընտրական եռուզեռից, բավականաչափ անհանգստացնում է Կոսովոյի խնդրում ՆԱՏՕ-ի միջամտության ներկա տարբերակը: Առավել պայծառատեսները, ուղիղ զուգահեռներ անցկացնելով սերբ-ալբանական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունների միջեւ՝ ահազանգում են Ղարաբաղի գլխին կախված վտանգի մասին՝ «Հաջորդը մենք ենք» կամ «Շուտով Ղարաբաղն են ռմբակոծելու»: Սակայն կույր կանխատեսումներից եւ կամ տեսանելի հեռանկարին սպասելուց զատ կարելի է փորձել հասկանալ հարավսլավական ողբերգության ներքին տրամաբանությունը եւ փորձել կանխել իրադարձությունների նման զարգացման վտանգն այստեղ:

Կոսովոյի եւ Ղարաբաղի հակամարտությունների համեմատությունը մեզ համար բավական հետաքրքիր եւ ուսանելի է, քանի որ առաջինի խնդրի կրկնակի երեւույթը մեր դաշտ տեղափոխելով՝ բումերանգի բնույթ է ստանում: Եթե Կոսովոյի ալբանացիներին եւ Ղարաբաղի հայերին ընդունենք որպես նույնական միավոր, որպիսին նրանք ներկայանում են ազգերի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, ապա իրերի տրամաբանությունը հուշում է, որ ՆԱՏՕ-ի հնարավոր ռմբակոծության թիրախն առաջին հերթին Բաքուն է՝ որպես տարածքային ամբողջականությունը պահպանող կողմ: Իհարկե, մինչ այդ հարկավոր կլինի, որ Ղարաբաղում եւս անհայտ պայմաններում հարձակման ենթարկված դիակներ գտնվեն կամ էլ իրադրությունն ապակայունացնող այլ միջադեպեր պատահեն (ներկապնակը երփներանգ է): Մանավանդ որ Ալիեւի իշխանությունն էլ հատկապես չի փայլում օրինակելի ժողովրդավարությամբ: Սակայն եթե համեմատության վեկտորը շրջենք Կոսովոյի եւ Մետոխիայի պատմության եւ այդ մարզերի սերբերին բաժին ընկած ճակատագրի ուղղությամբ, ապա պատմական արդարության վերականգնման, տարածքում տեղաբնակության վիճարկման եւ այդ կարգի այլ նմանությունների արդյունքում Հարավսլավիայի անդրկովկասյան բախտակիցի տեղում Հայաստանն է հայտնվում:

Ինչպես առաջին հայացքից ընտրության հնարավորություն չթողնող, տարածքային ամբողջականության պահպանման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի՝ տրամաբանորեն անհամատեղելի սկզբունքների համակեցությամբ են միայն միջազգային ատյանները տեսնում աշխարհով մեկ ցանված ազգամիջյան հակամարտությունների լուծումը, այնպես էլ տվյալ դեպքում պետք է ակնկալել կշեռքի նժարները հավասարակշռող համընթաց զարգացումներ երկու թեւում էլ: Այս առումով գոնե մեզ համար բավական ակնհայտ եւ նախազգուշացնող պետք է լինի ապրիլի 9-ին «Օրագրում» տպված տեղեկությունն այն մասին, որ Կոնեկտիկուտ նահանգից սենատոր Ժոզեֆ Լիբերմանը հայտարարել է, թե Միլոշեւիչը պակաս վտանգ չի ներկայացնում Սերբիայի համար, եւ սերբական բանակին ու ժողովրդին կոչ է արել՝ ոտքի կանգնել ու տապալել նրա իշխանությունը, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը Սենատին հորդորել է ընդունել մի օրինագիծ, ըստ որի պետբյուջեի պահուստներից 100 մլն դոլար պիտի հատկացվեր Հարավսլավիայում հեղաշրջում իրականացնելու համար:

Թվում է՝ արդարացի կոչ է, մանավանդ՝ սերբ ժողովրդի ցանկությանը հարիր, քանի որ հենց իրենք էին դժգոհում Միլոշեւիչի եւ նրա իշխանության անօրինություններից: Որ Միլոշեւիչն անցել է սահմանը եւ արժանի է հեռացվելու իշխանությունից՝ ճշմարիտ է, եւ ՆԱՏՕ-ի գործողություններն առերես ուղղված են հենց նրա հակաժողովրդավարական ռեժիմի դեմ: Սակայն կա մեկ այլ ճշմարտություն, որ մեր պատկերացմամբ տեղավորվում է բարոյա-էթիկական հարթության մեջ, բայց որը պակաս որոշիչ չէ ընթացիկ քաղաքական զարգացումներում՝ աշխարհաքաղաքական կամք թելադրող երկրների համար. հեղաշրջումը՝ պալատական լինի թե համաժողովրդական, արքայադավություն է, իսկ արքայադավությունը հավասարապես պատժելի է, ինչպես իշխանության չարաշահումն ու ժողովրդավարական համակարգի տապալումը:

Այսպիսով, սերբ ժողովրդին «վատ նախագահից փրկելու» միսիոներական առաջարկն այնքան էլ միանշանակ չէ, եթե հաշվի առնենք, որ երկու դեպքում էլ Բելգրադը ռմբակոծելու արդարացիության ու քավության խնդիրը կա: Մնում է ուրիշի դժբախտության վրա սեփական ճակատագրի մասին համապատասխան հետեւություններ անել:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930