Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՈՒԿՆ ՈՒ ԾԱՌԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԶՈՀ

Ապրիլ 24,1999 00:00
toto

Եթե ձեզ ասեն, որ «ձկան լավ սեզոնին» Սեւանից օրը միայն մեկ ձուկ է ապօրինաբար որսվում, կհավատա՞ք։ Երեւի ավելի շատ կհավատաք շուկաներում ու մայթերին շարված ձկով լիքը արկղերի եւ մոմլաթե տոպրակներով զինված ձկնավաճառների առատությանը։

Եթե ձեզ ասեն, որ Ամանորին կտրվել են այնքան տոնածառացուներ, որքան թույլատրված էր, կարծում ենք, դարձյալ կհավատաք սեփական աչքերին։ Հավանաբար այլեւս կարիք չկա երրորդ՝ վառելափայտի օրինակը եւս բերելու։ Հավանաբար սեփական աչքերին հավատալն է դրդել ՀՀ վարչապետին՝ հանձնարարելու իր վերահսկողական ծառայությանը՝ ստուգելու զանազան նախարարությունների տեսչական ծառայությունները։ Ստուգումների արդյունքները շատ ավելի են եղել, քան պարզապես այդ տեսչական ծառայությունների աշխատանքներում թերություններ հայտնաբերելը։

Այժմ մեր ձեռքի տակ է ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական գործունեության մասին վարչապետի վերահսկողական ծառայության զեկուցագիրը։

Ձեւափոխելով աստվածաշնչյան ասույթը, կարելի է ասել՝ բազում են սխալք, սակավ՝ ընտրյալք։ Այսինքն, այնքան շատ են բացթողումներն ու սխալները, որ դրանք ավելի շուտ որպես օրինաչափություն կարելի է դիտել։ Սակայն գրել բոլորի մասին հնարավոր չէ։ Դրանք, ինչպես նշեց Վերահսկողական ծառայության պետի տեղակալ Մելիք Մելիքյանը, ունեն ե՛ւ սուբյեկտիվ. ե՛ւ օբյեկտիվ պատճառներ։ Առայժմ ձեռնպահ մնալով «սուբյեկտիվներից», փորձենք ներկայացնել «օբյեկտիվները»։

Բնապահպանության ոլորտը վերահսկում է ՀՀ բնապահպանության նախարարության «Հանրապետական բնապահպանական պետական տեսչությունն»՝ իր վեց տարածքային կառույցներով։ Այն, սակայն, առանձին իրավաբանական անձ է եւ նախարարության աշխատակազմի մեջ չի մտնում։ Բացի այս կառույցից, տեսչական գործառույթներ ունեն նաեւ նույն նախարարության «Հայանտառտնտեսություն» ՊՓԲԸ-ի հսկող եւ «Սեւան» ազգային պարկի տեսչական բաժինները։ Այս անհավասարակշիռ եւ համանման գործառույթներով օժտված մի քանի կառույցների դիտարկումները առիթ են դարձել ուսումնասիրության ենթարկելու նախարարության կառուցվածքն ընդհանրապես։

ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում է գտնվում նաեւ «Հատուկ պահպանվող տարածքների վարչությունը», որին ենթակա է «Սեւան» ազգային պարկը։ Վերջինիս կանոնադրությունը, ելնելով նրա՝ հատուկ կարգավիճակից, հաստատում է ՀՀ կառավարությունը։ Մինչդեռ «Հատուկ պահպանվող տարածքների վարչության» կանոնադրությունը հաստատում է ՀՀ բնապահպանության նախարարը։

Քաղաքապետարաններում եւ մարզպետարաններում 1996-ին ստեղծված բնապահպան բաժիններն էլ իրենց համար են գործում, եւ նրանց աշխատանքները չեն համակարգվում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից։ Վարչապետի վերահսկողական ծառայության եզրակացությամբ, այս դեպքում մեղավորը երկակի ենթակայության սկզբունքը մոռացության տալն է։

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ տարբեր տարածքային տեսչությունների կողմից կատարված աշխատանքները խիստ տարբերվում են իրենց ծավալներով։ Օրինակ, 1998-ի ընթացքում որսագողության եւ ձկնագողության փաստերով կազմված ակտերի հիման վրա առգրավվել է 8313 հատ ձուկ, որից 8226-ը «Կենտրոնական», իսկ 87-ը՝ «Արեւմտյան» տարածքային տեսչությունների կողմից։ Այս եւ այլ թվային տվյալների վերլուծությամբ յուրաքանչյուր աշխատակից մեկ տարվա ընթացքում ութ ստուգում է կատարում, հայտնաբերում ինը խախտում։ Նույն վիճակն է անտառահատումների խախտումներ հայտնաբերելու դեպքում։ Այդ հայտնաբերված օրինախախտումների հաշվառումն էլ տարիներ շարունակ չի վերահսկվել, եւ անհայտ է, թե կոնկրետ անձը քանի անգամ է վարչական պատասխանատվության ենթարկվել այս կամ այն օրինազանց արարքի համար։ Մինչդեռ մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի խախտումների համար ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժներ է սահմանել։ Չի վերահսկվում տուգանքների վճարման եւ գանձման գործընթացը։

Գեղարքունիքի տարածքային բնապահպանական պետական տեսչության յուրաքանչյուր աշխատակից, իրենց կազմած ակտերի ընդհանուր քանակից ելնելով, ամսական կազմում է միջին հաշվով 0,1 խախտման ակտ, 0,25 պարտադիր հանձնարարական, իսկ արձանագրությունների քանակն ընդհանրապես տոկոս չի կազմում։

Կենտրոնական տարածքային պետական տեսչությունում հայտնաբերված թերությունների հիմնական մասի պատճառը ՀՀ բնապահպանության նախարարության եւ տարածքային տեսչությունների գործառույթների համակարգման բացակայությունն է։ «Սեւան» ազգային պարկը յուրաքանչյուր ամիս առգրավել է 20-25 հատ ապօրինի որսած ձուկ։

Այս եւ վերը նշված մյուս կառույցները, վերահսկողական վարչության զեկուցագրով անջատ, անկախ, իրարամերժ մարմիններ են, թեեւ ունեն նույն խնդիրներն ու նպատակները։

Այս բոլոր ուսումնասիրությունների հիման վրա վերահսկողական ծառայությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրել է համապատասխան առաջարկություններ։ Այս առաջարկների հիման վրա վարչապետը հանձնարարականներ է տվել ՀՀ արդարադատության, բնապահպանության, ՆԳ եւ ԱԱ, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարություններին՝ բնապահպանության նախարարության եւ տարածքային կառավարման մարմինների բնապահպանական բաժինների գործառույթների համակարգման իրավական փաստաթղթերի, իրավախախտումների գրանցման եւ հաշվառման իրավական կարգը սահմանելու եւ իրագործելու, ՀՀ հարկային տեսչություն վճարվող գումարները վերահսկելի դարձնելու, ՀՀ բնապահպանության նախարարության նոր կառուցվածքի նախագծի մասին։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930