Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենային անվտանգություն մեկ առանձին ագարակում

Ապրիլ 24,1999 00:00
dasht

Արամայիս Մարտիրոսյանի ֆերմերային տնտեսությունը (Արարատի մարզ, ք. Մասիս) ձեւավորվել է 80-ական թվականների վերջերին, երբ հանրապետությունում նոր էր սկսվել կոոպերատիվ շարժումը։

Շրջանում առաջին ֆերմերային տնտեսությունն էր, ուստի բարդ եւ դժվարին էր անցնելիք ճանապարհը։ Սկսել են 40 գլուխ խոշոր եղջերավոր անասունից եւ 20 գլուխ խոզամայրից։ Տնտեսավարման նոր եղանակին անցած ձեռնարկությունը 1990 թ. արտադրել է 50 տ կաթ, 2 տ միս։ Բանջարանոցային եւ հացահատիկի ցանքի տակ էր դրվել 30 հա վարձակալած հողատարածքներ, արտադրվել էր 40 տ կարտոֆիլ, 30 տ բանջարեղեն եւ 35 տ հացահատիկ։ Պատերազմական շրջան էր, ծանր տարիներ, ուստի չդիմացավ կոոպերատիվը, լուծարվեց եւ վերածվեց անհատական տնտեսության։ Անասնագլխաքանակն աստիճանաբար սկսեց նվազել, որի հետ չէր հաշվվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ագարակատերը։

Արամայիս Մարտիրոսյանի տնտեսությունը ներկայումս էլ շարունակում է գոյատեւել, սակայն այս բառն այնքան էլ հոգեհարազատ չէ կյանքով, եռանդով լեցուն այդ մարդուն։ Նշենք նաեւ, որ նա միաժամանակ վարում է Մասիսի քաղաքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնը, ուստի կցանկանար մարզում օրինակելի, ցուցադրական տնտեսություն ունենալ, որպեսզի իր փորձն օրինակ հանդիսանար շատերի համար։ Իսկ դրա համար, նրա խոսքերով ասած, կառավարությունը պետք է լուրջ մոտեցում ունենա, աջակցի աշխատող, գործունյա մարդկանց։

Ֆերմերային տնտեսությունների հզորացման համար պետության կողմից պետք է տրամադրվեն ցածր տոկոսադրույքներով երկարատեւ վարկեր։ Գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որին բոլոր ժամանակներում լրավճար էր հատկացվում։ Պետք է պայմաններ ստեղծվեն գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացման նպատակով։ Այդ դեպքում հանրապետությունն այլեւս չի սպասի դրսից անորակ, էժան եւ մեծամասամբ ժամկետանց սննդամթերքի ներկրմանը։ Կարեւորվում է նաեւ օտարերկրյա հովանավորների աջակցությունն ու տնտեսավարող սուբյեկտների համագործակցությունը նրանց հետ։

Զուգահեռաբար զբաղվում են նաեւ թռչնաբուծությամբ (հիմնականում՝ ճտարտադրություն) եւ ձկնաբուծությամբ։ Ի դեպ, իշխան ձկան բուժման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ անասնապահության ճյուղերի զարգացման գործընթացում կարեւորվում է տոհմային գործի վերսկսումը։ Նշենք, որ տնտեսությունն ունի բոլոր հնարավորությունները սեփական կերարտադրություն ունենալու համար, այդ նպատակով վարձակալած 28 եւ սեփականաշնորհված 4 հա հողատարածքներն ամբողջությամբ մշակվում են։

Ինչ վերաբերում է կաթի իրացմանը, ապա դրա մի մասը վերամշակվում է տեղում (արտադրվում է մածուն, պանիր, կաթնաշոռ եւ այլն), իսկ մյուս մասը հանձնվում է տեղի մանկապարտեզին։ Արտադրանքի իրացումն այդուհանդերձ հիմնախնդիր է, քանի որ չկան նախկին մթերման կայանները, գյուղացին իր արտադրանքի ձեռքը կրակն է ընկնում։ Ո՞րն է ելքը, հիասթափությո՞ւն։

Ագարակատեր Մարտիրոսյանը շարունակում է առաջ տանել տնտեսության գոյատեւման իր կարեւորագույն ծրագիրը, հակառակ դեպքում, ի՞նչ պետք է անի խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված 400 քմ, խոզերի համար՝ 300 քմ տարածքով ֆերմաները, ձկնաբուծության զարգացման համար ստեղծված 240 քմ ջրային մակերեսով լճակները։ Մինչդեռ, բազմաճյուղ տնտեսության զարգացման համար ձեռնարկությանն ընդամենը 50 հազար ԱՄՆ դոլար է հարկավոր։ Ինչո՞ւ չաջակցել, օգնության ձեռք չմեկնել այն մարդուն, որ մի թիզ հողն անգամ չի ուզում թողնել անմշակ, որ ուզում է իր երկրի ժողովրդին իր ստեղծածով կերակրել։ Ինչո՞ւ…

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930